Որոնք են ամենաքաղցր ու վնասակար մրգերը

Որոնք են ամենաքաղցր ու վնասակար մրգերը

Մրգերը, որպես կանոն, համարվում են օգտակար մթերք, քանի որ հարուստ են օրգանիզմի համար շատ կարևոր վիտամիններով ու այլ միկրոտարրերով, ինչի շնորհիվ էլ մասնագետները խորհուրդ են տալիս դրանք մշտական սննդակարգի մասը դարձնել։ Մրգերը ոչ միայն համեղ են, այլև օգնում են պայքարել առողջական որոշ խնդիրների դեմ ու բարելավում են ինքնազգացողությունը, սակայն կան նաև մրգերի այնպիսի տեսակներ, որոնց գործածությունը հարկավոր է սահմանափակել, քանի որ օգտակար տարրերից բացի դրանք պարունակում են նաև հսկայական քանակությամբ շաքար։

The Health Site կայքը ներկայացրել է ամենաքաղցր ու վնասակար մրգերը, որոնք հարկավոր է խիստ չափավոր օգտագործել։

Մանգո

Մանգոն պարունակում է մեծ քանակությամբ մանրաթելեր ու այլ սննդարար նյութեր, սակայն միևնույն ժամանակ ընդամենը մեկ հասած միրգը պարունակում է 45 գրամ շաքար։ Սա է պատճառը, որ առողջական լուրջ խնդիրներից խուսափելու համար մանգոն հարկավոր է խիստ սահմանափակ քանակությամբ օգտագործել։

Բալ

Այս համեղ ու տարածված մթերքը հարուստ է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներով, որոնք շատ կարևոր են առողջության համար, սակայն միևնույն ժամանակ այն հարուստ է նաև շաքարով։ Ընդամենը մի բաժակ բալը պարունակում է 23 գրամ շաքար։

Ձմերուկ

Շատերը վստահ են, որ այս մթերքը կարելի է օգտագործել գրեթե անսահմանափակ քանակությամբ, քանի որ այն 90 տոկոսով բաղկացած է ջրից, սակայն հարկ է հիշել, որ ձմերուկը պարունակում է նաև բավական մեծ քանակությամբ շաքար։ Ձմերուկի ընդամենը մի փոքրիկ շերտը պարունակում է 17 գրամ շաքար, ուստի այն հարկավոր է կիրառել սահմանափակ քանակությամբ։ Այնուամենայնիվ այս միրգը հարուստ է նաև անփոխարինելի էլեկտրոլիտներով, որոնք ամռանը շատ կարևոր են օրգանիզմի համար, ուստի այն սննդակարգից լիովին բացառելու կարիք չկա։

Խաղող

Այս համեղ ու օգտակար մթերքը հատկապես անփոխարինելի է հաճախակի փորկապությունների դեպքում, սակայն հարկ է հիշել, որ այն կարող է նաև վտանգավոր լինել։ Ընդամենը մի բաժակ խաղողը պարունակում է 23 գրամ շաքար, ուստի այն հարկավոր է զգուշորեն օգտագործել։

Տանձ

Շատերը կարծում են, թե տանձը չի դասվում շաքարով հարուստ մրգերի շարքին, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ մեկ միջին չափի տանձի մեջ պարունակվում է 17 գրամ շաքար, ուստի այն չի կարելի չարաշահել։