Ի՞նչ փուլում է ակադեմիական քաղաքի ծրագիրը

Ի՞նչ փուլում է ակադեմիական քաղաքի ծրագիրը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախօրեին՝ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ակադեմիական քաղաքի նախագծին՝ պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է գտնվում ծրագիրը։ «Ապրիլի վերջին Հայաստան է ժամանել գերմանացի ճարտարապետների խումբ, որոնք եղել են այն տարածքներում, որտեղ պլանավորվում է կառուցել ակադեմիական քաղաքը: Արդեն ստացել ենք նախնական ուսումնասիրության հիման վրա նրանց ներկայացրած առաջարկները, թե ինչ ժամկետներում է հնարավոր մշակել գլխավոր հատակագիծը կամ պլանը: Քանի որ նախատեսում ենք նախագիծն իրականացնել փուլային տարբերակով եւ առաջին փուլով առաջնահերթ ենք համարում արվեստների կլաստերի կառուցումը, հետեւաբար, նրանք ներկայացրել են կոնկրետ առաջարկներ հենց արվեստի կլաստերի վերաբերյալ: Այս պահին ընթանում են բանակցություններ, որպեսզի ամեն ինչ լինի առավել հասկանալի»,- ընդգծել է նախարարը:

Անդրեասյանը տեղեկացրել է, որ զուգահեռ ընթանում են նաեւ այլ աշխատանքներ. ձեւավորվել եւ արդեն գրանցվել է ծրագիրն իրականացնող «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը: Առաջիկայում կձեւավորվի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որը կկառավարի հիմնադրամը: Բացի դրանից՝ ՀՀ կադաստրի կոմիտեն ամփոփել է ակադեմիական քաղաքի համար հատկացված գույքագրման գործընթացը, եւ առաջիկայում կլինեն որոշումներ՝ հիմնադրամին կոնկրետ գույք տրամադրելու վերաբերյալ. «Այսինքն՝ ամեն ինչ գնում է իր ընթացքով, եւ հույս ունենք՝ բավականին արագ անցնել մյուս փուլերին»:

Անդրադառնալով հարցին՝ արդեն հայտնի՞ է, թե ինչ ծախսերի մասին է խոսքը, Ժ․ Անդրեասյանը նշել է, որ այս պահին կա հստակություն՝ առաջին փուլի աշխատանքների արժեքի հետ կապված: Հետագա փուլերի արժեքը կախված կլինի առաջին փուլի արդյունքներից:

«Սակայն այստեղ մենք որդեգրել ենք ավելի ֆունդամենտալ մոտեցում. դիտարկում ենք ոչ միայն ակադեմիական քաղաքը՝ որպես ենթակառուցվածքի կառուցման աշխատանքներ, այլ կարեւորում ենք, որ դրանում ներգրավված լինեն նաեւ բուհական համակարգի կառույցներ, օրինակ՝ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Սա նոր հնարավորություն կընձեռի՝ կարողությունների զարգացման եւ տեղում մասնագիտական ռեսուրսի ձեւավորման առումով»,- շեշտել է նախարարը եւ հավելել, որ երբ աշխատանքները հստակեցվեն, մանրամասն կներկայացվեն նաեւ նախագծային արժեքի հետ կապված դիտարկումները: