Սիրան Գրիգորյան. Մարդկանց ժամանակը

Սիրան Գրիգորյան. Մարդկանց ժամանակը

COVID-19-ը պատերազմ է, որն Աստծո մոտից երեւի դիմակահանդեսի է նման: Մեզ բաժին է հասել բարի ու աստվածահաճո մի պատերազմ, որի ընթացքում մարդիկ միմյանց չեն սպանում: Մարդկային ժամանակներ են։
Դիմակավորված յոթ միլիարդ մարդիկ հստակ մի բան գիտեն՝ վարակիչ է:

Մի քանի մարդ, կարծեք թե, մի քիչ ավելին գիտի․ ասում են` տեւելու է հինգ տարի, երկու տարուց պատվաստանյութ կստեղծվի, կսովորենք ապրել COVID-19-ի հետ: 

Իհարկե՝ կսովորենք, կապրենք ու կհաղթենք, եթե թույլ տանք, որ մեր կենսատու հույսերի շշուկները խլացնեն մեր թաքուն վախերի ոռնոցները։ Հույսը վարակիչ է։

Այստեղ եւ հիմա մենք կկարողանանք ճախրելով հասնել ուր որ ուզենք, եթե բացենք մեր մտքերի փակ սահմաններն ու քանդենք մեր երազանքները շղթայող փշալարերը։ Ազատությունը վարակիչ է։

Ձանձրույթը, վատատեսությունն ու հուսահատությունն ավելի ծանր հետեւանքներ են թողնում, քան գրիպի բարդացած տեսակները: Ագահությունից էլ են հիվանդանում: Ագահությունն արդեն հիվանդություն է: Սուր վարակիչ հիվանդություն:

Նախանձն ու ատելությունը սպանում են դանդաղ։ Թալանելով։ Վերջում մեղվի պես ուժազուրկ ընկնում ես խայթվածիդ դիմաց` ուշացած գիտակցումով, որ մահից սարսափելին անկյանք գոյությունն էր: 

Երբ իմ սիրո տաճարը փլվեց գլխիս, վերից տեսա ինձ` փալատակների տակ մեռած: Հիմա նույնիսկ չեմ հիշում տաճարի փլուզման առիթը: Եվ արդյոք դա տաճա՞ր էր, թե՞ ծղոտե տնակ: Դժվար թե տաճար լիներ։ Տաճարներն այդպես հեշտ չեն փլուզվում…

Մեղավոր փնտրելը, գտնելն ու դատելը իմ ոսկե ժամանակից մեծ կորուստ էր, կախարդական հայելին ձեռքդ ես վերցնում, մոտեցնում դեմքիդ, հարգալից ժպտում կյանքիդ ամենամեղավորին եւ իմաստնացած հայտնվում հրաշքներով լի մի նոր աշխարհում։

Ես յոթ միլիարդից մեկն եմ, մենք բոլորս մեկ ենք: Աշխարհում բոլորիս ու ամեն ինչի համար տեղ կա, եւ սիրտը Նրա, ով ստեղծել է այս ամենը, բոլորիս համար հավասար է ցավում: Մենք այսօր կանք, վաղը՝ չկանք: Կլինեն նորերը եւ Նա, ով հսկում է մեզ բարձրից։ 

Այստեղ միշտ հաղթելու է բանական մարդը։ Պատմության ավարտի եւ աշխարհի վերջի մասին լուրերը չափազանցված են։ Աշխարհն էլ նույնը չի լինի, անշուշտ, բայց կրթությունն ավելի արագ վերելք կապրի, պետությունների տնտեսությունները նորից կծաղկեն, արվեստները կհորդան, եւ խիտ  բնակեցված քաղաքներն ու մարդաշատությունը մի օր նորից մեզ ապահովության զգացում կպարգեւեն։ Էլ չենք վախենա վարակվելուց։

Սա մարդկանց մոլորակն է, մարդկանց ժամանակն է, մենք ենք այստեղի տերերը: Տանտերերը: Անգամ աստվածներն են մարդանում մեզ մոտ գալիս: Մարդակերպ են գալիս: Եվ մարդաբար հաղթում: Սիրով: Սիրելով։ Սիրո քարոզներով: Սա է ամենից ամուր փրկօղակը։ Սա է պարտությունից դուրս գալու միակ ելքը։ Մնացածն ընթացք է` հանուն սիրո:

Բոլոր թույների հակաթույնն է սերը։ Մենք կփրկվենք, եթե փակենք մեր բերանները եւ բացենք մեր սրտերը։ Սերը վարակիչ է։ 

Ամենախելացի ռոբոտներն անգամ մեզ չեն կարող հաղթել, որովհետեւ սիրել չգիտեն։ Բանական մարդն է արարել արհեստական բանականությունը։ Ռոբոտները կարող են մեզանից լավ աշխատել եւ, ուրեմն, կարող են նաեւ մեզանից խլել մեր գործերը։ Անգամ այդ դեպքում մենք կլինենք նրանց աստվածները։  Մենք` գործազուրկներս, գրքեր կկարդանք, երգեր կլսենք ու կպարենք։ 

Ինձ համար սուրբ գրքերն են բոլոր գրքերից ամենաերկարակյացն ու ճշմարիտը: Տեղ-տեղ անըմբռնելի  ճշմարտանման: Վհատությունից ազատող։ Հուսատու։  Սեր քարոզող… Մեր այս մի կյանքի  ընթացքում մի քանի անգամ արժե կարդալ այդ գրքերը։ Դառնանք երգերին։ Ամեն ձայն երգ է։ Իմ լսած երգերից ամենամեղեդայինը նորածնի ճիչն էր, որ ականջներիցս մաքրեց տարավ  մեռնող ծերունու շնչառության ձայնը։ Իսկ պարերից բան չեմ հասկանում. շարժումը պար է։ Պարն էլ վարակիչ է։

Հիմա վարակվելու ժամանակներ են։ Չթուլանալու։ Ուժեղանալու։ Զգուշանալու։ Մեկուսանալու։ Խաղի կանոններն ընդունելու, դրանք ծածուկ խախտելու եւ այս խաղում հաղթելու ժամանակներ են։ Հիմա միմյանցից վարակվելու պատրաստ խենթերի եւ, ուրեմն, մաքուր սիրո ժամանակներ են, կարոտից անքուն գիշերներ անցկացնելու, թաքուն գրկելու բերկրանքը վայելելու եւ բոլոր տեսակի բացիլները վառող տաք համբույրների ժամանակներ են։ 

Տարիներ անց «COVID-19» լսելիս մենք ժպտանք թե սարսռենք, երկու դեպքում էլ կնշանակի՝ հաղթել ենք այս դիմակահանդես-պատերազմում։ Այդ ժամանակ մի հակաթույն էլ մեր դարի ժանտախտի` քաղցկեղի դեմ գտնված կլինի։

Իսկ մինչ այդ` դիմակահանդեսը շարունակվում է… 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ