Հանրաքվեն չեղարկելու նախագիծը հակասահմանադրական է, ընդդիմադիրները կվիճարկե՞ն ՍԴ-ում

Հանրաքվեն չեղարկելու նախագիծը հակասահմանադրական է, ընդդիմադիրները կվիճարկե՞ն ՍԴ-ում

Չնայած Հայաստանում, ինչպես վարչապետը հայտարարեց, ծայրահեղ ծանր իրավիճակ է կորոնավիրուսի երկրորդ ալիքով պայմանավորված, սակայն հայրենի իշխանականների ուշքն ու միտքը Սահմանադրական դատարանն է եւ իշխանության կողմից հորինված «ճգնաժամի» հանգուցալուծումը։ Մեկուկես տարի է մենք տեսնում ենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին  գահընկեց անելու խնդիրը դարձել է երկրի թիվ մեկ հարցը, բայց իշխանության ճիգերը ոչ մի արդյունքի չեն հասնում։ էլ ՍԴ դատավորներին կաշառքի մասին օրենք մոգոնեցին, էլ ուժայիններով տեռորի ենթարկեցին Թովմասյանին ու նրա մերձավոր-բարեկամներին, խուզարկություններ արեցին նրանց բնակարաններում, ձերբակալություններ սանիկների  շրջանում։ Թվում էր, թե վերջապես գտել էին լուծումը, եւ սահմանադրության մի շարք ընթացակարգային խախտումներով ընդունեցին հանրաքվե անելու որոշում, որպեսզի ժողովրդի վրա դնեին՝ Թովմասյանին եւ վեց դատավորներին տուն ուղարկելու գործը։ Վարչապետը նույնիսկ սկսել էր Այո-ի «հաղթարշավը», քարոզարշավ էր իրականացնում, բայց  վրա հասավ կորոնավիրուսը եւ թերեւս դարձավ իշխանության փրկօղակ։ Երկրում հայտարարվեց արտակարգ դրություն եւ այդ ռեժիմն արդեն երկու անգամ երկարաձգվում է։

Երբ մենք գրում էին, որ արտակարգ ռեժիմի երկարաձգման հիմնական պատճառը հանրաքվեի հետաձգումն է, քանզի իշխանությունում հասկացել են, որ անգամ այդ եղանակով չեն կարողանալու ազատվել Թովմասյանից, չեն կարողանալու ապահովել մոտ 650 հազար քվե, իշխանականները փրփրաբերան հերքում էին, թե հանրաքվեն կապ չունի արտակարգ դրության երկարացման հետ։

Այսօր իշխանության քայլերը հաստատում են ասվածի ճշմարտացիությունը։ Նրանք խորհրդարան են բերել «Հանրաքվեի մասին օրենքում» փոփոխությունների նախագիծ եւ առաջարկում են հնարավորություն տալ խորհրդարանին չեղարկելու հանրաքվեի որոշումը։

Հիշեցնենք, որ Սահմանադրությունը չի նախատեսում նման հնարավորություն եւ եթե որոշումն արդեն ստորագրվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից, ապա այն պետք է կայանա։ Նախագիծի վերաբերյալ թեժ քննարկում ծավալվեց խորհրդարանում, ընդդիմադիրները հորդորում էին իշխանականներին օրումեջ իմպրովիզներ չանել այս թեմայով, այն էլ՝ համավարակի այս օրերին, երբ երկրում հազար խնդիր կա։ Հորդորում էին կորոնավիրուսի վտանգն անցնելուց հետո անպայման անցկացնել հանրաքվե, թեկուզ այս գործընթացն էլ է հակասահմանադրական, հանրաքվեի որոշումը ՍԴ եզրակացությանը չի արժանացել, Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական գնահատականը չի ստացել, բայց ընդդիմադիրներն ասում էին՝ միեւնույն է, այն պետք է տեղի ունենա եւ ժողովրդի կամարտահայտմամբ հարցը լուծվի, ոչ թե այսօր հանրաքվեի որոշումը չեղարկելու հնարավորություն տրվի ԱԺ-ին, որ վաղը մյուս օրն ինչ-որ հակաօրինական նախագիծ բերեն եւ կապեն խորհրդարանի ջանին։ Ինչպես հայտնի է՝ իշխանությունները դիմել են իրենց կողմից այդքան քննադատված Վենետիկի հանձնաժողով ՍԴ հարցի հանգուցալուծումը ԱԺ-ում կազմակերպելու հարցում խորհրդատվություն ստանալու համար։ Եւ այսօրվա փոփոխությամբ, ըստ էության, հող է նախապատրաստվում, որպեսզի հարցի լուծումը խորհրդարանում տրվի։

Հանրաքվեն չեղարկելու համար իշխանության ներկայացրած օրենսդրական նախագիծը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի անդամ Ռուբեն Մելիքյանի խոսքով հակասահմանադրական է։ «Ազգային ժողովը, փաստորեն, համաձայն այս նախագծի, ինքն իրեն հնարավորություն է տալիս Հանրապետության նախագահի կողմից նշանակված հանրաքվեն չեղարկել», ասաց Մելիքյանը՝ հիմնավորելով․«Գործադիր մարմինները լիազորված են կատարել գործողություններ, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ եւ օրենքներով, ընդգծում եմ՝ օրենքներով, եւ դա տրամաբանական է, որովհետեւ օրենքները չեն ընդունվում գործադիր մարմիններում։ Մինչդեռ օրենսդիր իշխանությունը՝ խորհրդարանը լիազորված է կատարել այնպիսի գործողություններ, որոնք ուղիղ նախատեսված են Սահմանադրությամբ, օրենքներով հնարավոր չէ ԱԺ-ին ինչ որ բան լիազորել, քանի որ օրենքներ ընդունողը հենց ԱԺ-ն է։ Սա է ժողովրդավարությունը։ Հիմա ԱԺ-ն խախտում է այս պարզագույն կանոնը, քանզի Սահմանադրությունը այս մարմնին որեւէ ձեւով չի լիազորում չեղարկել արդեն նշանակված եւ ընդգծում եմ՝ ոչ իր կողմից նշանակված հանրաքվեն։ Անգամ եթե նախագահը չստորագրեր հրամանագիրը եւ ԱԺ նախագահն օրենքի ուժով դա աներ, միեւնույն է՝ ոչինչ չէր փոխվելու։ Այդ լիազորությունը պետք է նախատեսված լիներ սահմանադրությամբ, բայց նախատեսված չէ։ Սա էլ իր հերթին լիազորության ուզուրպացիա է»։ Դիտարկմանը, որ մյուս կողմից էլ խոսվում էր, որ կա բաց եւ հանրաքվեն չեղարկելու իրավական ճանապարհ չկա, Մելիքյանը պատասխանեց, որ օրենսդրական բաց չկա․«Բաց լինում է այն դեպքում, երբ կա ինչ-որ կարգավորման անհրաժեշտություն, բայց այդ կարգավորումը առկա չէ։ Ամբողջ հարցն այն է, որ այստեղ կարգավորման անհրաժեշտություն չկա։ Ամբողջ աշխարհում է այդպես, եթե նշանակվում է հանրաքվե, ապա այն պետք է իրականացվի։ Եթե գնացքը մտնում է թունելը, ապա միանշանակ մյուս կողմից պետք է դուրս գա»։ Ռուբեն Մելիքյանն ասաց, որ այսպիսի փոփոխությամբ իշխող ուժը, որը խորհրդարանում կայուն մեծամասնություն ունի, ցանկացած պահի կարող է հանրաքվե նշանակել եւ ցանկացած պահի չեղարկել այդ որոշումը՝ այդ ճանապարհին լուծելով իրեն հուզող խնդիրները․«Սա նշանակում է ժողովրդավարության բուն սկզբունքների ոտնահարում եւ նենգափոխում»։ Մելիքյանի խոսքով թեկուզ հակասահմանադրական ճանապարհով նշանակված հանրաքվեն չի կարելի նույն ճանապարհով չեղարկել․«Կա դա անելու մեկ ճանապարհ՝ ՍԴ-ում բողոքարկել հանրաքվե նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրը, ինչպես նաեւ ԱԺ որոշումը հակասահմանադրական լինելու հիմքով եւ միայն ՍԴ համապատասխան եզրակացությունից հետո կարելի էր չեղարկել այդ ակտերը»։ Հանրաքվեն չեղարկելու հնարավորություն տալու նախագիծը եւս ՍԴ-ում վիճարկելու հնարավորություն կա, ԱԺ պատգամավորների 1/5-րդի կամ 27 պատգամավորի ստորագրությամբ, ինչպես նաեւ ՀՀ նախագահի միջոցով․ «Ընդդիմադիր պատգամավորների թիվն ավելին է, քան այդ թիվը, այսինքն իրենք ունեն նախագիծը ՍԴ -ում վիճարկելու ռեալ հնարավորություն։ Եւ ես կուզենայի կենտրոնանալ հենց ընդդիմադիրների՝ որպես ՍԴ դիմելու իրավունք ունեցող սուբյեկտի վրա։ Մյուս բոլոր սուբյեկտներն իրացրել են նման հնարավորությունը, իսկ պատգամավորները կարծես երբեւէ չեն իրականացրել, բացառությամբ Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի ժամանակ։ Ես շատ կուզեի, որ հենց ԱԺ պատգամավորները լինեին այն սուբյեկտը, որ դիմեին ՍԴ»։