Քաղաքապետարանը խնդիրը մասամբ լուծել է

Քաղաքապետարանը խնդիրը մասամբ լուծել է

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, թե դիզվառելիքի մատակարարման խնդիրը, որի պատճառով այսօր հանրային տրանսպորտի մի շարք գծեր չեն աշխատել, իսկ վարորդները բողոքի ակցիա են անում, մի մասը լուծել է, բայց ո՞ր մասն էլուծել ու ինչպե՞ս է լուծել քաղաքապետարանը չի տեղեկացնում․

«Հարգելի համաքաղաքացիներ, 
դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով, այսօր «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։
Այս պահին խնդիրը մասամբ լուծված է։ 

Երևանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը և վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։ 
Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար”,- ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ավտոբուսների վարորդները  բողոքի ակցիա են իրականացնում, ասում են՝ քաղաքապետարանը պայմանագիր ունի կնքած վառելիք ներմուծող ընկերության հետ, որն էլ թերանում է իր աշխատանքում։ 
«Պատերազմին ինչ կարեցանք արեցինք։ Մեկս չեղավ, որ ասեր՝ վախում եմ, չեմ գնում, մենք էինք ուզում գնայինք, ծառայեինք մեր հայրենիքին, բայց հիմա ոնց որ անտեր շուն լինենք։ Հայկ Մարությանը պատերազմի ժամանակ ասում էր՝ տղերք, ձեր ցավը տանեմ, իսկ հիմա մեր հետ սենց ա վարվու՞մ, թե՞ արդեն պրծավ պատերազմը»,- ասել  վարորդներից մեկը։

«Շատ խնդիրներ կան, շատ։ Մենք ոչ մի բանից չենք օգտվում։ Օդանավակայանի աշխատողը սոցփաթեթներից օգտվում է, ի՞նչ է մենք վարորդ ենք, չենք օգտվում։ Ի՞նչ, որ վարորդ ենք, մենք մարդ չենք, հա՞։ Մենք շատ ծանրաբեռնված ենք աշխատում։ Առավոտ 6-ից դուրս ենք գալիս, երեկոյան 11- ին նոր վերադառնում տուն, դուք պատկերացնու՞մ եք։ Հիմա էս վառելիքի պատճառով, որը չեն տալիս, եթե տալիս էլ, են ուշացումով են տալիս, մենք առավոտ գիշերը 4-ին ենք գալիս հերթ կանգնում, որ վառելիք լցնենք։ Այսինքն վարորդը 4 ժամ պիտի քնի՞։ Մենք մարդ ենք տեղափոխում, էդ մեծ, ծանր ավտոբուսով, մեզ մոտ գերհոգնածություն կա ,պիտի մենք հանգիստ լինենք։ Բա էդ տուգանքները, մի հատ գիծ եմ տրորում, 5 հազար, 10 հազար ակտ ա գալիս, այսինքն՝ իմ օրվա աշխատածը, որ պիտի տանեմ տուն, տալիս եմ էլի իրանց, բա էլ աշխատելու իմաստը որն է։ Մեծ ավտոբուս է, կրկնվում եմ, հնարավոր չէ, էդ գծերը չտրորել»,- նշել վարորդներից մյուսը։

Նշենք, որ վառելիք տրամադրող ընկերությունը ամենայն հավանականությամբ CPS-ն է։