Բա կռվեիք, կռվեիք, դուրս եկաք ըտեղից․ Ալեն Սիմոնյանը՝ արցախցի լրագրողին

Խորհրդարանում այսօր արցախցի լրագրողներից մեկը Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ է վերադառնալու Արցախ, Սիմոնյանը պատասխանեց՝ երբ խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյո՞ք այժմ արցախցիների վերադարձի հարցով բանակցություններ գնում են, Սիմոնյանը պատասխանեց․
«Դուք դրա մասին շատ լավ տեղյակ եք, երբ որ անվտանգ կլինի՝ այդ հարցը կբարձրացվի, էլ ի՞նչ հարցեր ունեք»։
Լրագրողը հարցրեց՝ ինչո՞ւ է Արցախն անվանում Ղարաբաղ, Սիմոնյանը պատասխանեց․ «Դուք չեք ասու՞մ, որ ղարաբաղցի եք, Ղարաբաղ ա։ Ես քաղաքական գործիչ եմ, եւ ես դեմ եմ, որ այլ երկրի քաղաքացի իմ քաղաքներից մեկը անվանեն ադրբեջանական անուններով։ Ես քաղաքական գործչի էթիկան պետք ա պահպանեմ։ Ձեզ թվում է, թե ես ակտիվիստ եմ ու պետք ա հաճո բաներ ասե՞մ, որ վարկանիշս բարձրանա»։
Ալեն Սիմոնյանը հունից դուրս եկավ լրագրողի հարցերից, ապա ասաց․ «Դուք դուրս եկաք ըտեղից, չնայած կարելի էր մնալ եւ պայքարել մինչեւ վերջ։ Պետք էր կռվել, պետք էր կռվել, դուք դուրս եկաք»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը եւ մյուս ՔՊ-ականները Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում այն պահին, երբ արցախցիները ադրբեջանական օկուպացիայի մեջ էին, փակված էր Լաչինի միջանցքը, արցախցիները հնարավորություն չունեին ո՛չ դուրս գալ, ո՛չ մտնել Արցախ։ Դպրոցականներն անգամ գիտեն, որ Արցախը Ադրբեջանի տարածք է ճանաչել Նիկոլ Փաշինյանը, իսկ արցախցիները մինչեւ վերջին շունչը կռվել են հանուն հայրենիքի։ Ի դեպ, Արցախը ադրբեջանական համարող Ալեն Սիմոնյանը ոչ վաղ անցյալում, իսկ ավելի կոնկրետ ընդամենը 5 տարի առաջ հայտարարում էր, որ «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է...»:
Կարծիքներ