Ոստիկանը մե՞րն է
2018-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ առաջին անգամ հնչեց «ոստիկանը մերն է» արտահայտությունը, եւ «հպարտ» շարքային քաղաքացիներին թվաց, որ ոստիկանությունն այսուհետ պաշտպանելու է իրենց իրավունքները: Ինչ-որ ժամանակ անց պարզվեց, որ շարքային քաղաքացիները, որոնք արդեն դադարել էին հպարտ լինելուց, չարաչար սխալվել են. ոստիկանությունն ինչպես եղել է, այնպես էլ մնացել է իշխանության պահապանը: Ուղղակի մի պահ, երբ ՀՀ երրորդ նախագահն արգելեց ոստիկանապետին դիմել ուժային մեթոդների, ոստիկանությունը «շշկռվեց», ու երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն: Իշխանության բուրգի կատարին հայտնվեց բողոքական զանգվածի առաջնորդ Նիկոլը: Եվ երբ անցավ այդ պահը, ոստիկանությունը տեսավ, որ երկրում կրկին առկա է իշխանություն, ու, սովորության համաձայն, շարունակեց ծառայել իշխանությանը, իմա՝ Նիկոլին: Ոստիկանության «շշկռվածության» հետ միաժամանակ անցավ նաեւ վերջինիս նկատմամբ ձեւավորվող վստահությունը, եւ ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր:
Եվ որպեսզի պատկերն ամբողջական լինի, ավելացնեմ, որ ոստիկանությունը միայնակ չէ իշխանության պահպանման «սուրբ» գործում: Նրան ձայնակցում են երկու քննչական մարմինները, դատախազությունն ու ԱԱԾ-ն: Վերջինս, ի դեպ, ընդհանրապես չպետք է հայտնվեր այս շարքում, քանի որ նրա գործառույթը ոչ թե իշխանության, այլ պետության անվտանգության ապահովումն է: Սակայն, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, այն շարունակում է մնալ իշխանության անվտանգությունն ապահովող կառույցների թվում: Ի դեպ, այսօր՝ ավելի բացահայտ ու խիստ, քան նախկինների օրոք: Եվ բոլոր այդ կառույցները կիսում են ոստիկանության նկատմամբ շարքային քաղաքացիների անվստահության չափաբաժինը: Չնայած, հանուն արդարության, պետք է ենթադրել, որ նիկոլապաշտ հանրության մի մասում, շատ փոքր մասում կարող է պահպանված լինել 2018-ի ապրիլին առկա վստահությունը, եւ երազում այդ մարդիկ մեկ-մեկ բարձրաձայն բացականչեն՝ «ոստիկանը մերն է»:
Եվ իրադրության ողջ զավեշտն այն է, որ պաշտոնական միջավայրում թե՛ ոստիկանությանը վստահող Նիկոլի եւ թե՛ Նիկոլին պահպանող ոստիկանության կողմից բարձրաձայնվում է իրավապահ այդ կառույցի նկատմամբ շարքային քաղաքացիների վստահության առկայության մասին վարկածը: Ենթադրաբար, թե՛ մի եւ թե՛ մյուս կողմին թվում է, թե այսօր ոչ թե 2021-ի հուլիս ամիսն է, այլ 2018-ի ապրիլը: Եվ երկրում տեղի չեն ունեցել բազմաթիվ այլ իրադարձություններ, որոնք կստվերեին 2018-ի ապրիլը: Կամ էլ երկու կողմն էլ հիանալի գիտակցում է այդ փաստը, սակայն իրենց դնում են չիմացողի տեղը՝ մեղմ ասած: Քանի որ այդպես է պահանջում պաշտոնական վարքականոնը, իսկ վերջինս թաթախված է ստի եւ կեղծիքի մեջ: Եվ դա կշարունակվի այնքան ժամանակ, որքան երկրի վարչապետի պաշտոնին կամ դրա ժամանակավոր պաշտոնակատարի դերում հանդես կգա 2020 թվականի աշնանային պատերազմում մեր խայտառակ պարտության թիվ մեկ մեղավոր, այդ պարտության սիմվոլ Փաշինյան Նիկոլը:
Կարծիքներ