ԵՄ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ «դաժան» առճակատման. կրքերը բորբոքված են

ԵՄ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ «դաժան» առճակատման. կրքերը բորբոքված են

Ժամանակն է, որ Եվրամիությունն իր անվտանգությունն ու պաշտպանությունը վերցնի «իր ձեռքը»։
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Բալթյան երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի հեռանկարներին նվիրված մամուլի ասուլիսում, Ֆոն դեր Լեյենի խոսքերը մեջբերում է Deutsche Welle-ն։

«Ակնհայտ է, որ մենք պետք է ուժեղացնենք պաշտպանությունը ողջ ԵՄ-ում», - նշել է ֆոն դեր Լեյենը՝ բերելով Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի օրինակը, որոնք ՆԱՏՕ-ի երկրներից ամենաշատն են ծախսում պաշտպանության վրա՝ համեմատած իրենց ՀՆԱ-ի հետ։

Պատերազմն արդի ժամանակներում ներկայացնում է հսկայական մարտահրավերներ, տեխնոլոգիական խնդիրներ և համակարգում, ավելացրել է նա և հավելել՝  երկրները միայնակ չեն կարող հաղթահարել դա:

ԵՄ երկրներին անհրաժեշտ կլինի ավելի սերտ համագործակցություն «փոխգործունակությունը բարելավելու և ծախսերը նվազեցնելու համար», նախազգուշացրել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Նրա խոսքով, ԵՀ-ն պատրաստում է «Սպիտակ գիրք» եվրոպական պաշտպանության ապագայի վերաբերյալ և այն կներկայացնի ԵՄ առաջնորդներին մինչև մարտի կեսերը:

«Աշխարհն արագորեն փոխվում է: Մեր վաղեմի դաշնակիցը՝ Միացյալ Նահանգները, նոր օրակարգ է սահմանել», - հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Նրա խոսքով, Եվրամիությունը գիտակցում է Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում առկա պոտենցիալ մարտահրավերները և պատրաստ է արձագանքել դրանց. «Եվրամիությունը պատրաստ է կոշտ, բայց կառուցողական երկխոսության Միացյալ Նահանգների հետ։ Բայց մենք գիտակցում ենք նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում առկա պոտենցիալ մարտահրավերները։ Եվ մենք պատրաստ ենք սրան։ Անարդար կամ կամայական հարձակումների դեպքում Եվրամիությունը վճռական պատասխան կտա»:

«Մենք լիովին գիտակցում ենք այն փաստը, որ ունենք մեր մարտահրավերները, որոնք պետք է հաղթահարենք։ Մենք պետք է կատարենք մեր տնային աշխատանքը, այն է՝ կենտրոնանալ Եվրամիության մրցունակության վրա»,- հավելել է նա։