Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա տեղի կունենա ՝ ընդդեմ «գունագեղ» միջոցառման

Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա տեղի կունենա ՝ ընդդեմ «գունագեղ» միջոցառման

Սեպտեմբերի 21-ին կայանալիք «գունագեղ» տոնակատարության դեմ բողոքի ակցիա է նախապատրաստվում։ Այն կայանալու է շաբաթ օրը՝ սեպտեմբերի 18-ին, մեկնարկը նախատեսված է Ազնավուրի հրապարակից։ Տեղեկացանք, որ ակցիան կազմակերպում է «Հայկական շարժում» նոր նախաձեռնությունը։ Նախաձեռնության անդամները հիմնականում երիտասարդներ են, նախաձեռնությունը առաջնորդում է Տաթև Արցախը։ Նրան են միացել նաեւ Լիլիթ Մարգարյանը, գրող Մինաս Մարտիրոսյանն ու այլք։

«Մեր նպատակը մեկն է ու մեր շարժման անունն էլ արդեն ամեն ինչի մասին, կարծում ենք ,խոսում է։  Մենք փորձելու ենք փրկել կործանվող հայկականությունը և հետո արդեն պահպանել այն։ Շարժումը միշտ գոյատևելու է։ Հայը պիտի հայ մնա ու այլեւս ոչ մի ոտնձգություն չպիտի հային հեռացնի իր տեսակից։ Մեր ակցիան պղծման դեմ ակցիա է ու Նիկոլ Փաշինյանը ի վերջո պիտի հասկանա ,որ անընդմեջ չի կարող ծիծաղել հայի ու նրա տեսակի վրա»,- կարծում է Տաթև Արցախը։

Նշենք, որ «Հայկական շարժումը» հետագայում պատրաստվում է նաեւ խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ իրականացնել, նորից անցնել փողոցային պայքարի։

Հիշեցնենք նաև, որ թեպետ Փաշինյանը երեկ Ազգային ժողովի ամբիոնից ներողություն խնդրեց` միջոցառման մասին խոսելիս «գունագեղ» բառն օգտագործելու համար, սակայն նրա հայտնի արտահայտություններից հետո կարծես կրքերը չեն հանդարտվում, ավելին՝ այսօր զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատներն էին ակցիա իրականացնում կառավարության շենքի մոտ, պնդում, որ ներողություն խնդրելու փոխարեն պետք է նախ մտածել, հետո նոր խոսել։ Որոշ կատարողներ էլ արդեն հայտարարել են այդ միջոցառմանը մասնակցելուց հրաժարվելու համար: Հիշեցնենք, որ միջոցառմանը հատկացվելու է առասպելական չափերի հասնող գումար` 2 միլիոն դոլարից ավելի, չնայած կառավարությունը եւ միջոցառումն իրականացնող կազմակերպությունը ֆինանսական հատկացումները գաղտնի են պահում:
Հավելենք, որ ակցիան նախատեսված է ժամը 15։00-ին։