Այդ նախարար աղջնակն իմ ուսանողուհին է եղել, ոչնչով աչքի չի ընկել
Արմավիրը ոչ այն է՝ մարզպետ ունի, ոչ այն է՝ չունի։ Արգիշտի Մեխակյանը, որ ՔՊ վարչության նիստում օրերս առաջադրվել էր մարզպետի թեկնածու, անորոշ սպասումների մեջ է։ Մարզպետի պաշտոնում նրան հաստատելու խոսք չեղավ նույնիսկ կառավարության նոյեմբերի 28-ի նիստում։
ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գեւորգ Պետրոսյանից հետաքրքրվեցիք՝ նշանակովի պաշտոնի դեպքում օրինաչա՞փ է արդյոք «թեկնածու» եզրույթը։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը բոլոր թափուր պաշտոններում, կարեւոր չէ՝ ընտրովի, թե՝ նշանակովի, գնում թեկնածուներ առաջադրելու ճանապարհով։ «Իրավական հակադրություն չեմ տեսնում, ուղղակի Փաշինյանը ժողովրդավարություն է խաղում»,- ասաց Պետրոսյանը։ Ըստ նրա՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, թե իբր միանձնյա չի ղեկավարում, իբր հաշվի է առնում թիմակիցների կարծիքը։ «Բայց մենք հո գիտե՞նք՝ ում էլ առաջադրի, կառավարությունը հաստատելու է»,- ասաց Պետրոսյանը։
Գեւորգ Պետրոսյանը չի բացառում նաեւ երկրորդ վարկածը, ըստ որի՝ «ժողովրդավարական» վարչապետը թեկնածու է առաջադրում, բայց թիմակիցներին թաքուն ասում է՝ չքվեարկել նրա օգտին, որպեսզի ցույց տա, թե ինչքան ժողովրդավար է, որ նույնիսկ թիմն է դեմ արտահայտվում իր ներկայացրած թեկնածուին։ Նախկին պատգամավորը Գյումրիում սպասվող արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու գործողություններում վարչապետի կողմից սահմանադրական կարգի տապալման փորձ է տեսնում։ Այդ առիթով Նիկոլ Փաշինյանի օրերս արած հայտարարությունը՝ իր կողմից միջամտության մասին, զարմացրել է իրավաբանին։ «Հանգամանքները ցույց են տալիս, որ վարչապետը պետք է արդեն միջամտի»,- ասել էր Փաշինյանը։ Հղում անելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին՝ Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ պետական մարմինները, պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ։ «Իսկ սահմանադրական որեւէ նորմով վարչապետին միջամտելու իրավասություն տրված չէ։ Իշխանական կուսակցությունն իրավունք չունի անհավասար պայմաններ ստեղծել մյուս կուսակցությունների համար։ Եթե արժանի թեկնածու չունեն, պարտադի՞ր է մասնակցեն ընտրությանը»,- ասաց Պետրոսյանը։
Նա ցավոտ է տանում պաշտոնյաների փոփոխությունը հատկապես ՆԳՆ-ում։ Ըստ նրա՝ նախարարի նշանակումով խախտվեց արդարության սկզբունքը։ Փաշինյանն անտեսեց տասնյակ տարիներ համակարգում անձնվիրաբար ծառայած պրոֆեսիոնալ կադրերին եւ նախարարի պաշտոնը հանձնեց «միջակ ունակություններով աղջնակին»։ «Այդ աղջնակն իմ ուսանողուհին է եղել։ Ոչնչով աչքի չի ընկել։ Օրինակի համար, եթե հարցնեք` որոնք են հետախուզական գործունեության առանձնահատկությունները, կկարկամի-կմնա, որովհետեւ չգիտի, գրագետ չի․․․ Մենք հիմա ապրում ենք բռնապետությունում, որտեղ մեկ անձի ցանկությունը կարող է ներկայացվել որպես հանրության պահանջ։ Եվ այդ մեկ անձն Ադրբեջանի լիազոր դեսպան Նիկոլ Փաշինյանն է»։
Արեգ Մարգարյան
Կարծիքներ