Գումարը կա՝ համապատասխան բնակարաններ չկան

Գումարը կա՝ համապատասխան բնակարաններ չկան

Շիրակի մարզպետարանում բնակարանի գնման վկայագրեր հանձնվեցին մարզի չորս՝ Ախուրյան, Հացիկ, Գետք և Քեթի բնակավայրերի երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած 15 ընտանիքի: Ընտանիքներից մեկը, համաձայն նախնական պայմանավորվածության, վկայագրի փոխարեն խնդրել էր տրամադրել վկայագրի համարժեք գումար, կիսակառույցն ավարտին հասցնելու համար:

Բավարարվել էր քաղաքացու խնդրանքը եւ կիսակառույցի շինարարությունն ավարտին հասցնելու համար տրվել էր մեկ տարի ժամկետ:

Նշենք, որ վկայագրերի գումարները հաշվարկվել են կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված մարզի տարածքում գործող գների միջինացվածի արժեքի համաձայն, որն ըստ սենյակների թվի կազմում է՝ 3 մլն. 550 հազար դրամ՝ մեկ սենյականոցի, 4 մլն. 336 հազար՝ երկու, 5մլն. 125 հազար երեք և 5 մլն. 913 հազար՝ չորս սենյականոց բնակարանների համար:

ԲԳՎ ստացած ընտանիքներն, այնուամենայնիվ, տարակուսանքի մեջ են, քանի որ բնակարանների գները  վերջին մեկ տարվա ընթացում շեշտակի բարձրացել են, գումարվել է նաև բնակարանների վաճառքի թվի զգալի նվազումը:

Համայնքներում գրեթե վաճառքի հանված բնակարաններ չկան,իսկ մարզկենտրոն Գյումրիում բնակարանները թանկ են: Ինչևէ, շահառուներին զգուշացրել են, որ բնակարան ձեռք բերելու ժամկետը սեղմ է,սահմանվել է չորս ամիս՝ մինչև դեկտեմբերի 20-ը: Եթե մինչ այդ քաղաքացիները չհասցնեն համապատասխան գումարով բնակարան գնել, վկայագրերը կկորցնեն արժեքը:

Ի դեպ, կառավարության իրականացվելիք ծրագրի համաձայն՝ նախատեսված է մինչև 2020թ-ը ամբողջությամբ լուծել մարզի իննը համայնքների՝ երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած թվով 148 ընտանիքների բնակարանների հարցը:

Նշենք, որ բնակարան գնող կամ կիսակառույց շինությունը վերակառուցող բոլոր ընտանիքների համար տնակների ազատումը տարածքներից մնում է պարտադիր պայման: