Ամորֆ պետության գաղափարախոսն ու նվիրյալը

Ամորֆ պետության գաղափարախոսն ու նվիրյալը

Հայաստանում դեռեւս զարմանում են միջազգային հանրության, ՌԴ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի կամ այլ ուժերի երեսպաշտությունից, բայց հանդուրժում են Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին ասուլիսում հնչած տխմարաբանությունների շարքը։ Անարդար են համարում նավթադոլարների դիմաց Ադրբեջանին սպառազինությունների խոշոր խմբաքանակներ վաճառելը, մեր զինվորներին եւ խաղաղ բնակիչներին դրանցով թիրախավորելը, բայց Հայաստանի տարածքը թշնամու հետ հրապարակային սակարկման դնելու՝ Փաշինյանի վերջին ասուլիսային «հրավերին» չեն անդրադառնում։

Պատերազմի օրերին ռազմական փորձագետները պնդում էին, թե ընդամենը մեկ օրում Ռուսաստանը կարող է Հարավային ռազմական օկրուգի եւ Կասպից նավատորմի ռեսուրսներով հաղթել Ադրբեջանին՝ առանց այդ երկիր ցամաքային ներխուժման։ Պետք է հիշեցնել, սակայն, որ պատերազմը մեր դեմ էր, ոչ թե Ռուսաստանի։ Եթե որեւէ երկիր Արաքսի հովտում կենտրոնացված ահաբեկիչների որջերին անգամ չհարվածեց, ապա ցամաքային զորք, պարզ է, չէր մտցնելու Արցախ՝ մեր փոխարեն Ադրբեջանի դեմ կռվելու։
Այդ ահաբեկիչները, ի դեպ, տարածաշրջանից չեն հեռացել եւ պատուհաս են դարձել ոչ միայն մեր, այլեւ, օրինակ, Իրանի գլխին, քանի որ Բաքուն անհրաժեշտ պահին կարող է նրանց օգտագործել տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով։ Պատերազմի օրերին պատմվող այն հեքիաթները, թե նրանք Ադրբեջան են գալիս բացառապես թալանի նպատակով, մարտի մեջ չեն էլ մտնում եւ հարցազրույցներ են տալիս, թե իրենց խաբել են, ավելին՝ իրենց չվճարելու դեպքում իբր սպառնում են բռնարարքներ անել Բաքվում, ի չիք դարձան, երբ ահաբեկչության այդ սպառնալիքների մասին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան զգուշացումից այն կողմ ոչ մի միջազգային ահազանգ չհնչեց։ Պայմանական միջազգային հանրությանը, պարզվում է, այդ թեման ընտրողաբար է հետաքրքրում։

Այսօր Բաքվի սադրանքները միայն մարտադաշտում կամ առաջնագծում չեն, այլ նախ՝ հայաստանյան հանրության, խաղաղ բնակչության ուղղությամբ են՝ տեղեկատվական դիվերսիաների տեսքով։ Ռազմաճակատային հաղթանակից արբած՝ Ադրբեջանը փորձում է ստանալ հնարավորինս շատ բան, քանի դեռ նրան այդ ամենը շռայլորեն տվող կա։ Օրինակ, ըստ Փաշինյանի զառանցագին խոստովանության՝ պարզվում է՝ Հայաստանը մինչ այս «ամորֆ» մի պետություն է եղել՝ առանց կոնկրետ սահմանների, իսկ ինքն այն մեսիան է, որը պետք է հստակորեն ուրվագծի մեր պետության սահմանագիծը, ավելի ճիշտ՝ գլխահակ ընդունի թշնամու առաջադրած պայմանները սահմանազատման հարցում։

44-օրյա պատերազմում Ադրբեջանն իր հրետանային միջոցները տեղակայում էր քաղաքացիական բնակչության տների մոտ, ռազմական օբյեկտներին մերձ բնակավայրերի բնակիչները չէին տարհանվում, եւ նրանց քաղաքացիականների շարքում մեր հարվածներից մի քանի զոհ եղավ, ինչը Բաքվի համար անվերջանալի շահարկումների, միջազգային հանրությանը կերակրելու նյութ է: Սյունիքի համար պատերազմում լինելու է ճիշտ հակառակը՝ թշնամին իր դիրքերը, ի հաշիվ մեր բարձունքների, հուսալիորեն հեռացրել է իր սահմանամերձ բնակավայրերից, փոխարենը մեր հենակետերին եւ ռազմական օբյեկտներին հասցվելիք հնարավոր հարվածները կարող են ուղղակիորեն վնաս պատճառել հարեւան բնակավայրերին։ Նահանջի եւ թիկունքը բացելու հանցավոր հրամանների ամենաողբերգական հետեւանքը հենց սա է։

Դավիթ Սարգսյան