Ակտիվանալու որոշումը կայացվել էր հոկտեմբերի 30-ին

Ակտիվանալու որոշումը կայացվել էր հոկտեմբերի 30-ին

Հոկտեմբերի 31-ին ՀՅԴ Գերագույն մարմինը մի խստաշունչ հայտարարություն արեց՝ ուղղված ՀՀ իշխանություններին։ Նախորդ օրը «Արամ Մանուկյան» կենտրոնում տեղի էր ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպական կառույցի ընդլայնված խորհրդաժողով, որտեղ քննարկվել էր «երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական իրավիճակը, գնահատվել են ներքին եւ արտաքին մարտահրավերները, հստակեցվել կուսակցության հետագա մարտավարական քայլերը»։ Հայտարարության մեջ արձանագրվել էր, որ «իշխանության ամբոխավարական մոտեցումները, ժողովրդային շարժման նպատակների եւ կառավարության վարած քաղաքականության միջեւ խորացող տարբերությունները, արցախյան բանակցություններում ՀՀ-ի եւ Արցախի դիրքերի թուլացումը, Հայաստանի զինված ուժերի հրամանատարական կազմի հեղինակազրկումը, արտաքին քաղաքականության ձախողումները, ռազմավարական ծրագրերի բացակայությունը, գործողությունների եւ վարքագծի անկանխատեսելիությունը, օտարածին օրակարգերի սպասարկման պատրաստակամությունը, ազգային եւ պետական շահերի ստորադասումը նեղ անձնական եւ խմբակային ձգտումներին, այլակարծության մերժումը, պետական կառավարման համակարգում հայեցողական մոտեցումներով առաջնորդվելը, կադրային ձախող քաղաքականությունը, բռնության մշակույթի խրախուսումը լուրջ մարտահրավերներ են ստեղծել երկրի կայուն զարգացման համար»:

Եվ զգուշացվում էր, որ ՀՅԴ ԳՄ-ն «առաջիկայում հանդես կգա երկրի բնականոն զարգացման ընթացքն ապահովելուն ուղղված համապատասխան գործողություններով եւ նախաձեռնություններով»։ Սա, հիշեցնենք, ավելի վաղ էր, քան մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի պերֆորմանսը եւ «Հայոց լեզու» ու «Պատմություն» առարկաների հետ կապված աղմուկն ու Արայիկ Հարությունյանի հրաժարականին ուղղված ակցիաները։
Մեզ պատմեցին, որ հոկտեմբերի 30-ին «Արամ Մանուկյան» կենտրոնում ներկա է եղել հայաստանյան Դաշնակցության ողջ էլիտան՝ տարածաշրջանային ղեկավարներ, Բյուրոյի եւ ԳՄ-ի կազմ, մոտ 80 մարդ, որոնք դաժան քննադատություն են հնչեցրել գործող իշխանությունների հասցեին եւ մեղադրել ՀՅԴ ղեկավարությանը հարմարվողականության, անարժանապատիվ մեղմ կեցվածքի մեջ՝ կոչ անելով անցնել կտրուկ քայլերի եւ հանդես գալ որպես իրական ավանդական, ազգային հենք ունեցող կուսակցություն, որը չի լռում, այլ պայքարում է։

Հենց այդ հավաքի ժամանակ էլ՝ ներքեւից եկող ճնշման ներքո, ՀՅԴ-ն որոշում է կայացրել ակտիվանալ եւ «ատամ ցույց տալ»։ Հետագա իրադարձությունները, ըստ էության, նպաստել են, որպեսզի այդ հավաքի ժամանակ կայացված որոշումները կյանքի կոչվեն, եւ կուսակցությունն ակտիվանա։

Ի դեպ, նոյեմբերի 9-ին Բրյուսելում ՀՅԴ-ն իրականացրել է իր ավանդական դրամահավաքը՝ Հայ դատի գրասենյակների համար, որին մասնակցել են Արամ Ա Վեհափառը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ ողջ աշխարհից մոտ 100 բարերար։ Հավաքվել է 2,4 մլն դոլար։