Վրաց փորձագետը՝ աբխազական երկաթուղու հեքիաթների մասին

Վրաց փորձագետը՝ աբխազական երկաթուղու հեքիաթների մասին

Ինչպես մեկնաբանում են ռուսաստանցի մեկնաբանները, օրինակ՝ «Ռեգնումի» սյունակագիր Ստանիսլավ Տարասովը, ՌԴ-ում եռակողմ, բարձր մակարդակի  տարածաշրջանային ապաշրջափակման «մեծապետական» ծրագրերի թվում է նաեւ Աբխազիայի տարածքով անցնող աբխազական երկաթուղու վերականգնումը, որը ռուս-վրացական պատերազմի արդյունքում դադարել է գործելուց։ Ենթադրվում է, որ եթե նման ծրագրեր կան, ապա առաջին հերթին վրաց իշխանությունները կլինեն տեղեկացված այդ մասին, սակայն Թբիլիսիում, նման ծրագրերի հետ կապված մեր հարցին ի պատասխան տարակուսեցին։

Մեզ հետ զրույցում վրաց փորձագետ Գելա Վասաձեն ասաց․ «Աբխազիայի երկաթուղու հարցը, կարծում եմ, հանված է, քանի որ նախկինում գոյություն ունեցող գուցե միակ ռացիոնալ պատճառը Ռուսաստանի ու Հայաստանի հետ ճանապարհն էր, բայց սա էլ հանվում է, քանի որ հիմա երկաթուղային բեռնափոխադրումները տրանզիտով հանգիստ անցնում են Ադրբեջանի տարածքով՝ ՌԴ-ից Հայաստան։ Այդ իսկ պատճառով աբխազական երկաթուղու հարցը, կարծում եմ, որեւէ հրատապություն չունի, տնտեսական որեւէ իմաստ․․․ Այլ բան է, եթե խոսում ենք քաղաքական  նպատակահարմարությունից, բայց նորից՝ չեմ պատկերացնում վրացական որեւէ իշխանություն, որը դրա համար իր վրա կվերցնի քաղաքական պատասխանատվություն։ Սա գործնականում անհնար է։ Որ իշխանությունը դա անի այսօր, վաղն էլ իշխանության չի լինի։ Իսկ հակառակ դեպքում՝ առանց Վրաստանի համաձայնությա՞ն պետք է գնացքներ անցնեն»։

Աբխազիայի հարցը, որը վրացիները համարում են ՌԴ-ի կողմից օկուպացված տարածք, հասկանալի է, սակայն ինչո՞ւ է վրացական կողմը համառորեն հրաժարվում «6-ի պլատֆորմից», որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն առաջարկում է Ադրբեջանին, ՌԴ-ին ու Վրաստանին, Իրանին, եթե Հայաստանը ցանկանա, նաեւ՝ մեզ։ Մենք՝ հասկանալի է, իսկ ինչո՞ւ Վրաստանը, որը լավ հարաբերություններ ունի թուրքերի ու ադրբեջանցիների հետ։ Իրենք չէի՞ն կարող այդքան ձեռնտու տնտեսական համագործակցություն ծավալել միմյանց հետ։ Պատասխան․ «Չնայած երկրի նախագահի կողմից եղել է հայտարարություն, որ սա հետաքրքիր է, սրանով  Վրաստանում որեւէ մեկը հիացած չէ։ Մենք Վրաստանում ունենք դեպի արեւմտյան հստակ կողմնորոշում, եւ այդ իսկ պատճառով այդ «6-ի ձեւաչափը» մեզ հարմար չէ»։

Այլ խոսքով, ըստ Վասաձեի՝ ցանկացած ձեւաչափ, որում չկան արեւմտյան գործընկերներ՝ ՆԱՏՕ, ԵՄ եւ այլ մակարդակներ, Վրաստանի համար չէ։

ՀԳ․ Փորձեցինք նաեւ ՀՀ-ում Վրաստանի դեսպանատնից ստանալ մեկնաբանություն, բայց այնտեղ ողջ օրվա ընթացքում զանգերին պատասխանող չեղավ։