Եթե չլինեին «Ա1+»-ի ու «Հ2»-ի ամբիցիաները, այսօր կհեռարձակվեին․ Տ․ Հակոբյան

Եթե չլինեին «Ա1+»-ի ու «Հ2»-ի ամբիցիաները, այսօր կհեռարձակվեին․ Տ․ Հակոբյան

Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց թվեր ու տվեց քաղաքական գնահատականներ, անգամ անկեղծացավ՝ ճնշումներ լինում են իշխանություններից։

Նախ անդրադարձավ նախորդ տարվա աշխատանքներին՝ ասելով․ «Նախորդ տարին որպես լավ բնութագրել հնարավոր չէ, մեր նորագույն պատմության ծանրագույն տարիներից էր, սակայն հանձնաժողովը բավականին մեծ գործ է արել, և փորձել ենք այնպես կազմակերպել աշխատանքները, որ ոչ համաճարակը, ոչ պատերազմը չազդի հանձնաժողովի արդյունավետության վրա։ Եվ կարծում եմ՝ ինչ-որ չափով հաջողվել է։ Ընդունվել է «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքը, որը, իհարկե, իդեալական չէ, ցանկացած օրենք արտահայտում է ընդամենը այսօրվա իրավիճակի առաջնությունները, սակայն այն շատ ավելի ազատական է հեռարձակող կազմակերպությունների համար, որովհետև ազատականացվել է ռադիոհեռարձակման բնագավառը։ Եթե առաջ օրենքով սահմանափակում կար ռադիոյի քանակի, ապա այսօր Հայաստանը FM տիրույթում որքան ազատ հաճախականություն ունենա, ապա ցանկացած հեղինակազորված կազմակերպություն կարող է դիմել և ստանալ ռադիոլիցենզիա»:

Փետրվարին հանձնաժողովը կհայտարարի ռադիոհաճախականությունների մրցույթ։

Տիգրան Հակոբյանը նկատեց, որ ազատականացվել է մասնավոր մուլտիպլեքսի դաշտը։ Ասաց, որ եթե հին օրենքով հնարավոր էր բացել միայն հանրապետական ծածկույթի մուլտիպլեքս, ինչը մեծ ներդրումներ էր պահանջում, նաև դրված էր սոսկալի մեծ պետտուրք (100 միլիոն դրամ միայն տարեկան տուրքն էր), ապա նորով, երբ ԱԺ-ն փոփոխություններ կմտցնի «Լիցենզավորման մասին» օրենքում, ինչով 50-60 անգամ այդ տուրքը կպակասի։ Նաև առանձին մարզերում մասնավոր մուլտիպլեքսների կառուցման հնարավորություն կստեղծվի։ 

Հիշեցնենք, որ օրերս կայացած լիցենզավորման մրցույթի արդյունքում «Հ2»-ը զրկվեց հանրապետական հեռարձակման իրավունքից, ինչպես նաև՝ «Արմնյուզը», 5-րդ ալիքը», որոնցից վերջին երկուսը հեռարձակվում են միայն մայրաքաղաքային ծածկույթում։ Ինչը և հենց ամենասկզբից կանխատեսվում էր։ Ինչպես նաև այն, որ նույն այդ հանձնաժողովի ղեկավարը «Հ1-ի» տնօրենի մրցութային հանձնաժողովի կազմում՝ այս պաշտոնում կընտրի հանրահայտ ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար Հովհաննես Մովսիսյանին։ 

Տիգրան Հակոբյանը, բնականաբար, ասաց, թե անցկացրել են առավելագույնս թափանցիկ ու արդար մրցույթ, որի արդյունքում լիցենզիա են ստացել մրցունակ և լավ ծրագիր ներկայացրած տնտեսվարողները։

«Պետք է հավաստիացնեմ, որ որևէ ճնշում, իսկ դրանք լինում են ոչ միան իշխանությունից, այլ տարբեր շահագրգիռ կողմերից, քաղաքական ուժերից, հանրային սեկտորից, ֆինանսատնտեսական խմբավորումներից։ Այս անգամ որևէ նման ճնշում չի եղել»,- անկեղծանալու տպավորոթյուն թողեց Տիգրան Հակոբյանը։

Նրան հարց ուղղվեց՝ 20 տարի առաջ էլ «Ա1+»-ը լիցենզիա չստացավ, հիմա էլ ծրագիրը փաստացի «թույլիկ» է գնահատվում։  Տիգրան Հակոբյանն ի պատասխան ասաց․ «Ուզում եմ, որ բոլորս հասկանանք, որ եթե անցկացվում է մրցույթ, և մասնակիցներն ավելի շատ են, քան այն փքաբլիթը, որի համար պայքարում են, լինում են պարտվողներ ու հաղթողներ։ Մրցույթի ողջ կոնցեպտը սա է։ Բայց ես պետք է նորից ուղղեմ հարց տվողին, որ այս անգամ ողջ կոնցեպտը, ծրագիրը, մեթոդաբանությունը այլ էր։ Ոչ թե տարբեր հաճախություների համար էին պայքարում հեռուստաընկերությունները»: ՀՌՀ նախագահը հստակեցրեց, թե ոչ «Ա1+»-ը, ոչ «Հ2»-ը լիցենզիայից չեն զրկվել, լիցենզիայից զրկվել են այն հեռուստաալիքները, որոնք չեն հաղթահարել միավորների մինիմալ շեմը։

Այսինքն, Հակոբյանի խոսքով՝ «երկուս չեն ստացել», չեն կտրվել, պարզապես երկուսն էլ հնարավորություն ունենալով մասնակցել մայրաքաղաքային սլոթների բաշխմանը՝ հրաժարվել են երկրորդ հայտով նշել մայրաքաղաքային ծածկույթ։ Մինչդեռ հավաքել էին բավարար գնահատականներ, որպեսզի այսօր հեռարձակվեին մայրաքաղաքային ծածկույթում։

«Եթե չլինեին ամբիցիաները, չլինեին միգուցե սխալ հաշվարկները, այսօր այդ հնարավորությունը կունենային»,-մեկնաբանեց Հակոբյանը։ 

Նրա խոսքով, այս երկու հեռուստաընկերությունները, սակայն, տարբեր մոտիվացումներ են ունեցել։ 

««Ա1 պլյուսը», և, ցավոք, նրա ղեկավարի ելույթներում այդ գիծը հնչում է, և ես մի քանի անգամ ասել եմ, որ կիսելով հանրության մեծամասնության այն կարծիքը, որ «Ա1+»-ը ժամանակին լինելով անկախ, որակյալ հեռուստատեսություն, անարդար կերպով զրկվել էր լիցենզիայից։ Սա միանշանակ է։ Եվ նրա ղեկավարի ելույթներում հնչում էր այն միտքը, որ հաշվի առնելով անցյալը՝ այսօր կարելի էր քաղաքական որոշում ընդունել և հաշվի առնելով նախկին անարդարությունները՝ տրամադրել այդ սլոթը, ինչն անընդունելի է որպես փիլիսոփայություն»։

Տիգրան Հակոբյանը հստակեցրեց՝ «Ա1 պլյուսի» ծրագիրը հանրապետական ծածկույթի համար թույլ էր։ Նույն գնահատականը Տիգրան Հակոբյանն ունի «Հ2»-ի մասին։

Չհավատացողներին կոչ արեց անցկացնել աուդիտ։

Նախորդ տարի հանձնաժողովը ստացել է հեռուստատեսությունների մշտադիտարկման նոր համակարգ, որը շատ էֆեկտիվ հնարավորություններ ունի։

Քովիդի և պատերազմի պայմաններում հանձնաժողովը բավական մեծ չափերի վարչական տույժեր է կիրառել գովազդի մասին օրենքի խախտումների, եթերում օրենքով արգելված բովանդակություն սփռելու համար։ Սրանցում ներառված են նաև բռնության կոչերը։