Ուսուցչին գնահատել ոչ ուղերձների միջոցով 

Ուսուցչին գնահատել ոչ ուղերձների միջոցով 

Ուսուցիչներին նվիրված տոնը` Ուսուցչի օրը նշվում է ամեն տարի՝ սկսած 1994 թվականի հոկտեմբերի 5-ից։

Օրվա ընտրությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՈ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» (Recommendation concerning the Status of Teachers) վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:

Ուսուցիչների տոնը նշվում է ավելի քան 100 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, եւ ինչպես ամեն տարի, այս տարի եւս բոլոր դպրոցներում փոքրիկ ցերեկույթ միջոցառումներ են անցկացվում, որի շրջանակում ուսուցիչները շնորհավորում են ուսուցիչներին, նվիրում միմյանց ծաղիկներ, հղում ջերմ բարեմաղթանքներ։ Թեպետ չի ուշացել նաեւ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձն Ուսուցչի տոնի կապակցությամբ, քիչ առաջ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նախարարը նշել է․ «Սիրելի՛ մանկավարժներ, ուզում եմ՝ վստահ լինեք, որ պետությունը ձեր կողքին է, ձեր աջակիցն է, և ընթացիկ բարեփոխումները միտված են բարելավելու ձեր աշխատանքային գործունեությունն ու միջավայրը՝ ձեզ արժանի գնահատանքով»։

Թերեւս լավ կլիներ, որ պետությունը ուսուցչին արժանի գնահատեր ոչ միայն ուղերձների միջոցով՝ տարին մեկ, այլ նաեւ ավելի շոշափելի ձեւով։ Միայն հավելենք, որ այսօր Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը կազմում է 80-100 հազար դրամ, պարգեւատրման տողն էլ, որպես այդպիսին, դպրոցների նախահաշիվներից վերջերս հանվեց։