Հանելուկ

Հանելուկ

Կարո՞ղ եք ասել, թե որն է Հայաստանի ամենաշատ հանդիսատես ունեցող թատրոնը, եւ որ թատրոնի դերասաններն ու անձնակազմն են ամենալավ վարձատրվողները: Եվ դա՝ այն պարագայում, որ այնտեղ չկան ո՛չ ժողովրդական, ո՛չ նույնիսկ վաստակավոր արտիստներ: Չկան նույնիսկ արվեստի վաստակավոր գործիչներ: Բոլորը ոչ պրոֆեսիոնալներ են, բայց նրանց ներկայացման բեմադրողներն այնքան արհեստավարժ են, որ այդ թատրոնի խաղացանկում եղած միակ ներկայացման տարբերակները հանդիսատեսը մի քանի տարի դիտում է առանց ձանձրանալու:   

Հայաստանյան այդ թատրոնի դերասաններն ունեն այնպիսի կարգավիճակ ու աշխատավարձեր, այնպիսի աշխատանքային պայմաններ, որպիսին չէին կարող երազել նույնիսկ Եվրամիության երկրների թատրոնների դերասանները: Նրանք պարտավոր չեն ամեն օր դուրս գալ բեմ, պարտավոր չեն փոխել խաղացանկը: Նրանք բեմ են դուրս գալիս 2 շաբաթը մեկ եւ իրենց ամենավառ, ամենակրքոտ ու բուռն ներկայացումը խաղում են մեկ անգամ: Մյուս 3 օրերը կարող են նույնիսկ չգալ դահլիճ, մնալ իրենց հարմարավետ առանձնասենյակներում: Իսկ եթե եղանակը լինի անձրեւոտ, հավես չունենան, կարող են կրճատել ներկայացումների թիվը եւ բեմ դուրս գալ ոչ թե 4, այլ մեկուկես անգամ: Բայց այդ կես անգամն այնքան կրքոտ եւ բուռն ներկայացում խաղան իրենց հյուր եկած մեկ այլ լավ վարձատրվող դերասանների թիմի հետ, որ անվտանգության աշխատակիցները ստիպված լինեն միջամտել եւ դահլիճից դուրս հանել չափն անցած դերասաններին: 

Կարո՞ղ եք ասել` որտեղ է գտնվում Հայաստանի այդ գլխավոր, կարելի է ասել՝ բախտորոշ թատրոնի շենքը: Անգլիական այգո՞ւմ: Ոչ, այն գտնվում է Երեւանի ամենալավ զբոսայգում, որտեղ չկան թափառող շներ, սննդի եւ զվարճանքի օբյեկտներ: Բայց կա հանգստություն, մաքուր օդ, հիանալի՝ խոր, էտ չտեսած բազմամյա ծառեր ու թփեր: Իսկ զբոսնողներ … համարյա թե չկան: Նստարաններն ազատ են: Չկան նույնիսկ սիրահարված զույգեր:
Այդ թատրոնի դերասանական կազմն անփոփոխ չէ՝ փոփոխական է: Նրա բեմում հանդես են եկել թե՛ ճարտար լեզու ունեցողները, թե՛ լռակյացները, որոնք հազիվ են կապակցել մի քանի բառ եւ ընդամենը մի քանի անգամ են հայտնվել բեմահարթակում:

Այդ թատրոնում աշխատանքը քիչ է, վարձատրությունը՝ բարձր, եվրոպական մակարդակի: Նրա դերասանները ոչ միայն առանձնասենյակներ, այլ նաեւ օգնականներ եւ քարտուղարներ ունեն: Որոշները՝ նույնիսկ պադավատներ: Ներկայացումները տեղի են ունենում 2 շաբաթը մեկ: Չորս ներկայացում, որոնք հիմնականում տեղի են ունենում հանգիստ պայմաններում, երբ դահլիճը դատարկ է: 

Դերասանները ներկայանում են աշխատանքի, հաշվառվում եւ հեռանում են իրենց առանձնասենյակները: Դահլիճում եւ բեմում մնում են միայն նրանք, ովքեր այդ պահին պետք է մասնակցեն ներկայացմանը: Նույնիսկ թատերական քննադատ հանդիսացող լրագրողներն են հիմնականում բացակայում իրենց համար նախատեսված օթյակից: Մի խոսքով՝ խաղաղ, հանգիստ մթնոլորտ է: 

Թատրոնն աշխուժանում է, կրքերը թեժանում են, երբ այդ շենք են ներկայանում մեկ այլ՝ մի դերասանի թատրոնի գլխավոր դերակատարն ու նրա հետ միշտ համաձայնողների խումբը:       

Այդ թատրոնի դերասաններն ու նրանց հյուր եկածներն իրավունք ունեն միավորելու անվան տակ փակել իրենց մրցակից մյուս թատրոնները: Եվ ոչ միայն թատրոնները, այլեւ ինչ որ ցանկանան, ինչը մտքներովն անցնի: Եվ քանի որ նրանք չունեն եւ չեն կարող ստանալ կոչումներ, կարող են վերացնել դրանք: Եթե այդպես շարունակվի, կարող է այնպես ստացվել, որ հայաստանցիները ստիպված լինեն բավարարվել միայն այդ մի թատրոնով եւ 2 շաբաթը մեկ նրանց հյուր եկող մյուս լավ վարձատրվող դերասանների թիմով: Եվ երկու շաբաթը մեկ տրվող այդ մի ներկայացմամբ: Չլինեն ո՛չ թատրոններ, ո՛չ էլ բյուջեից գումար ստացող այլ մրցակիցներ:
Կարո՞ղ եք ասել, թե ինչպես է կոչվում այդ թատրոնը:

Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ