Նույնիսկ «պողոսը»

Նույնիսկ «պողոսը»

Նիկոլ Փաշինյանն այնքան տևական ժամանակ է ժողովրդի ականջին «նստեցրել» «թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխություն» արտահայտությունը, որ արդեն չես էլ մտածում բացել այն՝ հասկանալու համար, թե դրանով ի վերջո ինչ է ուզում թավշյա տիրակալը։ 
Բայց արդյո՞ք որևէ բան ասում է։

Սկսենք նրանից, որ բոլոր այն դեպքերում, երբ հարկ է լինում որևէ երևույթի տալ բնորոշ անվանում, ցանկացած մեկը փորձում է լինել հնարավորինս սեղմ, համառոտաբան։ Իսկ Նիկոլի վերոհիշյալ արտահայտությունը ոչ միայն սեղմ ու համառոտաբան չէ, այլև առանձանում է յուրահատուկ տավտոլոգիայով։ «Թավշյա»-ն և «ոչ բռնի»-ն տվյալ համատեքստում հոմանիշներ են՝ մեկը մյուսով բացատրելի։ Հետևաբար, դրանցից մեկն ավելորդ է, և ի սկզբանե պետք էր հրաժարվել ճոռոմաբանությունից։ 

Շատ տարօրինակ իմաստային գործածությամբ է առանձնանում «ժողովրդական» բառը․ այն կարծես «շտապել» է հայտնվել մի տեղ, որտեղ ինքը դեռ չկա։։ Եթե դու հեղափոխության արդյունքում իշխանության եկել ու հագել ես նույն քաղաքական հանդերձները (սահմանադրություն, օրենք-օրենսդրություն), մի՞թե  իրավունք ունես «ապառիկով»  հեղափոխություն անվանելու այն, ինչն արվել է հենց այդ հանդերձանքը ոչնչացնելու (հեղելու) և նորը ստեղծելու (փոխելու) նպատակով։ Եվ բուն առաքելությունը չավարտած՝  շտապել ու անկատար մի բան հռչակել որպես «հեղափոխություն»՝ զավեշտալի է։

Արդյո՞ք մանրախնդրություն չէ, արդյո՞ք պետք էր կենտրոնանալ նիկոլյան «թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխություն» անհեթեթության վրա։ Կարծում եմ՝ այո, որովհետև այդ անհեթեթությունն  իր մեջ խտացրել է ամբողջ այն ներքին հակասականությունը, իրարամերժությունը, անտրամաբանականությունը և պատահականությունը, որ ներհատուկ է այս իշխանություններին։ 

Քաղաքական երևույթ բնութագրող ցանկացած բառ-արտահայտություն եթե իմաստաբանական կեղծիքը սքողում է նաև․․․ տաղաչափությամբ,  ուրեմն գործ ունենք գեղարվեստական կեղծիքի հետ, որն առավել խորշելի է։ «Թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխություն» արտահայտությունը կանխամտածված կերպով կառուցված է յամբ-անապեստ սկզբունքով՝ թավշյա՛ // ոչ բըռնի՛// ժողո՛- // վըրդակա՛ն // հեղա՛- // փոխությո՛ւն, որպեսզի նաև տաղաչափական առումով տպավորիչ լինի այն․․․ արտասանել։ Արտասանել, դիցուք,  հրապարակների հարթակներից, ամբիոններից, ֆեյսբուքներից․․․ 

Իսկ ցավալի ճշմարտությունն այն է, որ իսկապես էլ դա ընդամենն արտասանվում է՝ բովանդակային-իրական որևէ լիցք ու կշիռ չունենալով։Եվ դա նույնիսկ «պողոսն» է սկսում գիտակցել։

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ