Որ առարկաներից մրցույթներ չեն կայանա

Դասագրքերի ստեղծման մրցույթը մի քանի տարի արդեն ընթանում է աղմուկով, սկանդալային դասագրքերի երաշխավորություններով, դատական հայցերով եւ հանրային դժգոհության մեծ ալիքով։
ԿԳՄՍ hանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ այս տարվա դասագրքերի մրցույթն արդեն ամփոփվե՞լ է, կա՞ն առարկաներ, որոնցից դասագրքերի հայտեր չեն ստացել: «Արդեն կան դասագրքեր, որոնք փորձաքննության հիմնական փուլn անցել են եւ ուղարկվել են խմբագրումների՝ հեղինակներին, որոնք դրական շեմը հաղթահարել են,- նշեց Թ․ Սարգսյանը, որը նաեւ մրցութային հանձնաժողովի անդամ է, իսկ մրցութային հանձնաժողովը գլխավորում է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։- Այս շաբաթվանից սկսած, մի քանի փուլով կլինեն համապատասխան երաշխավորման հրամանները, իսկ այն դասագրքերը, որոնցից չենք ստացել հայտեր, դրանց համար նոր մրցույթներ հայտարարված էին մինչեւ մայիսի 2-ը, խոսքը 9-րդ եւ 11-րդ դասարաններին է վերաբերում, իսկ 12-րդ դասարանի համար՝ մինչեւ հոկտեմբեր»։ Այլ մանրամասներ ԿԳՄՍՆ ներկայացուցիչը չհայտնեց, միայն առաջարկեց ծանոթանալ մրցութային հանձնաժողովի արձանագրությանը։
Ըստ այդմ, հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված, 9-րդ, 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցութային հանձնաժողովը դեռ երկու ամիս առաջ հրավիրված արտահերթ նիստի ընթացքում արձանագրել է, որ 9-րդ դասարանի «Ֆրանսերեն», «Նախնական զինվորական պատրաստություն», 10-րդ դասարանի «Ռուսաց լեզու», «Հայոց պատմություն», 11-րդ դարի «Ֆրանսերեն», «Քիմիա», «Ռուսաց լեզու», «Հայոց պատմություն», «Նախնական զինվորական պատրաստություն», 12-րդ դասարանի «Ռուսաց լեզու», «Ֆրանսերեն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայոց պատմություն», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների դասագրքերի ստեղծման հայտեր չեն ներկայացվել։
Թե որքանով պատկերը կփոխվի մայիսի 2-ից հետո, որ առարկաների մասով համալրում կլինի, պարզ կդառնա առաջիկայում։ Իսկ մինչ այդ նկատենք, որ անցած տարի եւս դասագիրք չկար 10-րդ դասարանի Հայոց պատմությունից: Միակ հայտը ներկայացրել էր «Զանգակ-97» ՍՊԸ-ն, բայց ներկայացված դասագիրքը չէր երաշխավորվել ԿԳՄՍՆ-ի կողմից։ Դասագրքի հեղինակային կազմում ընդգրկված էին ԳԱԱ պատմության, արեւելագիտության ինստիտուտների, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի մասնագետներ, պատմաբաններ։ Բավական մեծ խումբ, որոնց ստեղծած դասագիրքը նախարարությունը մերժեց՝ առանց հիմնավոր բացատրության։ Ակնհայտորեն, պատժելով նույն այն պատմաբաններին, որոնք անցած տարի մեծ աղմուկ բարձրացրին ու նախարարությունից մինչ օրս պահանջում են դպրոցներից հանել 7-րդ դասարանի Հայոց պատմության սկանդալային դասագիրքը։
Կարծիքներ