Ապրիլի 24-ն ու Սերժին մերժելը

Ապրիլի 24-ն ու Սերժին մերժելը

«Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ, յուրաքանչյուրն իրավունք ունի ոտքով բացելու կառավարության շենքի դուռը: Ազգային ժողովի այգին պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իրավունք ունի ամռանը հանգստանալ այդտեղ»: Այս մտքերն էր արտաբերում Նիկոլը, երբ փողոցի ճնշման ուժով նշանակվել էր վարչապետ: Նիկոլը հայտարարում էր ողջ աշխարհի առումով աննախադեպ երևույթի՝ հայաստանյան անմիջական ժողովրդավարության մասին (դա որոշակիորեն առկա է Շվեյցարիայում): Նիկոլն ասում էր, որ Հայաստանը վերածվելու է ժողովրդավարության բաստիոնի և իր նշանակմամբ արդեն իսկ վերածվել է: 

Իրականությունը, սակայն, մի փոքր այլ էր, մեղմ ասած, հենց սկզբից: Կառավարության շենքի դուռը 3 միլիոն վարչապետներից ոչ մեկը երբևէ չկարողացավ բացել ոտքով: Ազգային ժողովի տարածքի դարպասները ինչպես բացվեցին մարդկանց համար, այնպես էլ կարճ ժամանակ անց փակվեցին: Հայաստանը ոչ միայն չվերածվեց ժողովրդավարության բաստիոնի, այլև արագ քայլերով գնում է դեպի ամբողջական բռնատիրություն: Իսկ միակ պետական կառույցը՝ Ազգային ժողովը, որ իրավականորեն կարող էր խոչընդոտել այդ ընթացքը, գտնվում է Նիկոլի գրպանում:

Ժամանակին, որպես ընդդիմադիր օրաթերթի գլխավոր խմբագիր և կամ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, Փաշինյանը ձեռ էր առնում ՀՀ երրորդ նախագահին՝ նրան ուղեկցող մեքենաների շարասյան մեծության առումով: Այսօր Փաշինյանին ուղեկցում է կրկնակի ավելի մեքենա:  Չմոռանանք, որ սկզբնական շրջանում վարչապետ Փաշինյանը նույնիսկ հեծանիվով էր աշխատանքի գնում՝ փիառի նպատակով օգտագործելով այդ երևույթը: Կամ էլ դուրս էր գալիս կառավարության շենքից՝ աջ ու ձախ ձեռքով բարևելով և խոսելով անցորդների հետ կամ դիմակներ բաժանելով: Այսօր նա կառավարության մեկ շենքից մյուսը մի քանի հարյուր մետր քայլելու համար ողջ տարածքը շրջափակում է ոստիկականական պատնեշով:

Ինչպես երևում է, դա Փաշինյանի կողմից հաստատված՝ հայաստանյան «անմիջական ժողովրդավարության» իրական դրսևորումն է:

Փաշինյանական անմիջական ժողովրդավարության դրսևորումներից էր նաև ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր նրա այցելության կարգը: Չէ, խոսքը իշխանության երկու ճյուղերի ղեկավարների և անվանապես պետության գլուխ հանդիսացող նախագահի՝ մինչև անմար կրակը մի քանի հարյուր մետր միասին քայլելու մասին չէ: Խոսքն այն հանգամանքի մասին է, որ «3 միլիոն մինուս 3» վարչապետներից ոմանց թույլ չէր տրվել բարձրանալ համալիր մինչև վերին իշխանության ներկայացուցիչների կողմից արարողության ավարտը: Ի դեպ, նշված ոմանց շարքում են եղել նաև ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության որոշ անդամներ: Ահա, այսպիսի անմիջական ժողովրդավարության «պարգևեց» հայաստանցիներին իրեն «փրկիչ» երևակայող գեղցին:

ՀԳ. Նույնն, ի դեպ, կատարվում էր նախկինների օրոք, և «Սերժին մերժելը» որևէ բան չփոխեց մեր կյանքում՝ բացառությամբ պատերազմում մեր պարտության արդյունքում հազարավոր ընտանիքների դժբախտանալն ու Արցախի հսկայական տարածքները թշնամուն հանձնելը:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ