Բաքուն Ռուբեն Վարդանյանին նորից է հարցաքննել` Փաշինյանի տված հարցերի պատասխանները ստանալու համար

Բաքուն Ռուբեն Վարդանյանին նորից է հարցաքննել` Փաշինյանի տված հարցերի պատասխանները ստանալու համար

Այսօր Ռուբեն Վարդանյանի գրասենյակը մի հաղորդագրություն տարածեց, որով ներկայացնում էին Բաքվի բանտում գտնվող Վարդանյանի արձագանքը` Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հարցադրումներին:
Հիշեցնենք, որ Փաշինյանը, պատասխանելով «Հրապարակի» լրագրողի գերիների վերադարձի մասին հարցին, թե` «Ալիեւին ասե՞լ եք, որ, օրինակ, Ռուբեն Վարդանյանին կամ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ինչո՞ւ գերեվարումից չի ազատում, չէ որ նրանք ռազմական իրադրության ժամանակ չեն գերի ընկել», ասել էր, որ մի շարք հարցեր կան: Օրինակ, «ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով ինչ խոստումներով, ու վերջում ասեց՝ գիտեք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում ինքը ով է, որովհետեւ ինքը ոնց որ թե այլ երկրի քաղաքացի է: Մենք ուզո՞ւմ ենք այս հարցերին պատասխան ունենալ, թե՞ չէ»:

Այս հարցադրումները ապշեցրին հայ հասարակությանը, որովհետեւ դրանք ուղղված էին Բաքվի բանտում գտնվող անձին վարկաբեկելուն, իսկ ՀՀ կառավարությունն այսօր մեկ քայլ պետք է անի` ամեն գնով ազատել տա ու հայրենիք վերադարձնի ՀՀ քաղաքացիներին: 
Սակայն պարզվում է ՀՀ եւ Ադրբեջանի իշխանություններն իսկապես սինխրոն են աշխատում` Նիկոլ Փաշինյանը հարցադրումներ է անում, Ադրբեջանի իրավապահները կրկին հարցաքննության են տանում Ռուբեն Վարդանյանին, որի նկատմամբ «գործի քննությունն ավարտելու մասին» արդեն իսկ հայտարարել էին եւ նրան առաջարկում են պատասխանել Նիկոլ Փաշինյանի հարցերին:
Դատելով Վարդանյանի գրասենյակի հայտարարությունից` Ռուբեն Վարդանյանն իր ականջներին չի հավատացել, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կարող է անգամ բանտում գտնվող մարդուն «խփել» եւ չի պատասխանել քննիչների հարցերին` մինչեւ Հայաստանից հաստատում չի ստացել այդ մասին:

Գրասենյակը հաղորդում է. «Ընտանիքի հետ հեռախոսազանգի ժամանակ ստանալով հաստատում, որ նման հայտարարություն իսկապես հնչել է, Ռուբեն Վարդանյանը խնդրել է հանրության համար բաց ձևաչափով փոխանցել իր խոսքը, որը ներկայացված է կից տեքստում՝ հայերեն և ռուսերեն»:

Ահա այդ տեքստը. 

«Առաջին հերթին՝ յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից: 

Երկրորդը՝ եթե վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ուներ, նա հնարավորություն ուներ դրանք ինձ ուղղելու 2022 թվականի նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաև պետնախարարի պաշտոնն էի զբաղեցնում: Ամեն դեպքում, ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարավորությունների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի:

Երրորդը՝ ցանկանում եմ վարչապետին հիշեցնել, որ 2018թ. գարնանը, երբ մենք առաջին անգամ գործընկերներով, չորս հոգով հանդիպեցինք նրա հետ,  ես անկեղծորեն նրան երեք կետ ներկայացրեցի, որոնք պահպանել եմ ու շարունակելու եմ պահպանել.

1. Մենք գործընկերներով չենք ցանկանում և չենք միջամտի Հայաստանի քաղաքականությանը:

2. Մենք զբաղվում ենք բարեգործությամբ՝ անկախ Հայաստանի իշխանությունների նկատմամբ վերաբերմունքից, քանի որ մենք դա անում ենք ժողովրդի համար: Ինձ համար մարդկանց օգնելը մնում է կարևոր հարց և կարևոր մարդասիրական առաքելություն:

3. Միակ բանը, որ կարող է փոխել իմ այդ մոտեցումը, Արցախի ճակատագիրն է:

2020 թվականի պատերազմն ու Արցախի նկատմամբ շարունակվող սպառնալիքը  ինձ համար շրջադարձային եղան, ինչի մասին ես բազմիցս բաց ու հետևողականորեն հայտարարել եմ: Այդ ժամանակից ի վեր իմ բոլոր գործողությունները թելադրված էին Արցախի և նրա ժողովրդի ճակատագրի նկատմամբ մտահոգությամբ:

Հիմա մեր ժողովուրդն ապրում է իր պատմության ամնենաբարդ ու ծանր շրջափուլերից մեկը, բայց ես շարունակում եմ հավատալ, որ չնայած դժվարություններին ու տարաձայնություններին, մենք կկարողանանք հաղթահարել այս փուլը ևս ու կառուցել խաղաղ ու լուսավոր ապագա»:

Սակայն պատմությունը սրանով չի ավարտվում` ՀՀ իշխանությունը եւ նրա «Հայկական ժամանակ» թերթը սրան էլ են արձագանքել` մի ստոր վերնագրով փորձելով արդարացնել Փաշինյանի արածը եւ նորից մեղադրանքներ ու կասկածներ հարուցել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ. «Բաքվի խիստ ռեժիմի բանտում պահվող Վարդանյանին «թույլ են տվել» արձագանքել ՀՀ վարչապետին», սա ՀԺ-ի հրապարակման վերնագիրն է, որը երեւի անձամբ Փաշինյանն է հուշել:

Եթե սրան հավելենք նաեւ Վիկտոր Դալլաքյանի աղջկա օրեր առաջ տված հարցազրույցը ՀԺ-ին, որտեղ նկարագրված էին Նիկոլ Փաշինյանի բոլոր վախերն ու անհանգստությունները, որ Ռուբեն Վարդանյանին բաց են թողնելու, որ գա Հայաստանում իշխանափոխություն իրականացնի, պարզ կդառնա, թե ինչ քստմնելի իշխանության հետ գործ ունենք, որն անգամ Բաքվի բանտում գտնվող մարդուց է վախենում եւ ամեն ինչ անում, որ նա երկար մնա բանտում` միայն թե իր իշխանությանը որեւէ պոտենցիալ վտանգ չսպառնա:

Արեգ Մարգարյան