«Հրապարակ». Ինչո՞ւ են անգործ թողել ՔՊ-ին հավատարիմ Սերգեյ Ատոմյանին

«Հրապարակ». Ինչո՞ւ են անգործ թողել ՔՊ-ին հավատարիմ Սերգեյ Ատոմյանին

ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը մեկ ամսից ավելի է՝ պետ չունի։ Օգոստոսի 5-ին ծառայության պետի պաշտոնից ազատվեց Սերգեյ Ատոմյանը, ով այս պաշտոնին նշանակվել էր 2023-ի հունվարին: Նրա ազատման պատճառների մասին հրապարակումներ եղան, թե ազատվել է այն պատճառով, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար կալանավայրից դուրս եկած Դավիթ Տոնոյանին թույլ են տվել տեսակցել մոր հետ: Սակայն «Հրապարակ»-ի հետ զրույցում նա ասաց, որ աշխատանքից դուրս է եկել սեփական դիմումի համաձայն, այս պահին գտնվում է գյուղում, հանգստի մեջ, մեկ-մեկ էլ հողագործություն է անում։ Մենք մի քանի հարց ուղղեցինք նրան:

- Օգոստոսի սկզբին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ազատվեցիք Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից, ինչո՞ւ, ի՞նչն էր պատճառը, հիմա որտե՞ղ եք, ի՞նչ պաշտոն եք զբաղեցնում։

- Որեւէ պաշտոն չեմ զբաղեցնում, առաջարկ չի եղել, որեւէ քննարկում չկա, հիմա հանգստանում եմ։ Իմ կամքով եմ դիմում գրել` դուրս եկել, պատճառ չկա, ուզում էի հանգստանալ։

- Երկու տարի Դուք կառավարեցիք կալանավայրերը, ի՞նչ օգուտ տվեցիք, ըստ Ձեզ, պետությանը։ 

- Իմ կառավարման 2 տարվա ընթացքում շատ մեծ աշխատանք է կատարվել, բարելավվել է քրեակատարողականների վիճակը։ Վերջին 10 տարին վերցրած՝ մենք 2 անգամ ավել գործ ենք արել։ Բարելավել ենք կալանավորների բարոյահոգեբանական վիճակը, օբյեկտիվ գնահատվել են նրանց աշխատանքներն ու ներկայացվել պայմանական վաղաժամկետ ազատման։ 

- Դրական եք ներկայացնում կալանավայրերի վիճակը, բայց հասարակությունը պիտի գնահատի այդ դրականը` հաշվի առնելով խաղամոլության, թմրաշրջանառության աճը, դատապարտյալների նկատմամբ ճնշումների ու ոտնձգությունների դեպքերի փաստացի թվերը։ Մայրն անչափահաս դստեր նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական բռնություն էր գործադրել, նկարահանել եւ ուղարկել էր կալանավորված ամուսնուն։ Ինչպե՞ս է հաջողվում դատապարտյալներին՝ սմարթֆոն հեռախոսներ օգտագործել, ճի՞շտ է, որ ՔԿՀ-ների պետերն ու աշխատակիցները գումարի դիմաց համագործակցում են դատապարտյալների հետ․ այս արատի դեմ կարողացա՞ք պայքարել։

- Լսել եմ այդ դեպքի մասին, բայց այդ ժամանակ այլեւս չէի աշխատում։ 

- Ձեր պաշտոնավարման ժամանակ է իր իսկ դստեր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար դատապարտված Թաթուլ Մադաթյանը սմարթֆոն հեռախոս ունեցել։

- Իմ աշխատած տարիներին ամենօրյա ռեժիմով պայքարել ենք բջջային հեռախոսներ պահելու դեմ։ Դատապարտյալներին, օրենքով, զանգի հնարավորություն է տրվում։ Բջջային հեռախոսների դեմ պայքարի մեթոդներ ենք մշակել, ամեն օր 10-20 հեռախոս է դուրս բերվում ՔԿՀ-ներից։ Իհարկե, մեծ խնդիր են հեռախոսները, անգամ խլացուցիչներ ենք տեղադրել։

- Իսկ Ձեզ հաջողվե՞ց կանխել խաղամոլության դեպքերը․ հայտնի փաստ է, որ դատապարտյալների մեծ մասը, կամա թե ակամա, դառնում է, այսպես ասած, «ղումար խաղացող» եւ պարտադրում է ընտանիքի անդամներին՝ մեծ գումարներ փոխանցել կալանավայր։

- Այո, Դուք ճիշտ եք, դրանք արատ են ՔԿՀ-ներում, մարդ թեկուզ անզգույշ հանցագործության համար հայտնվում է կալանավայրում, սպասում է՝ պատիժը կրի, դուրս գա, ու ինչ-որ մեկը նրան ներքաշում է խաղի մեջ։ Միանշանակ, պիտի կանխվի սա, մենք պայքարել ենք, որ նվազագույնի հասնեն դեպքերը։ Խուզարկություններ ենք արել, պատիժներ սահմանել, քրեական ենթամշակույթ կրող անձանց նկատմամբ գործեր ենք հարուցել։

- Արդարադատության ոլորտում շշուկներ են պտտվում, թե Ձեր պաշտոնավարման ժամանակ կաշառքի դեպքեր են բացահայտվել, ինչն էլ հանգեցրել է Ձեր պաշտոնանկությանը։

- Բացառվում է, որ նման բան լիներ։ Քրեակատարողական ծառայությունում 2 հազարից ավելի աշխատակից կա, հնարավոր է՝ ինչ-որ մեկը փորձի նման բան անել, ես բոլորի փոխարեն չեմ կարող պատասխան տալ։

- Գումարի դիմաց ՔԿՀ-ի աշխատակիցները թմրանյութ, հեռախոս են անցկացնում կալանավայր, դա կոռուպցիա չէ՞։

- Եթե ինչ-որ մի աշխատակից նման սրիկայություն է անում, բռնում եւ պատժում ենք։ 2022-ի ընթացքում 30-ից ավելի աշխատակից ազատել ենք պաշտոնից։ Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ անուններ չեմ կարող տալ։ 

- Այնուամենայնիվ, լինելով ՔՊ-ին այդքան հավատարիմ, վիրավորված չե՞ք Նիկոլ Փաշինյանի հրամանից՝ անգործ մնացիք։

- Չէ, իհարկե, որովհետեւ իմ դիմումի հիման վրա եմ դուրս եկել։ 

- Եթե կամավոր է, ներեցի՞ն հեռանալու համար։

- Ներելու բան չկա, ես ասել եմ, որ ուզում եմ ազատվել աշխատանքից, ըմբռնումով են մոտեցել։ Հիմա ուզում եմ հանգստանալ։ Եթե քաղաքական ղեկավարությունը որոշի ինձ նոր գործի առաջարկ անել, կմտածեմ այդ ուղղությամբ։