Ամեն մեկը թող իր գլխի ճարը տեսնի

2 հայտարարություն մեջբերենք, որոնք մի ընդհանրություն ունեն. անպատասխանատվություն սեփական հայրենակիցների ճակատագրի նկատմամբ։ Երկուսն էլ արվել են նույն` փաշինյանական ռեժիմի ներկայացուցիչների կողմից: Առաջինն արել է ռեժիմի պարագլուխ Նիկոլ Փաշինյանը՝ 2023 թ․ սեպտեմբերի 21-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել Արցախի նկատմամբ՝ նպատակ ունենալով վերջնականապես ենթարկեցնել Արցախը: «Հիմա, այսօր, այս պահին մեր գնահատականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»,- գրեթե մեկ տարի առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, եւ նրա հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ անց Արցախում այլեւս որեւէ հայ չէր բնակվում: Փաշինյանն արցախցիներին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ուզում էր համոզել, որ հրադադարի պայմանավորվածությունը պահպանվում է, եւ արցախցիները կարող են հանգիստ լինել իրենց անվտանգության համար` շարունակելով ապրել իրենց բնակարաններում: Այս հայտարարության իրական իմաստն այն էր, որ Հայաստանի իշխանությունը չէր ցանկանում պատասխանատվություն ստանձնել արցախցիների ճակատագրի համար, Փաշինյանը վախենում էր, որ Արցախից Հայաստան տեղափոխված մարդիկ կարող են վտանգ սպառնալ իր իշխանությանը: Նա կարողացավ հաղթահարել այդ վտանգը, արցախցիների մի մասը զոհվեց Արցախում՝ դառնալով ահաբեկչության զոհ, մի մասն անհետ կորավ, Հայաստան եկածների մի մասը հեռացավ Հայաստանից եւ շարունակում է հեռանալ, մյուս մասը վախենում է բողոքել, քանի որ կարող է զրկվել սոցիալական աջակցությունից:
Երկրորդ հայտարարության հեղինակը Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանն է: Իսրայելի կողմից Լիբանանին հասցվող հարվածների ֆոնին, որին զոհ են դարձել հարյուրավոր, գուցե հազարավոր մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներ, նա, խոսելով լիբանանահայերին սպառնացող վտանգի մասին, ասել է. «Իսրայելի կողմից Լիբանանում իրականացվող ռազմական գործողությունների հետեւանքով տուժածների շրջանում հայեր չկան։ Լիբանանի հայաբնակ շրջաններն այս պահին անմիջականորեն վտանգված չեն, ուստի ներկայում տարհանում կազմակերպելու կարիք չկա»։ Լիբանանում, տարբեր հաշվարկներով, ապրում է մոտ 30 հազար հայ: Միջերկրական ծովի ափին գտնվող այդ երկիրը չափազանց փոքր է, ավելի փոքր, քան Արցախի Հանրապետությունն էր, երկրի տարածքը մոտ 10 հազար քառակուսի կիլոմետր է: Սա Սովետական Միություն չէ կամ Ռուսաստանի Դաշնություն, որ մի քանի միլիոն քառակուսի կիլոմետր տարածք է զբաղեցնում, որ երկրի մի ծայրից մյուսը 10 հազար կիլոմետրից ավելի լինի, երկրի մի կողմում պատերազմ լինի, մյուս հատվածում` խաղաղ կյանք: Լիբանանի, Հայաստանի նման փոքր երկրներում չեն կարող լինել վտանգավոր եւ անվտանգ գոտիներ, այս պահին զոհեր չկան, բայց մի քանի օր հետո կարող են լինել: Իսրայելն առայժմ ռմբակոծում է հիմնականում շիա մահմեդականներով բնակեցված տարածքները՝ ցույց տալու, որ իր կռիվը ոչ թե Լիբանանի, այլ «Հզբոլլահ» շիա խմբավորման դեմ է: Հետո Իսրայելը հայտարարեց, որ չի սահմանափակվելու հրթիռային եւ ավիահարվածներ հասցնելով, եւ սկսել է ցամաքային գործողություն` ներխուժելով Լիբանանի տարածք: Թե որքան առաջ կգնան Իսրայելի բանակի ուժերը, դժվար է կանխատեսել, մի բան պարզ է, որ պատերազմն արագ ավարտ չի ունենա, հումանիտար ճգնաժամը կխորանա:
Հայաստանի դեսպանը Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, խուսափել Լիբանան այցելությունից, իսկ լիբանանահայերի համար վտանգ չի տեսնում: Բայց իսրայելական ռումբերը որքան էլ խելացի լինեն, ընտրություն չեն կատարելու Հայաստանի եւ Լիբանանի քաղաքացիների միջեւ: Ինչո՞ւ, ուրեմն, Հայաստանի իշխանությունը չի կազմակերպում Լիբանանի հայ քաղաքացիների տարհանումը. չէ՞ որ նրանց թիվը, ինչպես նշեցինք, այնքան էլ մեծ չէ, ընդամենը 25-30 հազար: Մանավանդ որ նրանք վտանգ չեն ներկայացնելու Փաշինյանի իշխանության համար, չեն կարող Փաշինյանին մեղադրել դավադրաբար Լիբանանն Իսրայելին հանձնելու կամ վճռական պահին իրենց անպաշտպան թողնելու մեջ: Պատասխանը նույնն է. Հայաստանի իշխանությունն իրեն պատասխանատու չի զգում այդ մարդկանց նկատմամբ, թեեւ նրանք միշտ եղել են Հայաստանի կողքին՝ նրա դժվար եւ նեղ օրերին:
Տարհանում կազմակերպելու համար Հայաստանը պետք է ֆինանսական միջոցներ ծախսի. Լիբանանը Հայաստանի հետ սահման չունի, նույնիսկ Լաչինի միջանցք չկա, որ արցախցիների նման իրենց մեքենաներով գան Հայաստան, պետք է Բեյրութի հետ օդային կամուրջ հաստատել, ինքնաթիռներ են պետք՝ լիբանանահայերին Հայաստան տեղափոխելու համար: Մի ժամանակ Լիբանանի հայ համայնքն ամենամեծաքանակն էր`250-300 հազար մարդ, ամենահարուստն ու ազդեցիկը, բայց 1975 թվականից սկսած, 15 տարի տեւած քաղաքացիական պատերազմի արդյունքում գաղութն աստիճանաբար փոքրացավ՝ կրճատվելով մոտ 10 անգամ: Ամենահարուստներն ու ապահովվածները հեռացել են, Լիբանանում մնացել են հիմնականում մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն տեղափոխվել Եվրոպա, Կանադա կամ Միացյալ Նահանգներ, տնտեսական ճգնաժամի պատճառով փողը` ֆունտը, արժեզրկվել է, բանկերը սնանկացել են, մարդիկ նույնիսկ իրենց ունեցածը չեն կարողանում վաճառել, ինչպես Սիրիայի` Հալեպի դեպքում կան ներքին ուժեր, որոնք դեմ են տարհանման կազմակերպմանը:
Եթե Հայաստանի իշխանությունն այնքան բանականություն եւ պատասխանատվություն ունենար, որ կազմակերպեր արցախցիների տարհանումը, հնարավոր կլիներ խուսափել ողբերգություններից, զոհերից, այդպես էլ Լիբանանի դեպքում` երբ հայ մարդիկ դառնան օտար պատերազմի զոհը, ՀՀ իշխանությունը հերթական անգամ կարձանագրի, որ ինքը դրա համար որեւէ պատասխանատվություն չի կրում, քանի որ իրեն խորթ է պատասխանատվության զգացումը:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ