ՍԴ նախագահը` դատարանում երրորդ կողմ

ՍԴ նախագահը` դատարանում երրորդ կողմ

Վարչական դատարանում այսօր, դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ, մեկնարկել է «ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ընդդեմ ՍԴ աշխատակազմի» գործով դատական նիստը։

Այս հայցով Ղազարյանը պահանջել էր անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու մասին կարգադրությունը, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը հատուցելուն, նախկինում զբաղեցրած՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, իսկ անհնարինության դեպքում՝ հայցվորին աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի 12-ապատիկի չափով հատուցում վճարելուն պարտավորեցնել։

Այսօրվա նիստին Էդգար Ղազարյանը միջնորդություն ներկայացրեց` նշելով, որ կան բոլոր իրավական հիմքերը` վիճարկվող ակտն ինչպես առոչինչ, այնպես էլ՝ անվավեր ճանաչելու համար, հիմնական հայցադիմումը մնում է ուժի մեջ, հետևաբար՝ վերջնական որոշման կայացումը թողնում են դատարանի հայեցողությանը։ Ղազարյանի խոսքով՝ իրենց հիմնական նպատակը խախտված իրավունքների վերականգնումն է։

Ըստ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի` Արման Դիլանյանը, որը կայացրել է այդ կարգադրությունը, իրավասու չէ, և քանի որ ՍԴ բոլոր որոշումները, կարգադրությունները կազմվում, ստորագրվում և հրապարակվում են ՍԴ աշխատակազմի կողմից, այդ իսկ պատճառով առաջարկել է, որ որպես կողմ ներգրավվի ՍԴ աշխատակազմը։

Դատավորը նշեց, որ, եթե Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված է ոչ պատշաճ պատասխանողի փոխարեն պատշաճ պատասխանողով փոխարինելու գործընթացը, և եթե դատարանը գտնում է, որ հայցը ներկայացվել է ոչ պատշաճ պատասխանողի դեմ, հայցվորի համաձայնությամբ փոխարինում է, իսկ եթե հայցվորը կողմ չէ, նշված անձը կարող է ներգրավվել որպես երրորդ անձ։

Ղազարյանը պնդեց դիրքորոշումը, որ ՍԴ-ն  նախագահ չունի, Արման Դիլանյանը կարող է որպես անձ հանդես գալ, որովհետև ՍԴ-ն աշխատակարգային որոշում չի կայացրել նրան ՍԴ նախագահ ընտրելու վերաբերյալ։

Ի վերջո դատավորը որոշում կայացրեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանին որպես երրորդ անձ ներգրավելու մասին։