Մարզեր այցելելուն մեզ չի խանգարել ո՛չ համավարակը, ո՛չ պատերազմը 

Մարզեր այցելելուն մեզ չի խանգարել ո՛չ համավարակը, ո՛չ պատերազմը 

Գագիկ Ծառակյանի կուսակցությունը, որն առաջիններից մեկը հայտարարեց, որ կմասնակցի ընտրություններին, առաջիններից մեկն էր, որ հայտարարեց նաև մարզային այցելություններ սկսելու մասին։ Այսօր «Հրապարակ»-ը հետաքրքվեց, թե ե՞րբ են պատրաստվում մեկնել մարզեր։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց․ «Առայժմ քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, այդ պատճառով մի քիչ կդժվարանամ ասել, բայց կասեմ, որ երբ պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի, մեր բոլոր այցելությունները կլինեն բաց, հրապարակային»։

Մեր տեղեկություններով, այնուամենայնիվ, արդեն եղել են այցեր՝ Մարտունի, Արմավիր, Արարատ։ Այցերին մասնակցել է ինքը՝ Աբովյանը, Միքայել Մելքումյանը, երբեմն Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց․ «Պատգամավորության առաջին իսկ օրվանից միշտ էլ մարզային այցելություններ ենք արել, անում ենք ու էլի անելու ենք։ Բայց մարզային այցելությունները մեր մոտ գոնե նախընտրական շրջանով չեն պայմանավորված եղել։ Մենք թե՛ պատերազմ, թե՛ համավարակ՝ միշտ գնացել ենք ու դա հատվածային չի եղել»։ Նշենք, որ Արմավիրում ու Արարատում, Գագիկ Ծառուկյանը հանդիպում էր հատկապես խաղաղագործների հետ։