Ինքս երբեք հենց այնպես բեմադրություն չեմ անում.Նիկոլայ Ծատուրյան

Ինքս երբեք հենց այնպես բեմադրություն չեմ անում.Նիկոլայ  Ծատուրյան

Գյումրու Վ․Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ 154֊րդ թատերաշրջանի բացմանը նվիրված մամուլի ասուլիս։ Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լ․Հարությունյանը, թատրոնի գեղարվեստական խորհրդատու՝ ՀՀ ժող․ արտիստ, պրոֆեսոր Ն․Ծատուրյանը և դերասան, արվեստի վաստակավոր գործիչ՝ Ս․Գրիգորյանն ամփոփեցին 153֊րդ թատերաշրջանի ստեղծագործական ընթացքն ու ներկայացրեցին նոր՝ 154֊րդ թատերաշրջանի ծրագրերը։

154֊րդ թատերաշրջանի բացումն ազդարարվելու է սեպտեմբերի 20֊ին և 22֊ին՝ ըստ Սամվել Կոսյանի «Թռիչք» ներկայացմամբ, բեմադրության հեղինակ՝ ՀՀ ժող․ արտիստ, պրոֆեսոր Ն․Ծատուրյան:
Ինչպես նշեց Լ․ Հարությունյանը՝ «Այս ընթացքում թատրոնում մեծ աշխատանք է տարվել, փոխվել է դահլիճի գորգածածկը, ինչպես նաև վերանորոգվել են նստատեղերը, որի արդյունքում դահլիճն այսուհետ ունենալու է պարտեր և ամֆիթատրոն: 154֊րդ թատերաշրջանը լինելու է առավել հետաքրքիր և հագեցած նոր թատերական նախագծերով»:

Սեպտեմբերի 25֊ին, 28֊ին և 29֊ին Մհեր Մկրտչյանի անվան փոքր թատրոնում ներկայացվելու է թատերական նոր նախագիծ՝ «Երկնագույն շան աչքերը» դրաման, որտեղ հանդես կգան դերասան Արսեն Միքայելյանը և մայրաքաղաքից հրավիրված դերասանուհի Իննա Խոջամիրյանը։
Պատանի հանդիսատեսի համար կներկայացվի «Բուրատինոյի արկածները» հեքիաթ֊ներկայացումը մեկ գործողությամբ:

Կարևորելով 154֊րդ թատերաշրջանի թատերական կյանքի աշխուժացումը՝ հոկտեմբեր ամսին Մհեր Մկրտչյան փոքր թատրոնում կունենա ևս մի նոր ներկայացում, որը կոչվում է «Բարի լույս, պարոն Մաթևոս», ռեժիսոր՝ Հակոբ Տեր֊Ղուկասյան։

Նոյեմբեր ամսին թատրոնը հյուրախաղերով հանդես է գալու Լիբանանում։

Խոսելով առաջնախաղի և թատերաշրջանի բացման մասին՝ գեղարվեստական խորհրդատու և բեմադրիչ Ն․Ծատուրյանը նշեց․ «Մեծ սպասումով ու սիրով եմ բեմադրել «Թռիչք» ներկայացումը, որը սիրո և ազատության մասին է՝ վանդակից անակնկալ կերպով ազատության մեջ հայտնված թռչունների մասին: Սովորաբար, ինքս երբեք հենց այնպես բեմադրություն չեմ անում, այն պետք է իր թեմայով հուզի հանդիսատեսին։»

Ներկայացման դերակատար Սամվել Գրիգորյանը հավելեց․ «Ինձ համար մեծ պատասխանատվություն է նման դերով հանդես գալը: Պետք է ասեմ, որ փորձերը ընթանում են շատ հետաքրքիր հունով: Համոզված եմ՝ այս ներկայացումը դեռ երկար կյանք կունենա աճեմյանական բեմում»: