Արթուր Վանեցյանը շարունակում է հաղթել դատարաններում․ «1in.am»-ը հերքել է 2020թ․ հոդվածը

Արթուր Վանեցյանը շարունակում է հաղթել դատարաններում․ «1in.am»-ը հերքել է 2020թ․ հոդվածը

2020 թվականի հունիսի 4-ին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը և նրա ծնողները՝ Գագիկ Վանեցյանը և Մարգարիտ Ազարյանը, հայցադիմում էին ներկայացրել ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի՝ «1in.am» լրատվականի։ Հայցվոր կողմը պահանջում էր հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, պարտավորեցնել պատասխանողին հրապարակել հերքման տեսքտը և պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում։

Հայցադիմումի պատճառ էր դարձել Վանեցյանների ընտանիքի վերաբերյալ նշված կայքում հրապարակված հոդվածը։ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող «1in.am»-ը գրել էր, թե ԶՊՄԿ-ի հետ աշխատող բեռնափոխադրման ընկերությունը միայն Վանեցյանի հորը չի պատկանել և տարիներ առաջ Վանեցյանը և Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին են համատեղ ձեռնարկել այդ բիզնեսը, որի միջոցով Քաջարանից տեղափոխում են պղնձամոլիբդենային ընկերությունից հումք՝ համապատասխան նշանակման վայրեր:

«Պարզից էլ պարզ է, որ ամեն մարդ չէր կարող այդ ոլորտում գործունեություն ծավալել, և դրանում նաև մեծ ներդրում էր ունեցել թե՛ Մհեր Սեդրակյանը և թե՛ Արթուր Վանեցյանի մայրը, որը նախկինում միշտ պետական աշխատող է եղել ու տարբեր պաշտոններ է զբաղեցրել», եզրակացրել էր հոդվածագիրը։ Նաեւ նշել էր, որ Արթուր Վանեցյանը և գործարար Մհեր Սեդրակյանը մտերիմ հարաբերություններ են հաստատել դեռ այն ժամանակ, երբ Վանեցյանը Երևանի Էրեբունի վարչական շրջանի ԱԱԾ պետն էր և հովանավորում էր Մհեր Սեդրակյանին, ով համարվում է քրեական շրջանակների հետ կապեր ունեցող անձնավորություն։

Այս եւ նմանատիպ հրապարակումներ վերջին տարիներին շատ են եղել։ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական տալուց հետո Արթուր Վանեցյանի դեմ իշխանությունների կողմից ուղղորդված վարկաբեկման մի մեծ արշավ գնաց։ Նիկոլ Փաշինյանը նրան չներեց իր հրաժարականի հայտարարությունը, որտեղ նա կանգ առ-ի կոչ էր անում եւ առաջին անգամ բացահայտ քննադատվում էր ժողովրդի ընտրյալը, ում ասում էին, որ նա անթույլատրելի մեթոդներ է կիրառում եւ երկիրը տանում է դեպի անդունդ։ Դա 2019 թվականի աշունն էր։ Հետո սկսվեց հալածանքների ու վարկաբեկման փուլը՝ ողջ պետական քարոզչամեքենան, ֆեյսբուքյան ֆեյքերն ու կատարածուները, անգամ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը լծվեցին Վանեցյանին «փչացնելու» գործին։ Դա արվում էր նրա համար, որ մարդիկ նրա ասածներին լուրջ չվերաբերվեն եւ նա շանս չունենա երբեւէ իշխանության գալու։ Այնպես որ իր իրավունքները պաշտպանելու համար Արթուր Վանեցյանը ստիպված էր դիմել դատարան եւ այս 3 տարվա ընթացքում մոտ մի տասնյակի չափ հայցեր է ներկայացրել՝ իրեն զրպարտողների դեմ։ Հայցերից մի քանիսով արդեն վճիռներ կան, օրինակ, դեկտեմբերի վերջին վերաքննիչ դատարանը հաստատեց առաջին ատյանի որոշումը՝ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանի ՖԲ էջում հրապարակված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Իսկ վերջինս գրել էր, որ «ԶՊՄԿ-ում Մ.Մինասյանի փայաբաժինն, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը»։

Դատարանները շարունակում են քննել Արթուր Վանեցյանի մյուս հայցերը Նիկոլ Փաշինյանի, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի, 1in.am կայքի դեմ։
Ի դեպ, 1in.am-ի հետ վեճի գործով այսօր լրատվամիջոցը դատարանին է ներկայացրել գրություն, որ ինքը վեճի առարկա հոդվածի վերաբերյալ հերքման տեքստ է տպագրել մեկ ամիս առաջ եւ միջնորդել է այդ հիմքով գործը կարճել։ Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներն առարկել են դրա դեմ, քանի որ ենթադրում են՝ նշված նյութը կայքում տեղադրվել է հետին թվով եւ չի ընթերցվել նույն լսարանի կողմից, որն ընթերցել էր Վանեցյանին զրպարտող նյութը եւ պահանջել են, որ դատարանը շարունակի քննությունը։

Մենք գտանք նշված հերքումը, որը 1in.am կայքում տեղադրվել է դեկտեմբերի 28-ին։ Դա մի ծավալուն տեքստ է, որտեղ տող առ տող հերքվել է 2020 թ․ մայիսի 1-ին հրապարակված «Վանեցյանը ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող ընկերությունը հիմնել է Մհեր Սեդրակյանի որդու հետ համատեղ․ Նոր մանրամասներ» վերտառությամբ «անստորագիր հոդվածը»։ Ահա այդ հերքման տեքստից մի հատված․

«Հրապարակման մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող արտահայտություններ և որպես փաստ ներկայացվող տվյալներ: Սույնով «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն հերքում է հոդվածում տեղ գտած Արթուր Վանեցյանին և նրա ծնողներին վերաբերող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես՝ «Առաջին լրատվականը»-ը չունի որևէ տեղեկություն և չի համապատասխանում իրականությանն այն, թե. «ՁՊՄԿ-ի հետ աշխատող բեռնափոխադրման ընկերությունը միայն Վանեցյանի հորը չի պատկանել: Տարիներ առաջ վանեցյանը և Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին են համատեղ ձեռնարկել լոգիստիկ բիզնեսը, որի միջոցով Քաջարանից տեղափոխում են Քաջարանի պղնձամոլիբդենային ընկերությունից հումքը համապատասխան նշանակման վայրեր»:
«Առաջին լրատվականը»-ը չունի որևէ տեղեկություն և չի համապատասխանում իրականությանն այն, թե. «այդ ոլորտում գործունեություն ծավալելու հարցում մեծ ներդրում էր ունեցել Արթուր Վանեցյանի մայրը»: «Առաջին լրատվականը»-ը չունի որևէ տեղեկություն և չի համապատասխանում իրականությանն այն, թե. « … Սաշիկ Սարգսյանին պատկանող «Ման» մակնիշի ներկայացուցչությունում մասնաբաժին ունի նաև Արթուր Վանեցյանի հայրը»: «Առաջին լրատվականը»-ը չունի որևէ տեղեկություն և չի համապատասխանում իրականությանն այն, թե. «Հեղափոխությունից հետո Վանեցյանը մեծ վարպետությամբ կարողացավ շրջանցել Թոխմախի Մհերին, իսկ հեղափոխությունից անմիջապես հետո Վովայի Արշակը և Վստրեչի Ապերը հենց Վանեցյանի քավորությամբ վերադարձան …: Իսկ Վանեցյանի մեծ ախպերը (նա մինչ օրս էլ այդպես է դիմում Թոխմախի Մհերին) … »։