Հունգարիան պաշտոնապես հրաժարվել է օգնել Կիևին. հայտարարություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պայմանավորվել են, որ Բուդապեշտը չի մասնակցի ՆԱՏՕ-ի ջանքերին՝ ուղղված Ուկրաինայի աջակցությանը, բայց չի էլ արգելափակի դաշինքի համապատասխան որոշումները հուլիսին կայանալիք գագաթնաժողովում։
«Մենք պայմանավորվեցինք, որ Հունգարիան չի արգելափակի այլ դաշնակիցների որոշումները Ուկրաինային երկարաժամկետ օգնության և այն համակարգելու՝ ՆԱՏՕ-ի առաջատար դերի հարցում, բայց միևնույն ժամանակ Հունգարիան չի լինի դրա մաս: Վարչապետ Օրբանը հասկացրել է, որ Հունգարիան չի մասնակցի այդ ջանքերին»,- ասել է Ստոլտենբերգը Բուդապեշտում Օրբանի հետ համատեղ ասուլիսում։ Ստոլտենբերգն ընդգծել է, որ «ընդունում է Հունգարիայի դիրքորոշումը»։
«Մենք պայմանավորվել ենք Ուկրաինային օգնելու հարցում Հունգարիայի չմասնակցելու եղանակների մասին. հունգարական անձնակազմը չի մասնակցի այդ գործողություններին, և հունգարական միջոցները չեն օգտագործվի նրանց աջակցելու համար: Միևնույն ժամանակ, վարչապետն ինձ վստահեցրեց, որ Հունգարիան չի ընդդիմանա այդ ջանքերին՝ դրանով իսկ թույլ տալով բոլոր դաշնակիցներին առաջ շարժվել։ Եվ նա հաստատեց, որ Հունգարիան կշարունակի կատարել իր բոլոր պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- հավելել է նա։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պետք է համաձայնեցվի երկու որոշում՝ Ուկրաինային երկարաժամկետ ֆինանսական օգնության և Կիևին ռազմական մատակարարումների համակարգման գործում ՆԱՏՕ-ի դերի ուժեղացման մասին, ինչը կհանգեցնի Կիևի համար ավելի կանխատեսելի իրավիճակի:
Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ այն ամենը, ինչ անում է ՆԱՏՕ-ն, ուղղված է Ռուսաստանի հետ հակամարտությունը կանխելուն։
Կարծիքներ