Միջազգային իրավունքը այժմ շատ դառը իրականություն է ապրում
Երևանում դեկտեմբերի 12-13-ը ընթանում էր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրի ներքո: Ներկայացուցչական կազմ էր մասնակցում, այդ թվում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, գործող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիզ Մորենո Օկամպոն եւ այլք:
Պանելային քննարկմանը մասնակցում էր նաև հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի և Նյուրնբերգի սկզբունքների միջազգային ակադեմիայի դասախոս Գուրգեն Պետրոսյանը։ «Հրապարակի» հետ զրույցում նա ասաց, որ ՀՀ կառավարության, «ՄԱԿ»-ի և Ցեղասպանության դեմ կոմիտեի հետ համատեղ է կազմակերպվել այս ֆորումը և քննարկումների հիմնական թեմաները վերաբերվել են միջազգային կոնֆլիկտներում առկա իրավիճակներին, քանի որ շատ կոնֆլիկտներում ականատես ենք լինում իրողությունների, որոնք հանգեցնում են ցեղասպանության։
«Մասնագետներն ու մեր գործընկերները հենց այդ մասին էին խոսում, թե ինչպիսի միջոցներ են առկա, որպեսզի կանխարգելվի նման հռետորաբանությունը կամ առաջին քայլերը, որոնք տանում են դեպի ցեղասպանություն։ Դրանք հիմա տեղի են ունենում աշխարհի տարբեր հատվածներում, նաև Հայաստանում»,-ասաց Պետրոսյանը։ Այս ֆորումը կարևոր է, որովհետև միջազգային մասնագետների Հայաստանում գտնվելը կամ նրանք, ովքեր հետևում են այդ ֆորումին, սկսում են պատկերացում կազմել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում՝ կարծում է իրավաբանը ու հավելում, որ դա կարևոր գործիք է բարձրաձայնելու համար այն հարցերը, որոնք մտահոգում են բոլորիս։
Արարատ Միրզոյանի ելույթի վերաբերյալ էլ ,եր զրուցակիցն ասաց, որ ԱԳ նախարարի խոսքը հիմնականում այն մասին էր, որ միջազգային հանրությունը հերթական անգամ տանուլ է տալիս միջազգային իրավունքի գործիքները և չի անդրադառնում այն իրադարձություններին, որոնք շատ ակնառու են և որոնց պետք է անդրադառնալ։ «Հիմնական ուղերձը, որ ինքը որպես ընդունող կողմ ներկայացրել է, կարծում եմ, միջազգային հանրության համար ընկալելի և հասկանալի է, որովհետև ակնհայտ է, որ միջազգային իրավունքը ներկա դրությամբ շատ դառը իրականություն է ապրում, երբ որ պետությունները այլևս չեն հարգում միջազգային իրավունքը»,-եզրափակեց Գուրգեն Պետրոսյանը։
Կարծիքներ