Թող ճարտարապետներն ու հնագետներն ասեն՝ ի՞նչ արժեք կա դրա տակ թաքնված

Թող ճարտարապետներն ու հնագետներն ասեն՝ ի՞նչ արժեք կա դրա տակ թաքնված

Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու հարցը շարունակում է լայնորեն քննարկվել թե՛ մասնագիտական հանրության, թե՛ հասարակության շրջանում։

Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանն ասում է, որ դեռ 2003-ին, երբ Հանրապետության հրապարակում աշխատանքներ էին տարվում, Լինսի հիմնադրամը չէր նախատեսել, որ այդտեղ պեղումներ կամ որեւէ այլ աշխատանքներ պետք է կատարվեն, որովհետեւ ցանկացած փոփոխություն ենթադրում էր նաեւ գումարային փոփոխություն։ «Դրա համար արագ պեղումներ արվեցին պետության կողմից, ու հողով ծածկվեց այդ տարածքը»,-ասում է Գալստյանը, ով նույնպես լուսանկարներից է ծանոթ  տարածքին:

«Ճիշտ կլինի, որ հնագիտական ուսումնասիրություններ կատարվեն, նոր հետո կարծիք ասվի, բայց դրանք 19-րդ դարի վերջի պարզունակ կառույցների նկուղներ են, հիմքերի պարագծեր, ինչպես նաեւ կոյուղու խողովակներ կան»։ Լուսանկարները նայելո՞վ է ենթադրում, թե ինչ կառույցներ են դրանք, թե՞ ծանոթ է։ «Ինչքան որ հրապարակվել է, այնքանով ծանոթ եմ։ Պարզ է, որ պեղումներն էլ շատ մանրակրկիտ չեն արվել, այլ՝ արագացված տեմպերով»,- ասում է նա ու նկատում, որ հրապարակի ստորգետնյա շերտը պեղելու հարցը պարբերաբար բարձրացվել է, նույնիսկ 2012-ին իր նախագծով մասնակցել է մրցույթի․ «Հանրապետության հրապարակը ձեւափոխել էինք եւ տրանսպորտային հանգույցից վերածել հետիոտն հրապարակի, նախատեսել էինք ստորգետնյա ավտոկայանատեղիներ, ինչպես նաեւ թանգարանների մաս էինք նախագծել, բայց հիմա վստահ չեմ, որ կուզենայի այդ նախագիծն իրականացվի։ Պարզ է, որ նախագիծը գաղափարի համար էր արվում, ո՛չ իրականացվելու»։

Գալստյանը, սկզբունքորեն, որեւէ խնդիր չի տեսնում նախարարի հայտարարության մեջ, բայց կարծում է, որ հրապարակը նախեւառաջ պետք է լավ ուսումնասիրվի, վերջնական նախագիծ արվի, այդ նախագիծն էլ հանրային քննարկման դրվի, որովհետեւ «Հանրապետության հրապարակը, ճարտարապետական տեսանկյունից, Հայաստանի ամենաստացված համալիրներից մեկն է՝ թամանյանական Երեւանի սիմվոլը։ Եվ ոչ միայն Հանրապետության հրապարակի համալիրի մաս կազմող շենքերն են ճարտարապետական տեսանկյունից գլուխգործոցներ, այլ նաեւ հրապարակի անսամբլն է հաջողված, համահարթումն էլ շատ լավ է իրականացված»:

Տիգրան Գալստյանը բնավ այն կարծիքին չէ, որ Հանրապետության հրապարակին չի կարելի ընդհանրապես ձեռք տալ, ավելին․ «Միանշանակ պնդում եմ, որ կամայական փոփոխություններ պետք է արվեն՝ հրապարակն ավելի լավը դարձնելու համար։ Եթե մենք վստահ լինենք, որ նոր նախագիծն ավելի լավը կլինի, ապա խնդիր չեմ տեսնում։ Ուղղակի այստեղ նաեւ հնագետներն ունեն ասելիք, թե ինչքանով է այդ նյութը ցուցադրության արժանի, որովհետեւ հրապարակի տակ ո՛չ բյուզանդական բաղնիք կա, ո՛չ Պոմպեյ, ո՛չ էլ Արտաշատի հնավայր։ Օրինակ, տարբեր երկրների քաղաքային միջավայրերում բացված հնագիտական տարածքներ կան, ուր մարդիկ կարող են ներս մտնել եւ ծանոթանալ, թե ինչպես է, օրինակ, բյուզանդական բաղնիքը կառուցված եղել։ Եթե մի քանի հազար տարվա պատմություն ունեցող որեւէ բան ներկայացվի, հասկանալի է, բայց այստեղ ի՞նչն ենք ներկայացնում, 19-20-րդ դարերի պարզունակ հիմքե՞ր պետք է ներկայացնենք։ Զբոսաշրջիկների համար ինչքանո՞վ դա կլինի գրավիչ։ Ամեն դեպքում, եթե նախարարն արել է հայտարարություն, կարծում եմ՝ լավ մղումներից ելնելով է արել, այսինքն՝ եթե քննարկումների արդյունքում պարզվի, որ նպատակահարմար չէ այդ փոփոխությունը, չեմ կարծում, որ արվի»։ Գալստյանն ի պատասխան հավելում է, որ տեղյակ չէ, թե այդ հարցով ստեղծված աշխատանքային խմբում ովքեր են ընդգրկված։

Պետք է լսել մասնագետների կարծիքը, ընդգծում է նա։ «Թող ճարտարապետներն ու հնագետներն ասեն՝ ի՞նչ արժեք կա դրա տակ թաքնված»,- ասում է նա ու հավելում, որ վերջնական կարծիք ասելու համար պետք է իմանալ, թե ինչ է նախատեսված, ինչ նախագիծ է արվելու, ինչպես է այն ցուցադրվելու․ «Կարելի է շատ լավ ցուցադրել այդ ամենը եւ շատ վատ։ Այդ հատվածը կարելի է նույնիսկ բացել, եթե տակն արժեքավոր հնագիտական հնավայր է թաքնված։

Ցանկացած դեպքում անհրաժեշտ է կատարել հնագիտական ուսումնասիրություններ, հասկանալ, թե ինչ է թաքնված այդ շերտերի տակ, ու դրանից հետո նոր որոշում կայացնել, թե այդ շերտերից որ հատվածն է նպատակահարմար ցուցադրել, նաեւ հասկանալ, թե այդ ցուցադրությունը ճարտարապետական տեսանկյունից ոնց է պետք կազմակերպել, որպեսզի Հանրապետության հրապարակի համալիրին չխոչընդոտի, այլ արժեւորի, որից հետո նոր որոշում կայացվի»։