Պիտի ասի՝ Ալիեւ, դու ինձ ինչ ասես, կարող ես ասել, բայց մեր պետությանն ու ժողովրդին իրավունք չունես բան ասելու

Պիտի ասի՝ Ալիեւ, դու ինձ ինչ ասես, կարող ես ասել, բայց մեր պետությանն ու ժողովրդին իրավունք չունես բան ասելու

ՄԱԿ-ի ամբիոնից իր սպառնալից ելույթի ժամանակ Իլհամ Ալիեւը միջազգային հանրությանը հորդորեց չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, քանի որ իր երկրի տարածքում նման վարչատարածքային միավոր չկա, այլ ըստ իր հրամանագրի՝ «Ղարաբաղյան եւ Արեւելյան Զանգեզուրի տնտեսական գոտիներ»։ Պարծեցավ, որ կարողացավ խնդիրը լուծել ռազմաքաղաքական ճանապարհով։ Ալիեւյան հռետորաբանության, դրա դրդապատճառների եւ անգամ հոգեբանական բարդույթների մասին խոսել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

- Ի՞նչ է ուզում Ալիեւը, ինչի՞ համար էին այդ շեշտադրումները։

- Այդ ելույթը խոսում էր այն մասին, որ Ադրբեջանը դեռեւս չի ստացել այն, ինչ ուզում էր ստանալ։ Իրենք անընդհատ դա ասում են, որ իրենց պետք է միջանցք Զանգեզուրում, եւ դրա համար էլ Ալիեւն ասաց, որ դրական ազդակներ չի ստացել Հայաստանից, ի տարբերություն Էրդողանի, որն ասաց, որ ստացել է։ Այսինքն՝ այդ հարցում այդտեղ ամեն ինչ չէ, որ հստակ է։ Ըստ երեւույթին, Էրդողանը նկատի ուներ, որ Հայաստանը պատրաստ է խոսել ճանապարհների կոմունիկացիաների մասին, ինչպես Հայաստանի իշխանություններն են ասում, այդ ճանապարհը պետք է, այո, գործի, եւ ադրբեջանցիները նորմալ մաքսատուրք պիտի վճարեն։ Բայց Ալիեւն ավելին է ուզում, միջանցք է ուզում եւ հայտարարեց, որ եթե Հայաստանը չի հրաժարվում տարածքային պահանջներից, ապա Ադրբեջանն էլ չի հրաժարվի Հայաստանի տարածքների նկատմամբ պահանջներից։ Այսինքն՝ էս հոխորտանքը, էս սպառնալից հռետորաբանությունը, էս ճնշումները նրա համար են, որ Հայաստանից կորզի «միջանցք» ասվածը, կոպիտ ասած՝ կտրի Հայաստանն Իրանից։ 

- Իսկ ԱԽ քարտուղարը, երբ ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչպես կարող ենք Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել, եթե Ադրբեջանը հայերին անվանում է առնետներ, ստորացնում Փաշինյանին, ասում է՝ եկեք տարանջատենք Թուրքիան Ադրբեջանից։ Ինչպե՞ս տարանջատել։

- Լավ կլիներ, իհարկե, եթե հայ-ադրբեջանական հարաբերություններն ընկալվեին առանձին, հայ-թուրքականները՝ առանձին։ Բայց այստեղ Երեւանի ցանկությունը ոչ մի դեր չի խաղում։ Դա ժամանակին փորձել է անել Սերժ Սարգսյանը, չստացվեց, առավել եւս՝ հիմա, երբ ասվում է՝ մեկ ազգ, երկու պետություն։ Իհարկե, սա իշխանության կողմից հիմարություն է՝ դնել իրենց առջեւ մի նպատակ, որը չեն կարողանալու անել։ Մեզ չի հաջողվելու տարանջատել հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանականից։ Ուրիշ հարց է, որ Ադրբեջանի ակնկալիքները մեզնից մի քիչ ուրիշ են, Թուրքիայինը՝ ուրիշ։ Ադրբեջանը Սյունիքով միջանցք է ուզում, Թուրքիայի համար ավելի կարեւոր է, որ Հայաստանը հրաժարվի ցեղասպանության ճանաչումից։ Ոչ թե նրա համար, որ Հայաստանից վախենում է, որ տարածքներ ենք հետ վերցնելու, այլ իմիջային խնդիր է լուծում։ Ի վերջո, ցեղասպանության խնդիրը Թուրքիայի համար ոչ շատ, բայց պրոբլեմներ ստեղծում է։ Հիմա մեր իշխանությունները փորձում են այդ հակադրության վրա ինչ-որ բան խաղալ, բայց չի ստացվելու։ Էնպես չէ, որ շուստրիավարի պիտի իրենց միջեւ առկա էս լուրջ շերտերը չեզոքացնենք։

- Իսկ Ալիեւը բլե՞ֆ էր անում՝ հաղթողական կեցվածքով միջազգային հանրությունից պահանջելով չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ»-ը, այլ կերպ ասած՝ վստա՞հ էր, որ դա կընդունվի, այդ տերմինները կընդունվեն բանակցային գործընթացում, որն ինքը մերժում էր։ Վերջերս սպառնացին Հայաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսիին, որ եթե շարունակի ՀՀ քաղաքական վերնախավի մոտ ռեւանշիստական տրամադրություններ հրահրել, ապա Ադրբեջանը «լրիվ» դուրս կգա ՄԽ-ից։ Իսկ մինչ այդ էլ չէր ընդունում ՄԽ համանախագահներին՝ ասելով, թե ինչու են եկել։

- Ալիեւն ասում էր՝ «Լեռնային Ղարաբաղ» մի օգտագործեք, օգտագործեք «Ղարաբաղյան եւ Արեւելյան Զանգեզուրի տնտեսական գոտիներ», որովհետեւ ԱՀ նախագահի հրամանով նման շրջան է ստեղծվել։ Հիմա, բարեբախտաբար, էդ հարցում մեր եւ միջազգային հանրության դիրքորոշումները համընկնում են։ Արցախի կարգավիճակի հարցը միջազգային իրավունքի հարց է։ Գոյություն ունի ինքնորոշման իրավունք, եւ Արեւմուտքը՝ Միացյալ Նահանգները, ԵԱՀԿ ՄԽ-ն ասում է, որ կարգավիճակի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն, այսինքն՝ հարցը չի լուծվել։ Եվ միջազգային իրավունքի այդ հարցը չի կարող ստորադասվել Ադրբեջանի նախագահի հրամանագրին, որով այդ երկրի ներսում ինչ-որ մի տնտեսական շրջան է ստեղծվում, որը, ի դեպ, գոյություն չունի, որովհետեւ էսօր ԼՂ-ն, գոնե այն, ինչ մնացել է դրանից, Ադրբեջանի մաս չէ։ Ադրբեջանցիները չեն կարող մտնել էնտեղ: Այնտեղ գոյություն ունի չճանաչված, բայց պետություն, անվտանգության այլ երաշխիքներ։ Այսինքն՝ այն, ինչ ասում է Ալիեւը, որ չկա Լեռնային Ղարաբաղ, մենք տեսնում ենք, որ կա։ Շատ վիրավոր, շատ ծանր վիճակում, բայց գոյություն ունի եւ Ադրբեջանի կազմի մեջ չի մտնում։ Եվ այս հարցում միջազգային հանրության եւ մեր դիրքորոշումները համընկնում են։ Մենք պետք է փորձենք օգտվել դրանից։

- Հաղթողները, ինչպես հայտնի է, մեծահոգի են լինում, ինչո՞ւ է Ալիեւը նման բառապաշար օգտագործում ու ստորացնում Փաշինյանին։

- 25 տարի այդ մարդը, այդ ամբողջ ժողովուրդը պարտվածի բարդույթով են եղել, հիմա դա են իրենց միջից հանել, դրա համար է Իլհամն աքլոր կտրել։ Իրականում դա ներքի՞ն օգտագործման համար է անում, թե՞ փորձում է ցույց տալ, որ ես ինչ հերոս եմ․․․ էդ տղայականությունը հասկանալի է, բայց միջազգային խնդիրներն էդ հարթությունով չեն լուծվում։ Իսկ էդ տղայական վերաբերմունքին թող պատասխան տան իշխանությունները, որ էսօր երկրի ներսում մուրճ են ճոճում, բայց չեն կարողանում նրանց պատասխանել։ Այսինքն՝ սա իրենց անձնական հարաբերությունների հարցն է, որը, ցավոք, էդ, ինչ ասում է, փորձում է տարածել մեր ժողովրդի վրա։ Բայց իրենք էլ են, չէ՞, շատ լավ գիտակցում, թե ոնց են էդ պատերազմը հաղթել։ Իրենք որեւէ հայ զինվո՞ր են տեսել մոտիկից։ Իրենք էլ գիտեն, թե ինչի շնորհիվ են հաղթել, իրենք էլ գիտեն, որ, այո, 3-4 երկրով հարձակվել են 120 հազար բնակչություն ունեցող երկրի վրա, որը 44 օր դիմադրել է եւ նույն Ադրբեջանին պատճառել է ահռելի կորուստներ, որոնք իրենք հիմա թաքցնում են։ Բայց միջազգային տարբեր լրատվամիջոցներ արդեն սկսել են գրել Ադրբեջանի իրական կորուստների մասին։

- Մեր հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթը դեռ չի եղել, ուստի պետք է գուշակենք, թե որը կլիներ նրա ամենատրամաբանական պատասխանն Ալիեւին, ըստ Ձեզ։

- Նիկոլ Փաշինյանը պետք է շատ անկեղծ պատասխանի։ Պիտի ասի՝ Ալիեւ, դու ինձ ինչ ասես, կարող ես ասել, բայց մեր պետությանն ու ժողովրդին իրավունք չունես ասելու, քանի որ այդ ամենին հասել ես իմ ախմախության պատճառով։