Երթեւեկությունը Երեւանում. խնդիրներ եւ լուծումներ

Երթեւեկությունը Երեւանում. խնդիրներ եւ լուծումներ

Որ Երեւանում վերջին տարիներին ճանապարհային երթեևկությունը, մեղմ ասած, դրական էմոցիաներ չի առաջացնում, որեւէ մեկի համար գաղտնիք չէ։ Ցավո՛ք, քաղաքաշինության ոլորտի պլանավորման
պատասխանատուները ժամանակին հաշվի չառան հնարավոր զարգացումները` բնակչության գերկենտրոնացումը, ավտոմեքենաների թվի անհամաչափ եւ արագ աճը՝ պայմանավորված ճանապարհների բացահայտ անբավարար թվով, ասել է թե՝ դրանց կատաստրոֆիկ անհամապատասխանությամբ ավտոմեքենաների թվին։ Անհրաժեշտ էր ձեռնամուխ լինել ենթակառուցվածքների` քաղաքը շրջանցող ճանապարհների, էստակադաների, ստորգետնյա անցումների արագ կառուցմանը: 

Տրանսպորտային միջոցների չափազանց մեծ քանակը, մանավանդ՝ քաղաքի կենտրոնում, փողոցներում և բակերում դարձնում է մեր սիրելի քաղաքը, ըստ էության, համատարած և անկանոն մի հսկայական կայանատեղի։ Ասել, թե ո՛չ մի բան քաղաքային իշխանությունների կողմից չի արվում բարելավման ուղղությամբ, այնքան էլ ճիշտ չէր լինի, քանի որ վերջիններս ավելացնում են ավտոբուսների և տրոլեյբուսների քանակը, նաև փորձում որոշ չափով կարգավորել քաղաքային տրանսպորտի աշխատանքը։ Սակայն այս բոլորը բավականին հեռու է բավարար լինելուց, քանի որ եթե տրանսպորտային միջոցների ավելանալու միտումը պահպանվի, իրավիճակը կտրուկ կվատթարանա։ Նույնիսկ կայանատեղիների վարձի գնի բարձրացումը կարելի է դիտել որպես փողոցները բեռնաթափելու ձգտում։  Միաժամանակ, հանրային տրանսպորտի ոչ բավարար եւ անկանոն աշխատանքը շատերին ստիպում է ձեռք բերել սեփական տրանսպորտային միջոցներ:

Ինչպե՞ս կարելի է հաղթահարել ստեղծված իրավիճակը: Ներկայումս մեծ չափազանցություն չէր լինի ասելը, որ
երկգոտի ճանապարհի գոտիներից աշխատում է միայն մեկը, քանի որ երկրորդը, ըստ էության, ծառայում է միայն որպես կայանատեղի։ Չօգնեց նույնիսկ կայանատեղիի գնի գրեթե տասնհինգ անգամ բարձրացումը։ Ամենայն հավանականությամբ, պետք է աշխատել ճանապարհների թողունակության մեծացման ուղղությամբ։ Իմ կարծիքով, այստեղ լուծումը կարող է միաժամանակ լինել երկու ճանապարհով։

ա) պետք է կառուցվեն ստոր/վերգետնյա բազմահարկ կայանատեղիներ։

Իսկ ո՞վ է ի վիճակի լուծելու այս հարցը։ Միայն քաղաքապետարանն ի վիճակի չէ լուծել այդ խնդիրը.
Անհրաժեշտ է պետական-մասնավոր բիզնես մոդելների կիրառում: Նախ քաղաքապետարանը պետք է մրցույթ հայտարարի բազմահարկ կայանատեղիների կառուցման համար։ Եւ հաղթողին էժան երկարաժամկետ վարկ տրամադրվի։ Նաեւ կարեւոր է, որ մինչեւ կայանատեղին վարորդը երկար չքայլի։     

բ) Ինչ վերաբերում է քաղաքի կենտրոնում խցանումների հարցի լուծմանը, ապա դրա կարեւորագույն տարբերակը կլինի այն, որ օգտագործվի փորձարկված միջոց` շաբաթվա որոշ օրերին թույլ տալ երթեւեկել կենտ համարանիշներ ունեցող ավտոմեքենաներին, իսկ մյուս օրերին` զույգ: Ընդ որում, իմ կարծիքով, ճիշտ կլիներ, որ քաղաքային իշխանությունները ո՛չ միայն տարածք տրամադրեն նշված կառույցների ստեղծման համար, այլև որոշ ժամանակ ֆինանսավորեն դրանց կառուցումը, որպեսզի ապահովվի կայանատեղիների մատչելի վարձավճարը։ Ընդ որում, պետք է շտապել, քանի որ վաղը դա անելը ավելի ու ավելի դժվար կլինի։ 

Դրան զուգահեռ պետք է, վերջիվերջո, վերջնականապես կարգավորել հասարակական տրանսպորտի աշխատանքը։
Այսպիսի օրինակները շատ են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, զորօրինակ՝ Լոնդոնում, ինչի ականատեսն է եղել ձեր խոնարհ ծառան։

Գուրգեն Խաժակյան

ՀՀ վաստակավոր լրագրող