Ինչի մասին են գաղտնի պայմանավորվել Մոսկվան ու Թեհրանը 

Ինչի մասին են գաղտնի պայմանավորվել Մոսկվան ու Թեհրանը 

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի՝ Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը, Ռուսաստան է բազմիցս այցելել Իրանի Գերագույն առաջնորդ՝ Սեյեդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Լաիջանին՝ գաղտնի առաքելությամբ։ Համաձայն The Times-ի, արեւմտյան հետախուզական համայնքին հայտնի է դարձել, որ Լարիջանին ամենայն հավանականությամբ ռուսական կողմի հետ բանակցություններում քննարկել է իր միջուկային ծրագրի համար աջակցություն ստանալու հարցը։

Բացի այդ, Թեհրանն ակնկալում է Մոսկվայից ստանալ Су-35 կործանիչների նորագույն տարբերակներ եւ վերականգնել Իսրայելի հարվածների հետեւանքով ոչնչացված իր ՀՕՊ համակարգերը։ Բացի այդ, Թեհրանը հույս ունի, որ Մոսկվան կօգնի շիա արմատական լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման վերազինմանը, որի զինանոցի զգալի մասը ոչնչացվել է Իսրայելի կողմից։ Լարիջանին նաեւ քննարկել է Ռուսաստանին իրանական ԱԹՍ-ների մատակարարման շարունակականությունն ապահովելու հարցը։