«Հրապարակ». Ագրեսորին չմատնանշեցին

«Հրապարակ». Ագրեսորին չմատնանշեցին

«Մենք հերթական անգամ թերացանք մեր ռազմական հաղթանակը միջազգային դիվանագիտական ոլորտում մատուցելու գործում, որ աշխարհը հասկանա՝ նախահարձակն Ադրբեջանն է։ Մեր ԱԳՆ-ի ուշացած հայտարարությունը, ի տարբերություն Ադրբեջանի հայտարարության, անատամ էր եւ խոսում էր ընդամենը «ներթափանցման» մասին, հետո էլ, չգիտես ինչու, անիմաստ ուրախանում, որ Գվատեմալան Հայաստանի կողքին է։ Այսինքն` դիվանագիտորեն ձախողված ենք, թեեւ բանակն իր գործը փայլուն է անում, բայց մյուս կառույցներն անգործունակ են»,- ասաց նախկին ուժայինը:

Բավարա՞ր էին մեր գերատեսչությունների քայլերն այս օրերին, մասնավորապես՝ դիվանագիտական․ հարցրինք Էդմոն Մարուքյանին։ «Այնքանով, որքանով ես տեղյակ եմ այդ գերատեսչությունների գործողություններից, կարծում եմ` բավարար էին։ Ինչ-որ բան չգիտեմ, որ կարելի էր անել եւ չի արվել, եթե նման բան լիներ, ինքս կոչ կանեի, որ անեին»: Նույն հարցը տվեցինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ «Կարծում եմ` օպերատիվ աշխատանքները շարունակվում են, Հանրապետականը նույնպես հենց առաջին վայրկյանից միջազգային իր բոլոր գործընկերներին ադրբեջանական ագրեսիայի մասին ինֆորմացիա է տվել ու շարունակում է թարմացնել, սակայն մի քանի կարեւոր հետեւություն պետք է անել. միջազգային արձագանքը վկայում է, որ նրանք տարբերության նշան չդրեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ որ Նիկոլ Փաշինյանի հռչակած ժողովրդավարությունը՝ որպես արտաքին այցեքարտ, չի աշխատում: ՀՀ-ում արեւմտյան մի շարք դեսպանատներ, որոնք սատարում են Նիկոլ Փաշինյանին` ներքին քաղաքական ավանտյուրաների հարցում, նույնքան բարյացակամ չգտնվեցին, որպեսզի մատնանշեն բուն ագրեսորին։ Ասել է՝ ներքին քաղաքականությունում Նիկոլ Փաշինյանի առջեւ կանաչ լույս են վառում, իսկ արտաքինում աջակցություն չեն ցուցաբերում․ Փաշինյանը պետք է հետեւություններ անի»: