Մենք ենք, Մեքսիկան ու Պակիստանը

Մենք ենք, Մեքսիկան ու Պակիստանը

Երեկ Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսով վարակվածության հերթական ռեկորդը՝ 771 դեպք։ Ամեն օր մահեր՝ 12, 15, 19, ընդհանուր՝ 528 դեպք։ Մարդիկ են՝ 70, 60, 56, 40 տարեկան, բոլորի մասին գրել են՝ ունեցել են ուղեկցող հիվանդություններ։ Այսպես․ եթե 3 միլիոնի չհասնող Հայաստանում հունիսի 24-ին արձանագրվել է հիվանդացության 771 նոր դեպք, ապա շուրջ 330 միլիոն բնակչություն ունեցող ԱՄՆ-ում նույն օրվա դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի 15 հազար նոր դեպք եւ 201 մահ՝ մեր 12-ի փոխարեն, շուրջ 1 միլիարդ 380 միլիոն բնակչություն ունեցող Հնդկաստանում՝ շուրջ 16 հազար նոր դեպք եւ 396 մահ, 83 միլիոնանոց Գերմանիայում՝ +45, Հունաստան՝ +11։ Այս իմաստով Հայաստանից «առաջատար» են Մեքսիկան, Պակիստանը, Ռուսաստանը՝ իրենց 5․437, 4044 եւ 7․113 դեպքերով։ Ի դեպ, այս տվյալները հրապարակման պահին փոխվել են, քանի որ ԱՄՆ-ը մեզնից <հետ> լինելով, սկզբում վարակվածոթւյան շատ ավելի քիչ թիվ ուներ, քան Հայաստանում։ Իսկ շատ երկրներ էլ ընդհանրապես չուներին վարակվածության ցուցանիշ։

Եվ սա այն դեպքում, երբ ՌԴ բնակչությունը կազմում է շուրջ 146 միլիոն մարդ, իսկ Պակիստանինը՝ 221 միլիոն 854 հազար 070 մարդ։ Մեքսիկան էլ մոտ 128 միլիոն բնակչություն ունի։ Իսկ շուրջ 44 միլիոնանոց Ուկրաինայում ե վարակվածության ցուցանիշը կազմել է 994 նոր դեպք։ 12 միլիոնանոց Բոլիվիայում՝ 1098, 18 միլիոնանոց Ղազախստանում՝ 520, 26 միլիոնանոց Ավստրալիայում՝ եւս 37, 34 միլիոնանոց Ուզբեկստանում՝ +186, իսկ աշխարհի բազում երկրներում՝ ոչ մի դեպք․ Իսպանիա, Ճապոնիա, Պերու, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Քաթար, Կոլումբիա, Նիդերլանդներ, Եգիպտոս, 1,5 մլրդ-անոց Չինաստանում՝ +19, իսկ Կանադայում՝ +331 դեպք։ Այս բոլոր թվերը գալիս են վկայելու, որ ողջ աշխարհում կորոնավիրուսը կա՛մ հաղթահարվել է, կա՛մ նահանջում է, մեզ մոտ ամեն ինչ նոր-նոր է թափ առնում, եւ հիվանդության պիկն էլ կարծես թե դեռ առջեւում է։ Դատելով Արսեն Թորոսյանի չոր-պրագմատիկ հաշվարկներից, ամեն 500 հոգուց Հայաստանում մահանում է 6-7 մարդ։ Ինչո՞ւ է մեզ մոտ այսքան վատ՝ հայի բախտի նման։ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր մի վարկած ունի՝ կանայք շատ են սուրճ խմում, զրուցում են ու վարակվում, տղամարդիկ էլ բակերում նստում, նարդի են խաղում։ Իսկ գուցե պատճառների մեջ պետք է որոնել այն, որ քաղաքի փողոցները, շենքերի մուտքերն ու վերելակները երբեւէ, որեւէ անգամ չե՞ն աղտահանվել։ Կամ այն, որ սկսած այն պահից, երբ հիվանդությունը դուրս եկավ վերահսկելիությունից, որեւէ մեկը չէր կարող երաշխավորել, որ կորոնավիրուսով վարակվածներն ինքնամեկուսացված են, խանութ չեն գնում, գնումներ չեն անում, ավտոբուսով ու տաքսիներով չեն երթեւեկում՝ աշխատանքի, պոլիկլինիկա կամ որեւէ այլ տեղ գնալիս։ Իսկ միգուցե սխա՞լ էր սովետից մնացած ֆորմալ կառույցի՝ ամբուլատոր պոլիկլինիկական համակարգի վրա չհոսպիտալացված հիվանդների վերահսկողությունը թողնելը։

Բայց, ամեն դեպքում, եթե անսալու լինենք Փաշինյանի տրամաբանությանը, խնդիրը հավաքների մեջ է։ Ինչո՞ւ է, ուրեմն, Ազգային ժողովը, ինչպես երեկ հայտարարեց ԻՔ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, շարունակում աշխատանքներն արտակարգ դրության պայմաններում։ Մանավանդ, երբ ԱԺ-ում արդեն կան մի քանի հաստատված դեպքեր անգամ պատգամավորների շրջանում։ Աշխատում է, որպեսզի արտակարգ դրության պայմաններում ընդունի ռեակցիոն օրենքներ․ գույքահարկը 4-8 անգամ բարձրացնելու կամ «սահմանադրական կարգը տապալելու» մասին։

Շատ բարի, իսկ, առհասարակ, գոյություն ունի ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդված՝ սանիտարահամաճարակային կանոնները խախտելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, եթե խոսքը սոսկ հիվանդացության կամ թունավորման դեպքերի մասին է, իսկ եթե նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: