Վերընտրվելուց մեկ տարի անց Էրդողանը կարող է էլի նախարարների փոխել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 31-ին հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պարտությունից հետո կարող է մի քանի նախարարների փոխել կառավարությունում։ Այս մասին հայտնում է Sözcü հեռուստաալիքը՝ չհստակեցնելով, թե ովքեր կարող են լքել իրենց պաշտոնները։
Էրդողանի հիմնադրած կուսակցությունը 2002 թվականից ի վեր առաջին անգամ պարտություն է կրել ընտրություններում։ Հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների 37,76%-ը, իսկ ԱԶԿ-ն՝ 35,48%-ը։
Թուրքիայի նախագահն ընդունել է իր կուսակցության պարտությունը և խոստացել է լուրջ հետևություններ անել. երեքշաբթի օրը նրա նախագահությամբ տեղի կունենա իշխող կուսակցության գործադիր կոմիտեի նիստը, որում կքննարկվեն մարտի 31-ի քվեարկության արդյունքները։
Հիշեցնենք, որ Էրդողանը նոր ժամկետով Թուրքիայի ղեկավար է ընտրվել անցյալ տարվա մայիսին կայացած ընտրությունների արդյունքներով․ նա աննշան առավելություն էր ստացել իր գլխավոր մրցակցի՝ այն ժամանակ ՀԺԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ։ Իսկ այս ընտրությունների հետ կապված, թուրք առաջնորդը հայտարարել է, թե դրանք իր համար վերջինն են լինելու իր նախագահության օրոք։
Կարծիքներ