Քաղաքականություն

2002-ին Թուրքիայում գործել է 50 ռազմարդյունաբերական ընկերություն, այսօր` 1500

2002-ին Թուրքիայում գործել է 50 ռազմարդյունաբերական ընկերություն, այսօր` 1500

Արցախի վերջին ողբերգական իրադարձություններից առաջ թեպետ ուշացումով, բայց մեկնարկեց Artsakh X ծրագիրը, որը, անկախ ինտերնետի հասանելիությունից, ալտերնատիվ ներքին հաղորդակցության անվտանգ ու պաշտպանված ցանց էր։ Այն գործարկվեց կարճ, սակայն շատ արդյունավետ ձեւով՝ մեզ հետ զրույցում ասաց «Զանգի» հավելվածի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ Արցախում վերջին պատերազմից հետո ստիպված են եղել համակարգը ֆիզիկապես ոչնչացնել, որպեսզի այն չհայտնվի թշնամու ձեռքին, եւ չկարողանան այն ուսումնասիրելով` հետագայում նմանօրինակը ստեղծել։

«Այս կապը շատ ունիկալ, բացառիկ լուծում էր, պետության մակարդակով անվտանգ ներքին կապի համակարգ ստեղծելու առումով, քանի որ եթե ինտերնետից էլ է անջատվում, ներքին ցանցում շարունակում է գործել»,- ասաց Մարտիրոսյանը։

Արցախի իշխանություններին նման ներքին կապի համակարգն իրենք առաջարկել են տեղադրել դեռեւս 2020 թ. պատերազմից առաջ, սակայն երբ Ռուբեն Վարդանյանը պետնախարար է նշանակվել, նրա հետ համաձայնության են եկել, կայացվել է որոշում, ու կապը ներդրվել է։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա իրենք ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներից նույն ռեակցիան են ստանում, ինչ 44-օրյայից առաջ Արցախի իշխանությունների կողմից՝ գովաբանում են ծրագիրն ու դրանով բավարարվում։

Հաշվի առնելով այն, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մեր դեմ պայքարում է 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ զենքերով, արդյոք ՀՀ իշխանությունները ճի՞շտ են ընտրում, թե ինչ զինամթերք ձեռք բերեն, նա ասաց, որ, նախ, զինատեսակը պետք է բաժանել երկու խմբի։ Հիմնականում ձեռք են բերվում համատարած օգտագործման զինատեսակներ, որոնք, իհարկե, պետք է ձեռք բերել՝ հրետանի եւ այլն, ձեռք են բերվում նաեւ տեխնիկական զինատեսակներ։

«Սակայն կա ռիսկ` պատերազմները ցույց են տալիս, հատկապես մեր թշնամու խորամանկությունը եւ նրա` տեխնոլոգիաներ օգտագործելու փորձը ցույց տվեցին, որ նրանք ավելի ինովատիվ եւ կրեատիվ են, քան մենք։ Այստեղ առաջանում է այդ ռիսկը, որ ընդհանուր օգտագործման եւ տեխնոլոգիական մակարդակով մենք գործ ունենք որոշակի անհայտության հետ... Թշնամին համագործակցել է եւ շարունակում է համագործակցել աշխարհի տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ իսրայելական, թուրքական եւ այլն։ Թուրքական ռազմատեխնոլոգիական ոլորտը վերջին տարիներին, կարելի է ասել, թռիչք է գործել, եթե նայենք, օրինակ, 2002 թվականին Թուրքիայում գործել է ընդամենը մոտ 50 ռազմարդյունաբերական ընկերություն, այսօր գործում է 1500 ընկերություն։ Ադրբեջանը ոչ միայն համագործակցում է Թուրքիայի հետ, Դուք պատկերացրեք՝ այդ 1500 ընկերությունը սպասարկում է Ադրբեջանին։ Պատկերացրեք, նմանատիպ ընկերություններ՝ բազմակի բարձր մակարդակով, գործում են Իսրայելում, Պակիստանում, Սերբիայում, որտեղ Ադրբեջանը եւս համագործակցում է, նաեւ՝ այլ երկրներում, որոնց մասին մենք չգիտենք»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Ադրբեջանն ամբողջ աշխարհի ռազմական պոտենցիալն օգտագործում է, եւ մեզ համար ամենավտանգավորն այն է, որ մենք չգիտենք, թե ինչ զենքեր է Ադրբեջանը պատրաստում մեր դեմ։ «2020 թվականի պատերազմի ժամանակ հանկարծ մենք հայտնաբերեցինք, որ իրենք ունեն բայրաքթար եւ կիրառում են դա, մինչդեռ տավուշյան դեպքերի ժամանակ իրենք դա չկիրառեցին, ունեին շատ-շատ զենքեր, որ չկիրառեցին։ Ի դեպ, իրենց սովորական ավիացիան հարվածային առումով ավելի շատ վնասներ տվեց մեզ ՍՈՒ-25-երի միջոցով, քան՝ ԱԹՍ-ները։ Մեր խնդիրն այն է, որ մեր պաշտոնական բանակաշինության պլանավորումը մեզ տանում է նրան, որ մենք պատրաստվում ենք նախորդ պատերազմին, այլ ոչ թե հաջորդին»։

«Տեսնելով ռազմատեխնոլոգիական ոլորտի էվոլյուցիան, պետք է ոչ թե նույնիսկ 2020 թվականի մակարդակին գալ, չնայած մենք դեռ 2020 թվականի մակարդակին էլ չենք հասել, այլ թշնամուց առաջ անցնել»։ Վահրամ Մարտիրոսյանն ասում է, որ հայկական կողմը զենք չի կարողանում ձեռք բերել, որովհետեւ խնդիրը ՀՀ իշխանությունների մեջ է, եւ դա խոսում է նրանց քաղաքական ապիկարության մասին։ Մինչդեռ լավ լուծում կարող է լինել իրանական արտադրության ռազմամթերքը, որը նույնիսկ կարողանում է պայքարել ամերիկյան լավագույն համակարգերի դեմ։ Ամբողջ խնդիրն այն է, որ մեր իշխանությունները չեն կարողանում կամ-կամ-ի քաղաքականություն վարել եւ Իրանի հետ հարաբերություններ կառուցելուց խուսափում են, որ ԱՄՆ-ին «չբարկացնեն»։

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image