Չհամարձակվե՛ք մեղադրել մամուլին

Չհամարձակվե՛ք մեղադրել մամուլին

Այսօր առավոտից մամուլում տեղեկություններ են տարածվում Սյունիքում տեղի ունեցող լարված իրադարձությունների մասին, որ ադրբեջանցիները նորից առաջ են եկել՝ խորանալով ՀՀ պետական սահմանի մեջ ու նոր դիրքեր, տարածքներ գրավել։

Այս մասին, բնականաբար, առաջինը իմացավ և բարձրաձայնեց մամուլը, ոչ թե պետական, օրինակ, ՊՆ-ն կամ այլ պետական գերատեսչություններ։ Եվ եթե մենք այս մասին չբարձրաձայնեինք, ով գիտի՝ պետական գերատեսչությունները երևի ոչ էլ իմանային՝ ինչ է կատարվում երկրում, սահմանին, ու ոչ էլ խառնվեին իրար եւ փորձեին բանակցել, հարթել իրավիճակը։ Միայն այն, որ Սյունիքի մարզպետը մեզանից է տեղեկացել իր մարզում տեղի ունեցող զորաշարժերի, թշնամու առաջախաղացման մասին, հերիք է՝ պատկերացնելու այս իշխանությունների պատասխանատվության և ադեկվատության չափը։

Բայց արի ու տես, որ այսքանից հետո անգամ, փոխանակ շնորհակալություն հայտնելուն, հայտնվում են ինչ-որ արարածներ, որոնք իրենց պիղծ բերանները բացում ու մեղադրում են մամուլին։ 44-օրյա պատերազմում արծրունյան ստերից ու պետական կեղծ քարոզչությունից հետո ամբողջությամբ վարկաբեկված, հավատ չներշնչող պետական քարոզչությունը նորից դժգոհում է, թե մամուլը «ապատեղեկատվություն» է տարածում։ Կարծես շատ արագ մոռացան՝ ինչպես էին 44 օր շարունակ ստում, խաբում, ժողովրդին ամենաբարձր մակարդակով համոզում, թե «հաղթելու ենք», որ վերջում մարդկանց բթացման պայմաններում հեշտությամբ հանձնեն հողերը։ Ու այսքանից հետո որոշ բեղավոր ու անբեղ արարածներ, տարբեր սեռի անբարո երևույթներ իրենց կեղտոտ բերանը բացել ու վայրահաչում են լրատվամիջոցների, այդ թվում՝ «Հրապարակի» հասցեին, որն, ի տարբերություն այս իշխանությունների, հանրօգուտ և ճիշտ ինֆորմացիա է տրամադրում՝ մարդկանց խաբելու և մոլորեցնելու փոխարեն։ Որոշ իշխանական չինովնիկների, մանդատ կրող «ուսապարկերի» և իշխանամերձ քարոզիչների այս աստիճան լկտիությունը հետևանք է նրա, որ 44-օրյա պատերազմում ստելուց և Արցախը հանձնելուց, Սյունիքը թշնամու բերան տալուց հետո նրանք չպատժվեցին։ Դրա համար այսօր ոգևորվել են, մոռացել անցյալն ու նորից հարձակվել մամուլի վրա։

Չհամարձակվեք մեղադրել մամուլին։ Դուք դրա բարոյական իրավունքը բացարձակ չունեք, այսօր՝ առավել ևս։ Դուք կորցրել եք ձեր վստահությունը թե՛ մամուլի, թե՛ հանրության շրջանում։ ՊՆ-ի, ԱԱԾ-ի ու մյուս գերատեսչությունների տարածած հաղորդագրություններն ու հերքումները որևէ հավատ չեն ներշնչում հանրության մոտ, դրանք միայն քմծիծաղ են առաջացնում, քանզի դուք սպառել եք ձեզ հավատալու ռեուրսները։ Եվ սա վերաբերում է հատկապես որոշ «առաձգական նյութից» պատրաստված բեղավոր և անբարո իշխանավորներին։

Հանգիստ նստեք տեղներդ։