Նախարարին ակնհայտ կեղծ թվեր են ներկայացնում՝ թող դրանով զբաղվի

Նախարարին ակնհայտ կեղծ թվեր են ներկայացնում՝ թող դրանով զբաղվի

Հուլիսի 3-ի կառավարության նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ 2020 թվականին հիմնվելու է 650 «Արմաթ» լաբորատորիա։ Բայց դեկտեմբերի 30-ին «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նամակ է ստանում նախարարից, որ «Արմաթի» հարցը կքննարկվի 2021 թվականի բյուջեում։ Սա նշանակում է, որ, փաստորեն, ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորումը դադարեցվում է։

Կարեն Վարդանյանը բարձրաձայնում է այս մասին, հայտնելով, որ նախարարի շրջապատում կան մարդիկ, որոնք սաբոտաժի են ենթարկում Հայաստանի ՏՏ ոլորտի համար կարեւորագույն գործը՝ ինժեներական լաբորատորիաների ցանցի ստեղծումն ու զարգացումը Հայաստանով մեկ։ Իր այս ելույթի համար Կարեն Վարդանյանը երեկ արժանացավ նախարարի «շշպռոցին»,  սպառնալիքներին, իր հասցեին անպարկեշտ արտահայտությունների։
Կրթության, գիտության եւ մյուս «բաների» նախարար Արայիկ Հարությունյանի «գործընկերների» շրջանում կան այնպիսիք, ում հետ նախարարն աշխատում է անձամբ, եւ կան այնպիսիք, որոնց հետ նա «լայաղ» չի անում շփվել ու նրանց հրապարակային ելույթներին 16 տարեկան նեղացած երեխայի նման արձագանքում է սոցցանցերում։ Չնայած այն, ինչ բարկացած նախարարը երեկ գրեց սոցցանցում ՏՏ ոլորտի գիտակ, բարձր պրոֆեսիոնալ Կարեն Վարդանյանի մասին, հասարակ արձագանք չէ, այլ ստախոսության մեղադրանք ու հարձակում։

Նախարարը կցել է սոցցանցի իր էջին Կարեն Վարդանյանի հարցազրույցը lratvakan.am կայքին ու սպառնալից գրառում է արել․ «Այսպիսի հայտարարություն է անում մի մարդ, ում կազմակերպությունն ընդամենը վեց աշխատանքային օր առաջ ստացել է ավելի քան 800 միլիոն դրամի վերջին գումարները երեք մարզում 284 նոր լաբորատորիա ներդնելու համար, ով իր լավագույն երազում չէր տեսնի լաբորատորիաների թվի կրկնապատկում ընդամենը չորս ամսում: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հարգելի անդամներ, ձեր գործընկերոջ շարունակական նման պահվածքը ձեզ այլեւս անվստահելի գործընկեր է դարձնում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համար»: Նախարարը հիշեցնում է, որ 2019-ին ինժեներական լաբորատորիաների բյուջեն կազմել է 352 միլիոն դրամ, ապա 2020-ին՝ 671 միլիոն: Իսկ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը շեֆի գրառումը «քաշել» է իր «պատին» ու գրել, որ շեֆը ճիշտ է ասում․ ««Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը չի դադարեցվել, սա բացարձակ սուտ է»։ Ու վերջում՝ «восклицательный знак»։

Նա ու շեֆն իրականում շատ հարցերի պետք է պատասխանեին։ Եվ հիմնականն այն է, թե ինչու չի կատարել իր խոստումը, ինչն է պատճառը, որ «Արմաթի» ֆինանսավորման հարցերը «բրթել» է 2021 թվական, ինչի վրա է ծախսելու այն փողը, որի հարյուրապատիկը գոյանում է մեր ՏՏ ոլորտում։ «Արմաթի» ստեղծողը պնդում է, որ ծրագրից հետ ընկնելու պատճառով պետությանը հասցվում է տարեկան 10 մլրդ դրամի վնաս։

Ի գիտություն ընթերցողի, «Արմաթ» ծրագրով Հայաստանի մարզերում ՏՏ գերժամանակակից հաստատություններ են հիմնում ու աշխատեցնում՝ ինժեներային խմբակներից մինչեւ անօթեւան սարքեր արտադրող լաբորատորիաներ։ Անցյալ տարվա մայիսին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը  ծրագիր է ներկայացրել, որի մեջ մտնում է «Արմաթի» սարքավորումների տեղադրումը բոլոր դպրոցներում, մշտական խմբակավարների վերապատրաստումը, մարզային համակարգողները, տարեկան 4 մրցույթների, այդ թվում անօդաչու սարքերի առաջնությունը, երեխաներին ճամբարներ տանելը, միջազգային մրցույթի կազմակերպումը Հայաստանում, անօդաչու թռչող սարքերի լաբորատորիայի ներդրումը, որն այդ սարքերին տիրապետող տարեկան մոտ 1800 զինվոր կապահովի բանակին, եւ այլն։ 6 տարում կառավարությունը ներդնելու է մոտ 20 մլրդ դրամ եւ 80 մլրդ դրամ հարկ է ստանալու։ Պետության մաքուր շահույթը կազմելու է 60 մլրդ դրամ։ Եթե, իհարկե, ամեն ինչ բարեհաջող ընթանար, ու ՏՏ ոլորտը գերակա համարող կառավարիչները վեր կանգնեին անձնական համակրանք-հակակրանքներից «գործընկերների» նկատմամբ ու կատարեին իրենց պարտավորությունները։

Կարեն Վարդանյանին հարցրինք, թե ինչու ինքը հաշվի չի առնում, որ Արայիկ Հարությունյանն «Արմաթին» 6 օր առաջ 800 մլն դրամ է տվել։ «Սուտ է ասում, մենք ստացել ենք 4 ամիս առաջ 837 մլն դրամ։ Այդ գումարը տրվել է, 284 լաբորատորիա է ստեղծվել։ Եթե 6 օր առաջ է տվել, թող իր էջում դնի այդ գումարի հանձնարարականը, ֆինանսական փաստաթուղթը»։ Նա գրում է, որ դուք երբեւէ 4 ամսում այդքան գումար չէիք տեսել։ «Ի՞նչ անենք, չէինք տեսել։ Մեր պետությունն է, մենք հարկ ենք տալիս, մենք մեր հարկերն օգտագործում ենք։ Մեր ոլորտը, ասենք, վերջին տարում մոտ 400 մլն դոլար է տվել բյուջեին։ Հիմա 2-2,5 մլն դոլար իրավունք չունի՞ իր կադրերի պատրաստման համար օգտագործել։ Բա ինչի՞ վրա է ծախսելու այդ գումարը»,- մեկնաբանում է Վարդանյանը։
Ըստ նրա, ոլորտի նկատմամբ անտարբերություն է տիրում։ «Իրենք կարող են իրենց հաշվարկներն անել, կանչել ինձ, ասել, որ այսքան կարող ենք տրամադրել, այսքանը չենք կարող, բայց տարեվերջին դրեցին փաստի առաջ։ Ու ամենատխուրն իր մեկնաբանության մեջ այն է, որ նա միությանը շանտաժ է անում։ Ես դա հասկանում եմ այսպես՝ որ եթե այդ տնօրենին չհանեք, մենք ձեզ հետ չենք համագործակցի։ Ամոթ է ուղղակի։ 2 տարի է, մեր միության անունը փոխված է, այն կոչվում է առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, ոչ թե ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն։ Նախարարը նույնիսկ մեր անունը չգիտի։ Դա անլուրջ մոտեցում է, դրա համար էլ իրեն սխալ թվեր են տալիս ու ինքը տակը ստորագրում է»։ Դեկտեմբերի 27-ի մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը թղթից կարդաց, որ տարեսկզբին  ունեինք 400 «Արմաթ» լաբորատորիաներ, իսկ Կարեն Վարդանյանը նրան ուղղեց, ասելով․ «Պարոն նախարար, դուք սխալ թվեր եք կարդում, լաբորատորիաները մոտ 200-ն են»։

«Նախարարին ակնհայտ կեղծ թվեր են ներկայացնում։ Կարծում եմ, գրեթե բոլոր մակարդակներում է այդ սաբոտաժը, իրենք իրենց նախարարության ներսում ունեն պրոբլեմ։ Փոխանակ զբաղվի այդ սաբոտաժով, ասում է՝ «Сам дурак»»,- եզրակացնում է Կարեն Վարդանյանը։ Կառավարությունն «Արմաթին» վերաբերող հարցերին, ըստ Կարեն Վարդանյանի, անլուրջ է վերաբերվում։ Նա աբսուրդ իրավիճակ է նկարագրում․ նամակ է ստացել, որ նախարարությունը հարցում է անում «Արմաթի» վերաբերյալ 7-8 կազմակերպությունների, որոնք իրենց գնահատականներն են տալիս։ 90 տոկոսը դրական է գնահատում, բայց մեկը, օրինակ՝ Մանկավարժական համալսարանը, որտեղ «Արմաթը» խմբակ ունի, կարծիք է գրում, թե ինչու են գյուղերում համակարգչային տերմինները հայերեն թարգմանած սովորեցնում, ոչ թե անգլերենով։ «Գյուղերում անգլերեն լավ չգիտեն, եւ այս փուլում մենք սա արդարացված ենք համարում»,- բացատրում է Վարդանյանը։ Ստանալով կարծիքները, նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրում, որ բոլոր կարծիքները ներդրվեն, այն դեպքում, երբ կարծիքները հակասական են։

Եվ ահա այս ամենին նախարարն ու իր «սթաֆը», առանց հարցերում խորանալու, պատասխանում են մեկ բառով․ «Սուտ է»։ Ի դեպ, չար լեզուներն ասում են՝ այս ոլորտում նախարարը նախընտրելի «պարտնյոր» ունի՝ Կարեն Վարդանյանի դեմ դեմարշը դրանով է բացատրվում։