Կորոնավիրուսի դեմ դժվար է պայքարել այս փնթի պահվածքով 

Կորոնավիրուսի դեմ դժվար է պայքարել այս փնթի պահվածքով 

Մասիսի տարածաշրջանի գյուղերի սննդի վաճառքի շատ կետերում, անգամ՝ «սուպերմարկետ» կոչվող խանութներում, կարծես թե բանից անտեղյակ են, թե մարդկությունն ինչ մարտահրավերի ու վտանգի առաջ է կանգնած: Այդ խանութներում իրավիճակ չի փոխվել. խանութների աշխատակիցներն աշխատում են առաջվա պես՝ առանց ձեռնոցների ու դիմակների: Հաճախորդից վերցնում են փողը, հետո ձեռքով հաց եւ այլ սննդամթերք տալիս մյուս հաճախորդին: Ազատ ժամանակ աշխատակցուհիները հավաքվում են իրար գլխի, զրուցում: Խանութներում կան կուտակումներ՝ առանց սոցիալական հեռավորությունը պահելու: «Սուպերմարկետ» կոչված խանութում համեմունքները բաց տարայով դրված են բանջարեղենի բաժնում, որտեղ բավականին նեղվածք է, եւ երկու-երեք հոգի դժվարությամբ են կարողանում տեղաշարժվել: Այդ բաց տարաները դրված են բավականին ցածր ցուցափեղկերին, որը գրեթե հավասար է գետնին, եւ գնորդների փեշերն ու հագուստը հպվում են բաց համեմունքներին: Հացի թխման ու առաքման խնդիրը նույնպես այստեղ բավականին խոցելի է. հացի արտադրամասեր կան, որոնք գործում են կոյուղատար առուների հարեւանությամբ, ուստի առնետների ու այլ կրծողների, միջատների մուտքն այնտեղ բացառված չէ: Հաց առաքում են մարդիկ, որոնց արտաքինից ու հագուկապից չի կարելի հետեւություն անել, որ նրանք հետեւում են իրենց անձնական հիգիենային:

Բացի այդ, խանութներին բաց հաց են մատակարարում առանց ձեռնոցների, առանց դիմակի, առանց արտահագուստի: Որքան էլ ոստիկանության աշխատակիցները տեղաշարժման թերթիկ պահանջեն անցորդներից, վերջիններս կարող են ցանկացած սուտ պատրվակ նշել թղթի վրա եւ տնից դուրս գալ ու գնալ ընկերների հետ «մի քիչ շփվելու»: Գյուղական բնակավայրերում մարդիկ, հիմնականում տարված իրենց գյուղատնտեսական աշխատանքներով, առանձնապես ժամանակ էլ չունեն հետեւելու լուրերին, կարդալու, հետեւաբար՝ լրջությամբ վերաբերվելու ստեղծված իրավիճակին: Եթե սննդի վաճառքի կետերում չկա վերահսկողություն, ապա կորոնավիրուսը բազմանալու լայն հնարավորություն ունի աչքից հեռու՝ գյուղական վայրերում, որտեղ չկա վերահսկողություն: Ի դեպ, տեղաշարժի թերթիկի մասին, եթե ցանկանանք Ա4 ֆորմատի թուղթ գնել, ապա կարող ենք տեսնել, թե ինչպես է աշխատակցուհին մատը տանում բերանը, թքոտում, որ հեշտությամբ հաշվի թերթիկները: Ավելի լավ է տուգանվել չգործած մեղքի համար, քան վիրուսի վարակակիր թղթեր վերցնել, որ մի ձեւական թուղթ լրացնես։