Կեղծիք, կեղծիք մինչեւ վերջ
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսին հետեւեց նրա կողմից իր իսկ դատողությունների պարզաբանումը: Դրա անհրաժեշտությունը, բնականաբար, ծագեց, քանի որ բոլոր գիտակից մարդիկ չէին կարող անտարբեր գտնվել ու չքննադատել այդ անձի սխալ ու կեղծ մտքերը: Բայց կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե խուսափեր պարզաբանումից: Քանի որ այն ոչ թե հերթական անգամ մեղքերը բարդեց նախկինների վրա՝ ինչպես ցանկանում էր, այլ բացահայտեց սեփական հերթական կեղծիքները: Ներկայացնենք ըստ իր կողմից նշված հերթականության:
Պարզաբանման առաջին կետում ասվում է, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանը մարզի ադրբեջանական բնակչության մասնակցությունն արձանագրված է Մադրիդյան սկզբունքներում»: Սա ճիշտ է, սակայն մասնակցությունը պետք դրեւորվեր 1991 թվականի բնակչության կազմի համամասնությամբ, ինչի մասին 2019-ին «Արցախը Հայաստան է եւ վերջ» գոռացող անձը, չգիտես ինչու, «մոռանում» է: Սա առաջին կեղծիքն է՝ թույլատրված նրա կողմից, չնայած պարզաբանման մեջ ինքն է խոսում կեղծիքների անթույլատրելիության մասին: Ի դեպ, այս կետում խոսք բացելով ադրբեջանական բնակչության մասնակցության մասին՝ 3-րդ կետում հենց ինքն է խոսում համամասնության մասին: Ինչը ենթադրել է տալիս, որ 3-րդ կետը գրելիս մոռացել էր, թե ինչ է գրել 1-ին կետում: Հետո հիշել է, բայց այլեւս չի վերադարձել 1-ին կետին, որպեսզի ուղղեր այն, այլ շարունակել է 3-րդ կետը՝ շարունակության մեջ փորձելով կրկին մեղավոր գտնել ի դեմս Սերժ Սարգսյանի: Ավելացնեմ, որ գրագետ գրավոր խոսքում նման հակասականություն սովորաբար չի լինում:
Երկրորդ․ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի համար հասկանալի չէ, թե ինչպես կարող է «ԼՂԻՄ-ի 90 տոկոսով ադրբեջանցի բնակչությամբ Շուշին լինել հայկական բնակավայր»: Առաջին հայացքից խիստ տրամաբանական թվացող այդ հարցադրումն ունի իր հակահարցը՝ ինչպե՞ս ստացվեց, որ նախորդ դարասկզբի 100 տոկոսանոց հայկական Շուշին դարավերջում վերածվեց 90 տոկոսանոց ադրբեջանական բնակավայրի: Եվ պատմությունից կհիշենք, որ հայ բնակչությունը կոտորվել է թուրք-ադրբեջանական բարբարոսների կողմից: Մենք, իհարկե, վայրենի ցեղեր չենք, որպեսզի հենց ցեղասպանությամբ լուծենք այդ հարցը: Կան շատ ավելի քաղաքակիրթ ձեւեր, ու դրանք կիրականացվեին, եթե Նիկոլի իշխանության գալով մենք այսօր չկանգնեինք ողջ Արցախը կորցնելու վտանգի առջեւ, էլ չեմ խոսում Հայաստանին սպառնացող վտանգի մասին:
Երրորդ․ կրկին փորձում է մեղքը հանել իր վրայից՝ խոսելով բանակցային գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնելու խնդրի մասին: Եվ կրկին մեղքը բարդում է նախկինների, տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանի վրա: Իր ասելով՝ նա է, որ իրենից առաջ փորձել է Արցախը ներառել բանակցություններում եւ չի հաջողել: Կրկին «մոռանում» է, որ բանակցությունները հասել էին մի հանգրվանի, երբ հայկական կողմերի դիրքերն ավելի քան ամուր էին: ՄԽ համանախագահներն Իլհամին ստիպում էին ընդունել թե՛ Արցախի ինքնորոշման իրավունքը եւ թե՛ գործարկել շփման գծի դիտարկումների մեխանիզմը: Իսկ հետո եկավ «ժողովրդի փրկիչն» ու մսխեց ամեն ինչ: Ու այն, ինչ ընկալվում էր բնական քառօրյայից հետո՝ 2016 կամ 2017-ին, չներվեց իրեն: Բայց դա դժվար է ընկալելը՝ ինչպե՞ս կարող էր Արեւմուտքը «դավաճանել» հայաստանյան «ժողովրդավարության բաստիոնի հիմնադրին»:
Չորրորդ․ պարզաբանման մեջ ներկայացված՝ Արցախի վերջնական կարգավիճակի եւ հանրաքվեին դրվող հարցի վեաբերյալ նիկոլական մտավարժանքները սկզբից մինչեւ վերջ կեղծ են: Կարգավիճակը որոշվել էր արցախյան հաղթական պատերազմով եւ ամրապնդվել էր քառօրյայով: Նույնն էր եւ հանրաքվեի առումով՝ այն պետք է անցկացվեր միայն ԼՂԻՄ տարածքում՝ 1991 թվականի բնակչության համամասնությամբ: Եվ ոչ թե Ադրբեջանի սահմանադրությամբ՝ ինչպես ասուլիսում ասում էր ինքը: Դա՝ մեկ, եւ երկրորդ. հանրաքվեին դրվող հարցն էլ կազմվելու էր ոչ թե Բաքվի կողմից, ինչպես ինքն է ենթադրում, այլ մեր կողմից: Իսկ մենք հաստատ նիկոլական սրտի ցանկացածով չէ, որ պիտի շարժվեինք: Եվ Բաքուն էլ, ուզած-չուզած, պետք է ընդուներ, եթե ցանկանում էր հասնել խնդրի կարգավորման: Քանի որ եթե չընդուներ, ապա ամեն ինչ կմնար նույնը: Կամ եթե գործընթացի կեսից փոխեր մտադրությունը, եւ հինգ շրջանն արդեն տրված լիներ, ապա վերջին երկու շրջանն էլ կմնային Արցախի կազմում՝ ապահովելով ՀՀ եւ Արցախի անմիջական կապը:
Անդրադառնանք նաեւ իր արդարացմանը, թե ինչու է «խոսել բանակցային բովանդակության մեջ ԼՂ ադրբեջանական բնակչությանը վերաբերող դրույթների մասին»: Եվ պատասխանում է, որ նպատակը պատերազմի արդյունքում տեղահանված արցախցիների՝ Արցախում ապրելու իրավունքն է՝ ավելացնելով, որ դա «բանակցային մարտավարության հարց է եւ հետագա քննարկումների խնդիր»: Այս դատողությունը եւս վկայում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ պարտվողականությամբ առաջնորդվելու մտադրության մասին: Ինչ բանակցությունների մասին է խոսքը, եթե հենց այսօր Արցախի մնացած մասում տեղի է ունենում բնակարանաշինություն տեղահանվածների համար: Եվ հերթական անգամ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը խոսում է ոչ թե հայկական, այլ ադրբեջանական կողմի դիրքերից:
Կարծիքներ