Հայ մտավորականության ճգնաժամը

Հայ մտավորականության ճգնաժամը

ԿԳՄՍ նախարար  Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծված իրավիճակն, իհարկե, քաղաքական է: Նրա հրաժարականի խնդիրը գեներացնում է ՀՅԴ-ն: «Հեղափոխության միջնաբերդը» ԵՊՀ բանասիրական ֆակուլտետն է, գաղափարախոսը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը, որի տնօրենը դարձել է թեմայի գլխավոր նյուզմեյքերը: Գլխավոր թեզն այն է, որ բուհերի ոչ մասնագիտական բաժիններում հայոց լեզվի, գրականությանն եւ հայ ժողովրդի պատմության պարտադիր դասավանդումը լուծում է ազգային ինքնության խնդիր: Ի՞նչ է այդ «ազգային ինքնությունը»՝ բարդ ակադեմիական հասարակագիտության կողմից հստակ ձեւակերպված չէ, թեմայով արտահայտվողներ պատմաբաններն ու բանասերները բավարարվում են ընդհանուր-մշուշոտ, առարկայորեն ոչինչ չպարզաբանող ձեւակերպումներով:

Մեր ինքնությանն ի՞նչ է տալիս, դիցուք, 5-րդ դարի դասական կոչվող պատմագրությունը, որի ուղենշային գաղափարը Լուսավորչի պաշտամունքն է: Իսկ մենք գիտենք, որ նա ազգությամբ հայ չէր, պարթեւ էր, որի հայր Անակն սպանել էր Հայոց Խոսրով թագավորին: Հիմա կյանք մտնող հայ երիտասարդին, որ, ասենք, բժշկություն է ուսանում, ինչպե՞ս է բացատրվում Լուսավորչի հայտնությունը Հայոց Տրդատ թագավորի արքունիքում, արքայի «խոզացումը» եւ ապա՝ մկրտությունը: Եւ եթե այդ երիտասարդը հարցնի դասախոսին, թե ինչու՞ ինքը պիտի պաշտի Լուսավորչին, եթե վերջինս այնքա՜ն ավերածություններ է գործել Հայաստանում, փաստացի քաղաքացիական պատերազմ սանձազերծել, որին զոհ են գնացել մի քանի հայ նախարարական տոհմեր՝ ենթարկվելով որձակոտոր բնաջնջման, հայոց պատմություն ուսուցանող դասախոսն ի՞նչ պատասխան է տալու: Արդարացնելու՞ է Լուսավորչին: Բայց ի՞նչ բացատրությամբ: Մեր պատմությունը նման հարցականների պակաս չի թողնում: Նույնը՝ գրականության դեպքում: Ես չեմ պատկերացնում, թե, ասենք, ապագա տնտեսագետին ինչպե՞ս է մատուցվում Պռոշյանի կերտած գործարարի՝ Միկիտան Սաքոյի կերպարը: Կամ՝ Պեպո-Զիմզիմով վեճը: Կամ՝ Րաֆֆու «ծրագրային» անվանված վեպերը, որոնք մեր իրականության մեջ փաստացի կանխածրագրել են Արեւմտյան Հայաստանում հայդուկային պայքարը, մի շարժում, որն իրականության մեջ ծանր, ժողովրդի համար ողբերգական հետեւանքներով պարտություն  է կրել: Պատմաբաններն ու բանասեր-գրականագետները կարողացե՞լ են անկախության այս գրեթե 30-ամյա շրջանում գտնել մի հայեցակարգային լուծում, որպեսզի, օրինակ, ֆիդայական շարժման պատմագիտական մեկնությունն ու անցյալ դարասկզբի իրականության գեղարվեստական արծարծումները հակասության մեջ չլինեն: Մահարու «Այրվող այգեստաններ» վեպը, դիցուք, գեղարվեստական հերքումն է այն ամենի, ինչ ազգային կուսակցությունների գործունեության մասին ասում է հայ պատմագիտությունը:

Չարենցի «Երկիր Նաիրին»՝ առանձնապես, Տերյանի՝ «Չեմ հավատում ես ձեր ճիչերին խանդավառ» տողով սկսվող բանաստեղծությունը՝ նույնպես: Ինչպե՞ս են համադրվում պատմությունը եւ ժամանակի գեղարվեստական ընկալումը, երբ դրանք իրականում հակոտնյա են: Այս եւ այլ խնդիրների շուրջ ուսանողությանը մենք մղում ենք ինքնուրույն վերլուծությունների եւ եզրահանգումների՞, թե ուղղակի թորած-քամած նյութ ենք հրամցնում: Ապագա տնտեսագետին կամ իրավաբանին մենք ուսուցանում ենք իր մասնագիտությա՞ն հայերենը, թե՞՝ բայ-մակբայ-վերաբերական ձանձրույթը, որ նա հեգել- կրկնել է դպրոցական ուսումնառության տասներկու տարիներին: Ահա՝ խնդիրը, հարցը, որի պատասխանն ակնհայտ է դառնում եւս մի հարցով՝ իսկ ինչու՞ ԿԳՄՍ նախարարի դեմ չեն ընդվզում բժշկական կամ տնտեսագիտական համալսարանները, ինչու՞ ապագա իրավաբանները չեն բողոքում, որ ԿԳՄՍ նախարարն իրենց զրկում է ոսկեղենիկ հայոց լեզու սովորելու եւ այդքանով էլ՝ ազգային ինքնության իրավունքից: Այդ համալսարանները, ԵՊՀ մյուս ֆակուլտետները լռում են: Դա շատ խոսուն է, որովհեեւ մի իրողություն է վկայում՝ հայ հասարակագիտական-բանասիրական միտքը ճգնաժամի մեջ է: Հեշտ եւ շահեկան է պետական պատվերի թելադրանքով ,,գիտական վերլությամբ,, ներարկել, որ, ասենք, Չարենցի «Երկիր Նաիրի» պոեմանման վեպում Դաշնակցությունը քննադատված չէ, երեւի եկամտաբեր էր, երբ Թումնայանին նույնպես հռչակում էին այդ ուղղության գաղափարախոս: Որեւէ դժվարություն չի ներկայացրել գրել, որ ,,թեեւ Սասունի ապստամբությունը պարտվեց, բայց միջազգային արձագանքները մեծ էին…« Եւ էլի նման հարյուրավոր էջեր, որտեղ նույնիսկ ոչ հեռավոր անցյալի իրադարձություններն են խեղաթյուրված: Արցախյան Շարժման եւ Հայաստանի անկախացման«,պատմությունից» քերել-հանել-օտարել ՀՀՇ-ի եւ երկրի առաջին նախագահի դերակատարությունը՝ դրա համար պետք է լինել «շատ մեծ անաչառ»: Եւ իրոք գիտական բարձր հմտություն եւ անկողմնակալություն է պետք, որպեսզի պատմությունը սերունդներին ներկայացվի՝ ինչպես եղել է:  «Հասնինք Սասուն, մտնինք վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան» ճոռոմախոսությու՞նն է մեր ինքնությունը: Ամեն պարագայում Նժդեհ ցիտե՞լը: Գերեզմանների «հայրենադարձությու՞նը»: Ապարանում եւս մի խաչ տեղադրելու, ապա «ուտուշ-խմուշի» նստելու ծիսակա՞րգը: Համահայկական շուրջպա՞րը: Ապրիլքսանչորսյան ջահե՞րթը: Եւ արդյոք այս «ուռա-հայրենասիրությունի՞ց» չէ, որ, իբրեւ այլընտրանք, մակաբերվել են բոլոր էքստրավագանտ շարժումները: Ներառյալ՝ այդքան քննադատվող «Հուզանք եւ զանգ» ներկայացումը: Անցյալ դարի 60-ականների հայ բանաստեղծության մոդեռնիզմը հաստատ արդեն տաղտկալի դարձած մասիսաբաղձության այլընտրանքն էր: Մշակութային այդ նոր ինքնաճանաչողության ընթացքը խզվեց 88-ի Շարժմամբ եւ, ցավոք, չի վերակազմավորվում: Որովհետեւ մեր հասարակագիտական մտքի համար անկախությունը դեռեւս արժեք չէ: Հայ մտավորականության ճգնաժամի բուն պատճառը դրանում է, մի վիճակ, որից դուրս գալ նա չի ցանկանում: Ուրեմն հարկ է մղել, որ ճգնաժամը հաղթահարվի: