Ամեն համայնքում մի հարգված մարդ մի կուսակցության թղթեր վերցրել`մասնակցել է

Ամեն համայնքում մի հարգված մարդ մի կուսակցության թղթեր վերցրել`մասնակցել է

ՏԻՄ ընտրությունները 2018-ից հետո առաջին անգամ պարզորոշ վերհանեցին իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրին» այնքան էլ բարդ չէ հաղթելը։ Պատկերավոր ասած՝ սառույցը կոտրվեց, վեր հանեց մի պարզ ճշմարտություն՝ սատանան այնքան սարսափելի չէ, որքան թվում է։ Հետընտրական արդյունքները տրամաբանական էին, բայց ՔՊ-ականների համար՝ անսպասելի։ «Գյումրեցին դեռ իր խոսքն ասելու է, այսքանով ամեն ինչ չի վերջացել։ Իսկական պայքարող գյումրեցին դեռ իր խոսքն ասելու է։ Ընտրությունների արդյունքները վճիռ չեն։

Դեռ ավագանու նիստ պետք է կայանա, ու դրանից հետո նոր բոլոր հարցերի պատասխանները պարզ կլինեն»,- կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրությունների սառը ցնցուղից հետո հայտարարել է «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արտյոմ Թումանյանը։ Ինչպես հիշում ենք՝ ՏԻՄ ընտրություններին քաղաքական դաշտի ամենակայացած, ԱԺ երկու գումարումներում խորհրդարանական ընդդիմություն ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն ու նաեւ այլ արտախորհրդարանական ուժեր, շարունակելով հիպնոսացված մնալ ՔՊ-ի երբեմնի ռեյտինգով, գերադասեցին ՏԻՄ ընտրություններում չթաթախվել։ Արդյունքում՝ հանրապետության 2-րդ քաղաքում ՔՊ-ն պարտվեց (նաեւ Սյունիքում) իր գոյության ընթացքում որեւէ բանով չառանձնացած ու լիդեր չունեցող «Բալասանյան դաշինքին», իսկ Սյունիքում՝ մեկ-երկու ամսվա կյանք ունեցող նորաբաց կուսակցություններին՝ «Ապրելու երկիր», «Զարթոնք», Սամվել Բաբայանի եւ Արամ Սարգսյանի, Շանթի կուսակցություններին։ Նկատի ունենալով, որ առաջիկայում՝ նոյեմբեր-դեկտեմբերին, Կապանում, Վանաձորում, Ստեփանավանում, Իջեւանում եւ տասնյակ գյուղական համայնքներում նշանակված են ՏԻՄ ընտրություններ, «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանին հարց ուղղեցինք՝ չե՞ն վերանայել չմասնակցության որոշումը։

- Չե՞ք կարծում, որ այս՝ ՏԻՄ ընտրություններն ի ցույց դրեցին, որ իրականում չկա այդ բեւեռացումը, որի առկայության պարագայում երրորդ ուժերը խուսափում են մտնել ընտրապայքարի մեջ։ Այսօր կարող են իշխանություններին տեղերում հաղթել անգամ 1-2 ամսվա կյանք ունեցող քաղաքական ուժերը։ Օրինակ, Վանաձորում առաջադրվելո՞ւ եք։

- Վանաձորում առաջադրվելը կապ չունի էս ընտրությունների հետ։ Էս ընտրությունները ցույց տվեցին, որ երբ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց թիմերով չեն մասնակցում որեւէ քաղաքական պրոցեսի, էդ իրավիճակում իշխանությունը ստանում է իր իրական ձայները։ Այսինքն՝ այն, ինչ ասում էի ամբիոնից, որ եթե դուք մասնակցելու եք ընտրություններին, իշխանությանը վերարտադրելու եք։ Եվ իրենք մտան ու վերարտադրեցին իշխանությանը։ Հիմա իմ այդ հայտարարությունը եկել-հաստատվել է այս ընտրություններով։ Ինչ վերաբերում է Վանաձորին ու մյուս տեղերին, ապա ժամանակը կգա, բնականաբար, համապատասխան հայտարարություններ կլինեն։

- Այսինքն՝ Ձեր մասնակցությունը կախված է լինելու նրանից՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց թիմերով կմասնակցեն, թե ո՞չ։

- Ոչ։ Ես ներկայացնում եմ ընդհանուր քաղաքական գնահատականը։ Ասում եք՝ ինչո՞ւ տենց եղավ, ասում եմ՝ դրա համար։

- Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ մարդիկ նախընտրում են սովորական, իրենց համար հասկանալի ուժերի։

- Եթե չի լինում «սեւ ու սպիտակի» մրցակցություն, այսինքն՝ պայքարը նախկինների ու ներկաների մեջ չէ, ժողովուրդը ձայները բաշխում է համամասնորեն՝ տարբեր ուժերի միջեւ։ Եվ սա ապացուցում է մի բան, որ եթե պառլամենտական ընտրությունները նման կերպ չբեւեռացվեին, խորհրդարանում 5-6 ուժ կլիներ։ Բնականաբար, Երեւանում շատ քիչ մարդ է խորացել դրանում, բայց ՏԻՄ-երում ի՞նչ է տեղի ունեցել․ ամեն մի համայնքում մի հարգված մարդ մի կուսակցության թղթերով մասնակցել է։ Եվ դա ոչ մի կապ չունի էդ կուսակցության հետ։ Ուղղակի էդ թղթերը վերցնում են, դնում են, Երեւանում երեւում է, որ էդ կուսակցությունն էսքան ձայն տարավ։ Բայց էդ կուսակցությունը կապ չունի էդ մարդու հետ։ Էդ կուսակցությունները գրասենյակ անգամ չունեն էդ տարածքում։ Ուստի, այդ նոր ներդրված մոդելը՝ համամասնական ընտրակարգի, դրան էլ պետք է ճիշտ գնահատական տրվի։ Չկարծել, թե տարբեր մարզերում ինչ-որ բազմակուսակցական համակարգ է։ Ոչ, կան հարգված մարդիկ, որոնք ինչ-որ մի կուսակցության թղթերով առաջադրվում են։ Մարդն է, որը կարող է մյուս ընտրություններին առաջադրվել ուրիշ կուսակցության ցուցակով։ Հիմա էլ մի ուրիշ կուսակցության անուն է արձանագրվելու։ Այսինքն՝ ռեալ, իրական պրոցես, կուսակցական բջիջների ձեւավորում, զարգացում, որը հետո բերում է ընտրությունների ձայների, չկա։ Որպես ընտրություներից բան հասկացող մարդ՝ Ձեզ ասեմ իմանաք, էլի։

- Բայց ՀՀԿ-ն մասնակցեց ու անցավ, օրինակ՝ Գյումրիում։

- Բայց չկար էն բեւեռացումը։ Եվ Սերժ Սարգսյանն էլ չէր գնացել Գյումրիում ասում՝ ընտրեք էսինչին։ Կամ մասնակցում էր, բայց տարած ձայնն ի՞նչ էր։ Թվերը նայեք։

- Նիկոլ Փաշինյանն էլ չէր գնացել։

- Գնար էլ, չեմ կարծում, թե արդյունքներն ուրիշ կլինեին, որովհետեւ վիճակը դա է։

- Որպես կուսակցության նախագահ՝ ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ եք անում կուսակցությունն ամրացնելու համար։

- Կուսակցությունով զբաղվում ենք մեր արածը, անցածը վերաիմաստավորելով, ապագայի հետ կապված մեր գործերը պլանավորելով։ Ինչո՞վ են զբաղվում քաղաքական ուժերը՝ իրենց խոսքը տեղ հասցնելով, լուսաբանելով, ծրագրերի մասին հայտարարելով։

- Ասացիք՝ վերաիմաստավորում եք սխալներ գտե՞լ եք։

- Այո, բազմաթիվ, որի մասին ամեն օր էլ խոսում ենք տարբեր հարցազրույցներում։

- Այնուամենայնիվ, Վանաձորը Ձեր հարազատ քաղաքն է, չե՞ք մասնակցելու։

- Վանաձորի մասնակցության հարցը մեր պարագայում քննարկման հարց չէ։ Մյուս տեղերի մասին կհայտարարենք։