Ստեղծվել են ոչ հավասար պայմաններ Արցախի հայ փախստականների և Ադրբեջանի փախստականների համար

Ստեղծվել են ոչ հավասար պայմաններ Արցախի հայ փախստականների և Ադրբեջանի փախստականների համար

Ս.թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահները և Հայաստանի Հանրապետության վարչապետը ստորագրել են Արցախում զինադադարի վերաբերյալ համաձայնագիր: Ռուսաստանի Դաշնությունը Արցախի Հանրապետություն մտցրեց խաղարարար զորամիավորում՝ կասեցնելու հետագա հնարավոր արյունահեղությունը:

Տարօրինակ է, որ ՀՀ վարչապետը, առանց հաշվի առնելու հայ ժողովրդի, ՀՀ Ազգային Ժողովի, սահմանադրական դատարանի և երկրի նախագահի կարծիքները, իրեն իրավունք է վերապահել ստորագրել փաստաթուղթ Արցախի վերաբերյալ՝ չունենալով Արցախի կողմից իրեն տրված մանդատ: Տևական ժամանակ ԶԼՄ-ներով ապատեղեկատվություն է տարածվել ճակատում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչի արդյունքում հանրության և պետական ինստիտուտների թիկունքում տեղի է ունեցել սույն փաստաթղթի ստորագրումը:

Բարձր գնահատելով պատերազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ՌԴ շահագրգռությունը և ողջունելով նրա խաղարարար ուժերի մուտքը Արցախի Հանրապետություն, միաժամանակ շեշտում ենք, որ տվյալ համաձայնագիրը պարունակում է բազմաթիվ ոչ հայանպաստ դրույթներ, որոնք, նախքան կիրառումը, կարիք ունեն պարզաբանման և փոխզիջումային համաձայնեցման:

Մասնավորապես.

1.  Հստակեցված չեն Արցախի Հանրապետության սահմանները և կարգավիճակը:

2. Ստեղծվել են ոչ հավասար պայմաններ Արցախի հայ փախստականների և Ադրբեջանի փախստականների համար: Օրինակ՝ նախատեսվում է Քելբաջարում բնակեցնել Ադրբեջանցի փախստականների, այն դեպքում, երբ այնտեղ արդեն բնակվում են Շահումյանի շրջանից 90-ականներին գաղթած հայ փախստականներ:

3. Հստակեցված չեն 2020թ. պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հադրութի, Մարտակերտի և Մարտունու շրջաններից հայ փախստականների իրենց բնակության վայրեր    վերադարձի հնարավորությունը և ժամկետները:

4. Արձանագրելով այն փաստը, որ պատերազմող կողմեր են հանդիսանում Արցախի Հանրապետությունը և Ադրբեջան-Թուրքիա-ջիահադիստներ ալյանսը, իսկ Հայաստանը չի հանդիսանում պատերազմող կողմ, ապա նրան վերաբերող ցանկացած որոշում՝ մասնավորապես Մեղրիի միջանցքի մասին որոշումը, բացարձակ անընդունելի է:
5. Լեռնային Ղարաբաղի խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու համար ստեղծված Մինսկի խումբը պետք է խստագույնս դատապարտի Թուրքիայի պահվածքը և Եվրամիության ու ՄԱԿ-ի առաջ բարձրացնի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ ԼՂՀ հանդեպ պատերազմ սանձազերծելու, Ադրբեջանի ռազմական գործողությունները նախագծելու և ղեկավարելու, նրան նորագույն ռազմական տեխնիկա տրամադրելու ու   շահագործումը   իրականացնելու, տեռորիստներ ընդգրկելու համար:

Թուրքիային պետք է պարտադրվի մուծելու  խոշոր չափերի տուգանք՝ նպատակաուղղելով այն Արցախում զոհերի ընտանիքների խնդիրները հոգալու, ավերածությունները վերացնելու համար:
Առանց վերը նշված դրույթների հստակեցման, անթույլատրելի է ադրբեջանցիների վերաբնակեցումը Արցախի Հանրապետություն և հարակից տարածքներ:

Ամենայն խորությամբ գիտակցելով ստեղծված իրավիճակի վտանգները, համարում ենք, որ վերը շարադրված կետերի իրականացումը անհրաժեշտ է, որ դառնա քաղաքական օրակարգ, որի լուծմանը  միտված կլինեն հանրության  և պետության բոլոր ինստիտուտները, աշխարհասփյուռ հայ ժողովրդի ողջ ներուժը և արցախյան խնդրի խաղաղ կարգավորման  հարցերին քաջածանոթ երկրների դիվանագիտական կառույցները:

Արցախի և ՀՀ իշխանությունները պարտավոր են վերը նշված հարցերում դրսևորել անսասան կամք ու ջանք՝ ծանր իրավիճակը հայանպաստ ելքի բերելու համար:

Հայաստանի մտավորականների ֆորում, ֆորումի ավագանի
“Քաղացիական խորխուրդ” միավորում
“Հայրենիք ու Պատիվ” կուսակցություն
“Նժդեհյան ցեղակրոն” կուսակցություն
“Հայք” - հայկազուններ կուսակցություն
“Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ” կուսակցություն
Համայքների ռազմավարական ծրագրերի կենտրոն
Համահայկական հիմնախնդիրների գիտավերլուծական կենտրոն
“Մաշտոց միավորում” հասարակական կազմակերպություն
“Զարթոնք ակումբ” հասարակական կազմակերպություն