Արդյոք Բաքուն ուզում է Աղդամի մոնիթորինգային կենտրոնը բերել հայ-ադրբեջանական սահմանի մոտ

Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի մեջլիսի Մարդու իրավունքների հարցերով կոմիտեի ղեկավար Զահիդ Օրուջը երեկ խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծված եւ Աղդամում գործող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը տեղափոխել եւ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի մոտ։ Դա, ըստ ադրբեջանցի պատգամավորի, կարող է լինել Ադրբեջանի /եւ Ռուսաստանի/ արձագանքը, ի պատասխան ԵՄ-ի կողմից Հայաստանում երկու տարով մոնիթորինգային առաքելության հաստատման։
Ադրբեջանցի պատգամավորը հատկապես շեշտել է, որ «Եվրամիությունը հիմքեր է նախապատրաստում՝ քաղաքացիական «փաթեթավորմամբ» դիտորդներին Հայաստանում տեղակայելով, ռեգիոնի՝ հետագայում ՆԱՏՕ-ի ինտեգրմանը»։ Նա ասել է, որ այս խնդիրն իրականացնելու համար Եվրամիությունը ներկայումս ծառայություններ է մատուցում Հայաստանին։ Որքան էլ տարօրինակ կարող է հնչել, սակայն ըստ Զահիդ Օրուջի, եթե Աղդամի կենտրոնը գտնվի հայ-ադրբեջանական սահմանին, այն կապահովի խաղաղություն Հայաստանում, քանի որ «Ադրբեջանը միակ պետությունն է, որն ի վիճակի է Երեւանում խաղաղություն ապահովել»։ Այս առնչությամբ, որքան հայտնի է, Հայաստանից որեւէ արձագանք չի եղել։ Մինչդեռ, հարկ էր որ լիներ, որովհետեւ ոչ Զահիդ Օրուջն է պատահական մարդ, ոչ էլ նրա հայտարարությունը կարելի է համարել ուղղակի օդի մեջ արձակված «փամփուշտ»։ Նկատի ունենալով Ադրբեջան պետությունում տիրող դրվածքն ու բարքերը, կարելի է արձանագրել, որ Օրուջը այս հայտարարություններն արել է առնվազն ադրբեջանական պետության ղեկավարության հետ համաձայնեցնելուց հետո, եթե ոչ` նրանց հրահանգով կամ ցուցմամբ։ Ու դա շատ հետաքրքիր իրավիճակ կարող է ստեղծել թե մեր սահմաններին, թե ռեգիոնում առհասարակ։
Սակայն այստեղ կա նաեւ այլ հարց։ ԵՄ-ից Հայաստանում դիտորդական առաքելության հաստատմանը Ռուսաստանը «հիստերիկ խանդի տեսարանով» արձագանքեց։ Ու հիմա հետաքրքիր է, թե Օրուջի այս հայտարարությունը որքանով է համապատասխանում Մոսկվայի «սրտում» եղածին։ Եթե հաշվի առնենք ռուս-թուրք-ադրբեջանական «կրքոտ սիրո եռանկյունին», չի կարելի բացառել, որ ինչ որ բաներ էլ այս հաշվով նաեւ Մոսկվան է մտմտում։
Կարծիքներ