Ողբամ քեզ, հայ իշխանավոր

Ողբամ քեզ, հայ իշխանավոր

2020 թվականի դեկտեմբերի 31-ը ևս Ադրբեջանի նախագահը նշանավորեց հայ ժողովրդի հանդեպ իր հերթական «հաղթական» ցույցով։ Դա նաև հերթական ծաղրն էր մեր իշխանությունների ահաբեկված կեցվածքի, պարտվողական վարքի նկատմամբ։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր երկրում գտնվող հայ զինծառայողները ռազմագերիներ չեն․ նրանք ձերբակալված են և որակվում են որպես ահաբեկիչներ։ Ոչ ավելի, ոչ պակաս։

Ի․ Ալիևի հայտարարությանն անդրադարձել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ մասնավորապես նշելով․ «Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ արձանագրում եմ, որ այս և նման հայտարարությունները կոպտորեն խախտում են հետպատերազմական մարդասիրական գործընթացը և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները: Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ուղիղ հակասում է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին, որը վերաբերում է գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակում իրականացնելուն:

Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայման. նրանք կարգավիճակով ռազմագերիներ են»:

Ա․ Թաթոյանը հարևան երկրի նախագահի հայտարարությանն անդրադարձել է ֆեյսբուքյան իր էջով, երեկ երեկոյան ժամը 20։47-ին։ Ինչո՞ւ է էական ժամանակային այս մանրամասնը։ Ա․ Թաթոյանը բարեկիրթ, պետական մտածողություն ունեցող մարդ է և հիանալի գիտի պետական կառավարման մեջ աստիճանակարգության պահպանման կարևորության մասին։ Եվ ահա Ալիևի հայտարարությունից մեկ օր անց, տեսնելով, որ հայրենի իշխանություններից որևէ «պատկան» անձ կամ մարմին չի արձագանքում դրան, ինքն է վերցրել հայտարարությանն անդրադառնալու պատրաստակամությունը։ Նկատենք՝ խնդրո առարկայի վերաբերյալ ՄԻՊ Ա․ Թաթոյանի գրառումը դիտարկվում է որպես անդրադարձ՝ այն դեպքում, երբ անհրաժեշտ էր խնդրին պաշտոնական Երևանի քաղաքական ԱՐՁԱԳԱՆՔԸ՝ քաղաքական դեմքերի կողմից։ 
Բայց արձագանք՝ չկա։ «Պատկանների» մոտ անպատկառ լռություն է։ Լուռ է ՀՀ ԱԳ նախարարությունը՝ նույնիսկ խոսնակի մակարդակով։ Լուռ է հայոց պանծալի խորհրդարանը՝ իր փառապանծ մշտական հանձնաժողովով (պաշտպանության․․․․․ ևն)․ լուռ է ՀՀ նախագահը, որ պաշտոնի համարժեքությամբ գոնե պարտավոր էր խնդրին արձագանքել։ Լուռ է, ցավոք՝ բնականաբար, ՀՀ վարչապետը։ Ո՛չ մի ձայն, ո՛չ մի ծպտուն։

Եվ ահա այս պաշտոնական լռության ֆոնին ողբերգական թեմային անդրադառնալու մասնագիտական և բարոյական բեռն իր ուսերին է նորից վերցրել Արման Թաթոյանը։
Եվ մեծ գուշակ պետք չէ լինել՝ կռահելու համար, որ շուտով նրա դեմ կսկսվի սոցցանցային մի նոր ֆեյքագրոհ, քանզի նա հանդգնել է բերան բանալ հարևան երկրի «կիրթ և կառուցողական» ղեկավարի հանդեպ, ասել է թե՝ զայրացրել է նրան։

Հ․Գ․։ Ի դեպ, «պարտություն» բառի արմատը «պարտ»-ն է՝ նույնը, ինչ «պարտավորություն» բառի դեպքում։ Եվ ինչպես երևում է՝ պարտության հետ մեր երկիրը թշնամու հանդեպ նաև պարտավորությունների հսկա բեռ է ուսել, որոնցից մեկն էլ այս պարտադրված լռությունն է։
Ողբամ քեզ, հայոց իշխանություն, ողբամ քեզ, հայ իշխանավոր։