«Հրապարակ». «Մեկ պատուհանի» սրահը կփոխվի, իսկ ծառայության որա՞կը
Երևանի քաղաքապետարանն ընդլայնում է քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» կոչվող սրահը։ «Երկրորդ մասնաշենքի սպասարկման սրահը փակվելու է, և սպասարկումը մեկ տեղից է իրականացվելու։ Տարածքի հետ կապված` հիմա վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Ավելի են մեծացնում, ընդլայնում տարածքը»,- պարզաբանեցին քաղաքապետարանից։
Սպասարկման կենտրոնը, իրոք, նեղ էր և անհարմար։ Այստեղ մշտապես հերթեր էին գոյանում։ Քաղաքացիներն անգամ նամակը կենտրոնի աշխատողներին հանձնելու համար ստիպված էին լինում սպասել ժամերով։ Նստել-սպասելը քիչ թե շատ տանելի դարձնելու հնարավորություն չկա, և վերանորոգումն անհրաժեշտ էր, բայց զուտ արտաքին բարեփոխումը չի փոխի քաղաքապետարանի մեկ պատուհան ծառայությունը։
Մարդիկ գուցեև համաձայն կլինեն հերթերում տանջվել, եթե համոզված լինեն, որ իրենց հարցերը վերջնական լուծում կստանան, կամ գոնե կկարողանան քաղաքապետարանից իրենց հուզող հարցերի լիարժեք պատասխանները ստանալ։ Պրակտիկան, սակայն, այլ է։ Հաճախ նամակ-դիմումներ բերելուց, ժամերով հերթում սպասելուց հետո քաղաքացուն կարճ ու ոչինչ չասող պատասխան են ուղարկում։ Օրինակ, անցյալ տարի Արարատյան 64 շենքի բնակիչները խնդրել էին քաղաքապետարանից, որ իրենց բակում արգելափակոց տեղադրվի։ Երկու էջանոց դիմումը գրել էին, ստորագրություններ էին հավաքել, բերել էին քաղաքապետարան, ժամերով հերթ էին կանգնել, նամակը հանձնել, հետո օրերով պատասխանի էին սպասել ու վերջում իրենց տառապանքների դիմաց 4 բառ ստացել․ «Հարցը քաղաքապետարանի իրավասությունից դուրս է»։ Թե ինչ անեն, որ մարմնին դիմեն, պատասխանում չէր ասվել։ Այս հարցի պատասխանը ստանալու համար մի նոր դիմում էր պետք գրել ու այդ ամբողջ ճանապարհն անցնել։
Կարծիքներ