Գյումրու նոր մաքսատան տարածքը՝ վեճի պատճառ

Գյումրու նոր մաքսատան տարածքը՝ վեճի  պատճառ

Մի քանի օր է՝ Գյումրու Թբիլիսյան խճուղու բնակիչների բարկությունը չէր  հանդարտվում: Նրանց բարկացրել է փաստը, որ Գյումրու համայնքապետարանը, առանց իրենց կարծիքները հարցնելու, քանդում է այն տնակները, որոնք  կացարան են հանդիսանում բնակիչներից ոմանց համար: Բնակիչների խոսքերով՝ պատճառը նոր կառուցված մաքսատունն է:Համայնքապետարանը ստեղծված խնդրի շուրջ պարզաբանում է, որ տնակները ապօրինի են կառուցվել: «Նոր կառուցված Հյուսիսային մաքսատուն վարչության հարակից Թբիլիսյան խճուղու վերջնամասում դեռ անցած տարվա դեկտեմբեր ամսին ապօրինի կերպով տեղադրվել էին տնակներ և զավթվել համայնքապատկան հողատարածքներ: Տնակներն ապօրինի կերպով տեղադրված անձանց քաղաքապետարանը հորդորել էր հեռացնել տնակներն ու տարածքներն ազատել ապօրինի հողազավթումից, բայց քաղաքապետարանի պահանջը մնացել էր անկատար, քաղաքապետարանը կազմել էր համապատասխան արձանագրություն, իրականացվել էր վարչական վարույթ և հողազավթում իրականացրած անձանց նկատմամբ կիրառվել տուգանք՝ «Վարչական իրավախախտումների մասին օրենքի 48 հոդվածի հատկանիշներով» (պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթել և դրա հետևանքները չվերացնել):
Այս ամիսների ընթացքում տնակներն ապօրինի կերպով տեղադրած անձինք որևէ քայլ չէին ձեռնարկել դրանք տարածքից հեռացնելու և համայնքապատկան հողերն ազատելու ուղղությամբ: Տարածքը հարկադրաբար ազատելու համար համայնքի ղեկավարը ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն դիմել էր խնդրանքով՝ ապահովելու հասարակական կարգը: Տարածք էին ներկայացել նաև տնակներն ապօրինի կերպով տեղադրած անձինք, ովքեր տարատեսակ պատճառաբանություններ էին բերում դրանք տարածքից չհեռացնելու համար, միաժամանակ փորձում խոչընդոտել ապամոնտաժման աշխատանքներին:
Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանն արդեն  խոսել է  տվյալ անձանց հետ, պատասխանել  նրանց հուզող բազմաթիվ հարցերի, տեղում քննարվել են  և առաջ քաշվել առկա խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ: Բազմաթիվ քննարկումների և բանակցությունների արդյունքում տարածքից ապամոնտաժվել է 2 տնակ, իսկ մնացյալ տնակների հեռացման համար ձեռք է բերվել  պայմանավորվածություն, քանի որ տնակ-տաղավարներն ապօրինի կերպով տեղադրած անձիք հիմնավորում էին, թե դրանք ապամոնտաժելիս կքանդվեն, կվնասվեն: Որպեսզի ապամոնտաժման գործընթացի արդյունքում տնակ-տաղավարները և դրանցում առկա գույքը չվնասվի, կողմերը եկել են համաձայնության, որ դրանք ապամոնտաժելու են տնակ-տաղավարներն ապօրինի կերպով տեղադրած անձինք՝ սեփական ուժերով, մինչև հաջորդ կիրակի օրը(փետրվարի 23-ը): Պայմանավորվածությունը խախտելու պարագայում քաղաքապետարանն իր ուժերով տարածքից կհեռացնի տնակ-տաղավարները: Նշենք որ բանակցություններին ներկա էր նաև ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանը»: