Լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկի եկած

Լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկի եկած

Կրկին հիշենք Չե Գեվարայաին: Էռնեստո Գեվարա դե լա Սեռնա (իսպ.՝ Ernesto Che Guevara): Ծնվել է 1928 թվականին Արգենտինայում, մահացել է 1967 թվականին՝ Բոլիվիայում: Լատինաամերիկյան հեղափոխական, Կուբայի 1959 թվականի հեղափոխության կոմանդանտե և կուբայական պետական գործիչ:
Բացի լատինաամերիկյան մայրցամաքից, գործել է նաև Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում և այլ երկրներում (մինչ օրս գաղտնազերծված չէ): «Չե» մականունն օգտագործել են Էռնեստոյի զինակիցները՝ ընդգծելով նրա արգենտինական ծագումը: 

Չե Գեվարան առաջ է քաշել հեղափոխության նոր տեսություն…նա հատուկ նշանակություն է վերապահել ոչ մեծ հեղափոխական խմբերին, որոնք ունակ են արմատական քաղաքական հեղաշրջում անել: «Պետք չէ սպասել մինչ հասարակությունը կհասունանա հեղափոխության համար, բավական է բուն հեղափոխականների պատրաստականությունը».-այս համոզմանն է եղել «Չե» -ն: Նրա կրեդոն է եղել. «Լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկի եկած»:
Նշվածում չի ասվում, թե ո՞վ մեռնի, ու՞մ համար մեռնի: Առաջին հարցի պատասխանը բազմիցս տվել են քաջ հայորդիները: Նրանց մոտ այդպիսի հարց չի առաջացել երբևէ. փաստեր՝ ինչքան ուզեք, արդեն երեք տասնամյակ: 
Երկրորդ հարցադրումն ինքնին՝ զարհուրելի է, բայց տրամաբանական՝ դատելով վերջին 100 տարիների ողբերգական իրադարձություններից, թերևս, բացառությամբ Հայրենական մեծ պատերազմի, որի ընթացքում զոհված 300 հազար հայորդիների հարազատները մինչ օրս հպարտությամբ են հիշում, որ նրանք զոհվել են հանուն հայրենիքի, թեկուզև՝ հանուն մարդկության «լուսավոր» ապագայի՝ կոմունիզմի: Թեև, կան բազմաթիվ հերոսական դրվագներ, որոնցում գիտակցված մահվան գնացողները բացականչել են. За Сталина, за Родину! 

100 տարի առաջվա ժողովրդի համար չարժեր մեռնել, որն ասում էր. «Մենք մեր վարուցանքին ենք, տղա ջան: Մենք առաջ կտրող չենք: Առաջ կտրողն էլ եք դուք, թիկունքից խփողն էլ» («Սարոյան եղբայրներ»):
Ընդհանրապես պետք է մոռանալ մեռնելու մասին, երբ «ժողովուրդն» ասում է. «Գյուղացին հինչա, աշխարհից կտրված մի պան։ Նրանը գյուդու՞մ ես հինչնա, հու վեր ուրան յեշումա, մի պյանա անում։ Մեր գյուղացին ապահովվածա գազավ, ճիրավ, էլեկտրականությամբ, նոր էլ դպրոց են շինալ, հեսա նոր էլ ասֆալտ են անում։ Քինացել, ընտրել ա Նիկոլին․ որովհետեւ մեչտեղ էլ հու՞ կա, վեր ընտրի։ Էսօր պարզ ասեմ լիդեր՝ չկա։ Լոխ թախկցած են։ Գյուղացին էլ տեսնումա լիդեր չկա՝ վսյո» (Իշխանասարի համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյան. «Հրապարակ օրաթերթ», 26 Սեպտեմբեր 2022): Այդ հարցազրույցը վարած Հասմիկ Բաբաջանյանը, գուցե, գլխի չի էլ ընկել, որ Գուրգեն Բորյանից հետո, երկրորդ անգամ բացահայտել է հայի հոգեկերտվածքի բնորոշ կողմերից մեկը, ավելին՝ ապացուցել է, որ սերնդեսերունդ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել դեպի դրականը, ինչը հիմք է ենթադրելու, որ այսուհետ էլ չի լինելու, չի լինելու՝ մինչև պատմական հայրենիքի վերջին «լավաշատարածքից» հայերի վերջնական էթնիկական զտման ավարտը: 

Ըստ էության, ՏԻՄ ընտրությունների արդյունքները, անկախ այն բանից, որ որոշ տարածքներում ՔՊ-ն ձայների մեծամասնությունը չի հավաքել, նա հաղթել է: Այս էլ որրերդ անգամ ապացուցվում է, որ ժողովուրդը հավանություն է տալիս իշխանության քայլերին, ընդհուպ՝ Ալիևին, ըստ իր ուզածի, քարտեզ գծելու իրավունք վերապահելուն: 
Փաստորեն, Իլհամը ստացավ նոր քարտեզ գծելու ծանրակշիռ ապացույցներ: Օրինակ, ՀՀ ապագա քարտեզում կարող է 98%-ով չլինել Գեղարքունիքի Ճամբարակը, 35%-ով՝ Ալավերդին, 85%-ով՝ Գյուլագարակը, 42%-ով՝ Չարենցավանը, 60%-ով՝ Թալինը…Օրվա վերջում կպարզվի, որ միջին պարզ թվաբանականով՝ ՀՀ տարածքի մի 40-45%-ը իրավամբ պատկանում է… ասողի լեզուն չորանա…

Կարևորը եզրահանգումն է. այս ընտրությունների արդյունքները, ընդդիմադիր դաշտի կուսակցությունների մահվան դատավճիռն էին: Այլևս կարիք չկա արթնացնել ժողովրդին, որն արդեն ընտրություն կատարել է, արդեն հարյուր տարի, ուղղակի, կոմունիստները մի 70 տարի ետ գցեցին այդ ընտրված նպատակին հասնելը…
Ասվածը չի վերաբերում սարքած կուսակցություններին. ով էլ լիներ Մարատ Պետրոսյանի համագյուղացիների տեղը, ճիշտ կաներ ձայները տար ՔՊ-ին, քան այսպես կոչված արտախորհրդարանական խեղկատակությանը: Ինչպես կարելի է արտահայտվել այդպիսի կուսակցությունների մասին, եթե մեկի ղեկավարն ասում է, թե՝ «հա ասեց, որ արդեն հրաման ա տվել, որ բանակը հզորանա…», մյուսն էլ ասում է. «Ընդդիմություն ասածը միայն նրանք չեն, ովքեր պահանջում են իշխանության հրաժարականը:

Ընդդիմությունը նաեւ մենք ենք, որ օրեր առաջ միասին հանդիպեցինք վարչապետին եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու մեկ տասնյակից ավելի առաջարկներ ներկայացրինք» : Չէ, լու՞րջ: Բայց, կարծես, այդ առաջարկությունների հասցեատերը դրանց կարիքը չունի: «Առաջարկը» տնտեսագիտական կատեգորիա է, որի հակադիր կողմում պահանջարկն է…


Գագիկ Վարդանյան