«Տունը դղրդում է, պատերը ճաք են տվել, ով է այս ընկերության շինթույլտվությունը տվել»․ բունտ է հասունանում

«Տունը դղրդում է, պատերը ճաք են տվել, ով է այս ընկերության շինթույլտվությունը տվել»․ բունտ է հասունանում

Գեւորգ Էմին  8 հասցեի նորակառույց շենքի բնակիչները դեռ չեն հասցրել տան քաղցրությունը զգալ, պատերն արդեն ճաք են տվել։ Շենքի բնակիչները հանգիստ չունեն: Անտառային 158 եւ 120 հասցեներում 10 հարկանի շենք է կառուցվում՝ Գեւորգ Էմին 8 հասցեի շենքի անվտանգության հաշվին։ Քարը քարին չի մնա, եթե «կովշը» շարունակ քերի նորակառույց շենքի հիմքը։ Կառուցապատողը «Նուրազյան Քնսթրաքշն» ընկերությունն է։ 
«Նախագիծն արդեն ունեն՝ 10 հարկանի շենք են սարքում մի բնակելի թաղամասում, որտեղ շենքերը 5 մաքսիմում 7 հարկանի են։ Մասնագետները թող գան տեսնեն՝ անվտանգության կանոնները խախտվել են, մտել են մեր շենքի հիմքի տակ, շենքի ներսում ճաքեր կան»,-ասաց բնակիչներից մեկը։ 

Գեւորգ Էմին 8 հասցեի բնակիչները բազմիցս ահազանգել են Երեւանի քաղաքապետարան, դիմում բողոքներ են ներկայացրել, ապարդյուն։ Շենքի բնակիչները պատմում են, որ կառուցապատողը շինթույլտվությունը չստացած, արդեն բնակարաններ է վաճառել, վստահ լինելով, որ քաղաքապետարանից առարկություններ չի լինի։ 
«Առավոտյան 8։30-ից սկսում են աշխատանքը՝ աղմուկ, շաբաթ-կիրակի` իրենց համար չկա, աշխատում են՝ առավոտից գիշեր։ Տունը դղրդում է, տան պատերն ու առաստաղը ճաքել է։ Մենք դեմ չենք՝ բիզնես է, թող անեն, մենք ասում ենք՝ եթե կոռուպցիոն ռիսկերից ելնելով այս թաղամասում 5 հարկից ավել շինթույլտվություն չի տրվել, իրենք կառուցում են 10 հարկանի շենք։ Ո՞նց է ստացվում՝  նախկինում շինթույլտվություն չի տրվել, բայց այժմ այս ընկերությանը տվել են։ Մենք չգիտենք, թե ում է պատկանում, մենք պահանջում են՝ մեր շենքի անվտանգությունը պահպանել։ Եթե մեր շենքի տակից շարունակեն հանել քարերը՝ շենքը կքանդվի»,-նշեց մեկ այլ բնակիչ։
2024թ․ հոկտեմբերի 30-ին Երեւանի քաղաքապետարանից գրավոր պատասխան են ստացել, որ կառուցապատողը շինթույլտվության հայտ Երեւանի քաղաքապետան չի ներկայացրել։ Սակայն փաստացի այդ ժամանակահատվածում ընկերությունն արդեն բնակարաններ է վաճառել։ Մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթից երեւում է, որ կառուցապատողը շինթույլտվությունը ստացել է հայտը ներկայացնելուց 2 ամիս անց՝ դեկտեմբերի 30-ին, իսկ արդեն 8 օր հետո սկսել է շինարարական աշխատանքները։ Այսինքն՝ կառուցապատողը շինթույլտվություն ստանալու խնդիր չի ունեցել, վստահ է եղել, որ ստանալու է։ Նշենք, որ Երեւանի գլխավոր հատակագիծը հաստատվել է սեպտեմբերի վերջին, նշանակում է՝ կառուցապատողը շինթույլտվությունը ստացել է դրանից հետո։ 

«Մենք իրավաբան ենք վարձել, ով դիմել է քաղաքապետարան, որ այս ընկերությանը շինթույլտվություն տալիս մեզ էլ կանչեն, որ հասկանանք՝ անվտանգության նորմերը պահպանվո՞ւմ է, օրենքի շրջանակներո՞ւմ է ամեն բան, թե ոչ։ Մեզ չկանչեցին այդ նիստին` շինթույլտվությունը տվեցին։ Մենք նամակներ ենք գրել տարբեր կառույցներ, բացասական արձագանք ենք ստացել։ Մի քանի անգամ համատիրության նախագահը զանգել է թեժ գիծ, որ գան ստուգեն՝ ապարդյուն»,-նշեց բնակիչներից մեկը` Դավիթը։

Գեւորգ Էմին 8 հասցեի շենքի բնակիչները պատրաստվում են բողոքի ակցիաներ  անել՝ պահանջելով կառուցապատողից եւ Երեւանի քաղաքապետարանից դադարեցնել քանդման աշխատանքները։ 

Մանրամասն՝ տեսանյութում: